Մշակույթ

Վլադիմիր Վիսոցկի այսօր կդառնար 79 տարեկան


Երգիչ, երգահան, բանաստեղծ ու դերասան Վլադիմիր Վիսոցկի. հունվարի 25-ը նրա ծննդյան օրն է: Սիրված արվեստագետը  ծնվել էր 1938 թվականին` Մոսկվայում: Վիսոցկին ստեղծել է բազմաթիվ դերեր, ինչպես թատրոնում այնպես էլ կինոյում, բայց ժամանակակիցների մեջ մնաց ու ապրեց որպես մեծ պոետ: Վլադիմիր Վիսոցկին գրել է ու կատարել է 700-ից ավելի երգեր, որոնք այսօր էլ արդիական են:

 

Խորհրդային ժամանակշրջանի ամենահակասական կերպարներից մեկը, իշխանությունների կողմից անտեսված, բայց դեռևս կենդանության որոք համաժողովրդական սեր ու ճանաչում ձեռք բերած Վլադիմիր Վիսոցկին: Նրա երգերով մեծացավ մի ամբողջ սերունդ ու այսօր էլ նրա խոսքն արդիական է: Վլադիմիր Վիսոցկին գրել է ու կատարել է 700-ից ավելի երգեր, որոնցից շատերը խախտում էին խորհրդային գրաքննության բոլոր սահմանները:

Ու թեև դրանցից շատերն արգելված էին, բայց Վիսոցկին հասցրեց ունենալ հարյուրավոր համերգներ Ռուսաստանում, Միացյալ Նահանգներում, Բուլղարիայում, Ֆրանսիայում, Կանադայում: Կինոյում նա խաղացել է մոտ երեսուն դեր, ամենահայտնին ու սիրվածը Ժիգլովի դերն է` «Հանդիպման վայրը փոխել չի կարելի» հայտնի սերիալում, բայց Վիսոցկին եղավ ու մնաց Տագանկայի դերասան, որտեղ խաղաց իր առաջատար թատերական դերերը, իսկ Լյուբիմովի հետ ստեղծագործական միությունը թատրոնին մեծ ժողովրդականություն բերեց:

Վլադիմիր Վիսոցկու սիրտը կանգ առավ 1980 թվականի հուլիսի 25-ին: Մոսկվայում այդ շամանակ Օլիմպիադան էր: Փոքրիկ մահախոսականը կորավ սպորտային ռեկորդների ազդագրերի արանքում: Այդ Հաղորդագրության համար «Երեկոյան Մոսկվա» թերթի խմբագիրն, ի դեպ, զրկվեց պաշտոնից: Ու թեև նրա մահվան վերաբերյալ պաշտոնական տեղեկատվություն չկար, բայց Վիսոցկուն վերջին հրաժեշտը տալու համար մեծ թվով մարդիկ էին հավաքվել: Թաղման օրը բաց պատուհաններից հնչում էին Վլադիմիր Վիսոցկու երգերը:

Որքան էլ զերծ մնանք ամենուր հայկական հետք փնտրելու գայթակղությունից, այս դեպքում չենք կարող չարձանագրել մի քանի ուշագրավ փաստեր. Վլադիմիր Վիսոցկուն «հայտնաբերել» է նրա մտերիմ ընկերը` Լևոն Քոչարյանը, հայտնի ասմունքող Սուրեն Քոչարյանի որդին, ով ընկերական հավաքույթներում ձայնագրել էր դեռևս անհայտ Վիսոցկու երգերն ու տարածել մտերիմների շրջանում:

Արվեստագետի կնոջ` Մարիա Վլադիի և բազմաթիվ ժամանակակիցների պնդմամբ Վիսոցկին մեծագույն սիրով է կապված եղել իր հայուհի մայրացուի հետ. «Մամա Ժենյա».ահա այսպես էր անվանում նա իր խորթ մորը` Եվգենիա Լիխալատովային, օրիորդական ազգանունը` Մարտիրոսովա: Վլադիմիր Վիսոցկու մտերմագույն ընկերներից էր գրող, գրականագետ, թարգմանիչ և արվեստաբան Դավիթ Կարապետյանը:

Նրանց հախուռն կյանքի մասն է կազմել Վիսոցկու այցը Երևան և նրա համերգները ԿԳԲ-ի հայտնի ակումբում: Վիսոցկու մահվանից ուղիղ 10 տարի անց, 1990 թվականի հուլիսի 25-ին Երևանը հրաժեշտ տվեց Սերգեյ Փարաջանովին, ում հետ բազմաթիվ շփումներ էր ունեցել տաղանդավոր բարդը: Վիսոցկու մեկ այլ մտերիմ բարեկամը` Լեոնիդ Ենգիբարյանը ևս իր երկնային կյանքին հրաժեշտ է տվել հուլիսի 25-ին` 1972 թվականին:

Սքանչելի մի բանաստեղծություն Վիսոցկին նվիրել էր Ենգիբարյանին, ում մահը ցնցել էր նրան: Եթե նշված փաստերն ու հայկական հետքն ընդհանրապես բացակայեին արվեստագետի կյանքից, միևնույնն է, կարելի էր վստահաբար պնդել, որ Վլադիմիր Վիսոցկին եղել է մի ամբողջ դարաշրջան , այդ թվում նաև խորհրդային Հայաստանի համար: Անկախ Հայաստանում ևս նրա երգերը արդիական են: Այդ երգերի լավագույն կատարողներց է համարվում Ռուբեն Եղոյանը

Ցուցադրել ավելի
Back to top button