Հասարակություն

Օրերս Երևան տեղափոխված երկու զինծառայողի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր

Երեկ ԼՂՀ պաշտպանության բանակից երկու վիրավոր տեղափոխվել է Երևան՝ այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնել է ՀՀ Զինված ուժերի ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Կամավոր Խաչատրյանը: Նա նշել է, որ վիրավորներից՝ մեկի պայմանագրային զինծառայող Ալեքսեյ Ավանեսյանի ոտքը, որից վիրաված էր, բժիշկներին չի հաջողվել փրկել։ Նրա ոտքն անդամահատել են։ Կամավոր Խաչատրյանը ներկայացրել է նաև տվյալներ, թե այս պահին ապրիլյան պատերազմում վիրավորում ստացած քանի զինծառայող է բուժում ստանում արտերկրում  ու հայաստանյան հոսպիտալներում:

 

Լեռնային Ղարաբաղից օրերս Երևանի հոսպիտալ տեղափոխված երկու զինծառայողի վիճակը գնահատվում է  ծայրահեղ ծանր։ Ալեքսեյ Ավանեսյանը պայմանագրային զինծառայող է, իսկ  Գուրգեն Սարգսյանը ժամկետային։ Ալեքսեյ Ավանեսյանը երեք օր առաջ էր  մարտական վիրավորում ստացել։ Նա վիրահատվել է, նրա ոտքն անդամահատել են այնպես, որ հետագայում պրոթեզավորում լինի՝ ասում  է ՀՀ Զինված ուժերի ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Կամավոր Խաչատրյանը:

«Քանի որ վիրավորը բավականին արյուն է կորցրել, նրա վիճակն այս պահին ծայրահեղ ծանր է գնահատվում, սակայն վաղը, կարծում եմ, կլինի ծանր: Գուրգեն Սարգսյանի առողջական վիճակը  գնահատվում է ծայրահեղ ծանր, քանի որ  գանգուղեղի հատվածում է վնասվածք ստացել և արհեստական շնչառական ապարատին է միացված»:

Եվ արդեն անդրադարձ ապրիլյան պատերազմում վիրավորված այն զինվորներին, ովքեր այս պահին էլ գտնվում են վերականգնողական կենտրոններում։ Ժամկետային զինծառայող Ավետիս Զարգարյանը վերջապես մեկնում է  Մոսկվա  վերականգնողական բուժում ստանալու: Բուժման ծախսն ամբողջությամբ բարեգործական հիմնադրամն է հոգալու։ Ավետիս Զարգարյանը Ռուսաստանից էր եկել ծառայության, վիրավորվել էր ապրիլի 4- ին։

Ապրիլյան պատերազմի ընթացքում վիրավորված զինծառայողներից երկուսը՝ Արման Լազգյանն ու Ռուբեն Առաքելյանը, ներկայումս բուժվում են արտերկրում, մասնավորապես` Գերմանիայում: Կամավոր Խաչատրյանը ասում է, որ իրենք մշտապես կապի մեջ են ծնողների հետ։ Այս պահին նրանց առողջության վերականգման առումով դրական տեղաշարժ չի արձանագրվել։ Իսկ  ընդհանուր առմամբ ապրիլյան դեպքերից հետո ծայրահեղ ծանր վիճակում գտնվող 9 զինծառայող է եղել, որոնցից ներկայումս շարունակում են վերականգնողական բուժում ստանաալ երեքը։

Երկուսը բուժում են ստանում Կենտրոնակայան կլինիկական հոսպիտալում, իսկ մեկը` «Արթմեդ» բժշկական կենտրոնում: Եվս վեց հոգի կարիք ունեն շարունակական վերականգնողական բուժումների՝ տարբեր վերականգնողական կենտրոններում:   Կամավոր Խաչատրյանը անդրադարձավ նաև ոլորտում տեղի ունեցող բարեփոխումներին, մասնավորապես նշեց, որ  ԱՄՆ հովանու ներքո պատրաստել են  սանիտար հրահանգիչ մասնագետներ։ Ասում է, որ չնայած  ապրիլյան պատերազմի օրերին իրենք կարողացել են  վիրավորներին շատ արագ հասցնել հոսպիտալ՝ պահպանելով՝ այսպես ասենք ոսկե մեկ ժամի կանոնը, սակայն սան  հրահանգիչների  անհրաժեշտությունը հատկապես զգացվել է առաջնագծում:

Մեկ վիճակագրություն ևս.  2016թ.- ի ընթացքում բանակում վիրուսային հիվանդություններով պայմանավորված մահվան դեպքեր չեն գրանցվել՝ չնայած նախորդ տարվա ձմռանը արձանագրված համաճարակին՝ ասած գնդապետ Խաչատրյանը։

Ցուցադրել ավելի
Back to top button