Տնտեսական

Սննդաբան. Գենետիկորեն չփոխված սնունդ այլեւս չկա


Այսօր սննդի շուկան սպառողին մեծ ընտրության  հնարավորություն է տալիս և տեսականու, և գնի իմաստով: Բայց շատ հաճախ մեր առօրյայում օգտագործվում է սնունդ, որի կենսաբանական ծագման մասին գրեթե ոչինչ չգիտենք: Չգիտենք, թե արդյո՞ք այդ սննդամթերքը պատրաստված և աճեցված է բնական պայմաններում,  արդյո՞ք այն բացասական ազդեցություն չի թողնում մարդու օրգանիզմի, առողջության և շրջակա միջավայրի վրա: Գիտնականներն արդեն ապացուցել են, որ գենետիկորեն ձեւափոխված սնունդը՝ ԳՁՕ-ն լիովին անվտանգ է և նույնիսկ անխուսափելի, բայց հասարակությունը անտեղյակության պատճառով շարունակում է խուսափել նման սննդամթերքից՝ նշում է սննդաբան Հասմիկ Աբովյանը: Համաձայնելով սննդաբանի հետ՝ սպառողների իրավունքների խնդրով զբաղվող մասնագետը ընդգծել է, որ  ԳՁՕ պարունակող սննդամթերքը պետք  է մակնշվի, որպեսզի սպառողը ընտրության իրավունք ունենա, ինչը սակայն չի արվում:

 

Ուր են անհետացել համեղ հայկական լոլիկները և վարունգները, ինչու կարտոֆիլն այլևս առաջվա համը չունի. սննդաբան Հասմիկ Աբովյանը դժվարանում է պատասխանել, բայց որ գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների հետ  այս ամենը որևէ կապ չունի՝ վստահ է: Ավելին՝ անգամ գիտականորեն է ապացուցվել, որ ԳՁՕ-ի օգտագործումը լիովին անվտանգ է և նույնիսկ անխուսափելի:

Իրականում ԳՁՕ-ն գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմներ են, որոնցում առկա է օտար գեն: Այլ կերպ ասած, գիտնականները վերցրել են մի կենդանի արարածի գենը եւ փոխպատվաստել են մեկ այլ տեղ: Ձկան գենով լոլիկները հավանաբար ոչ ոքի համար նորություն չեն: Սակայն այն ոչ թե փոխում է համը, այլ՝ դիմացկունություն և շատ ավելի գրավիչ տեսք է հաղորդում լոլիկին և բոլոր մյուս մթերքներին, որոնց մեջ առկա է օտար գեն՝ հավաստիացնում է սննդաբանը: Իսկ մտավախություններն ու զանազան այլ խոսակցությունները, իբրև նման սննդամթերքը կարող է բացասական ազդեցություն ունենալ և լուրջ հետևանքներ թողնել, իրականում ֆանտաստիկայի ժանրից են:

Մինչ սննդաբանը բացատրում է ԳՁՕ-ների դերն ու նշանակությունը, մեր հասարակությունը շարունակում է խուսափել նման սննդամթերքից  և դժգոհությամբ նկատում, որ անգամ ընտրության հնարավորություն չունեն, քանի որ մակնշումը բացակայում է:

Եվ իսկապես որքան էլ գենետիկորեն ձևափոխված սնունդն անվտանգ լինի, այն պետք է պարտադիր մակնշվի, սպառողը պետք է իմանա ինչ է գնում՝ նկատում է «Սպառողների խորհրդատվական կենտրոն» ՀԿ-ի նախագահ Կարեն Չիլինգարյանը:

Մինչ սպառողների իրավապաշտպանն անդրադառնում է օրենքին և մակնշման բացակայությանը, սննդաբանը նկատում է, որ մակնշումը տվյալ դեպքում բոլորովին անիմաստ է, քանի որ լիովին բնական արտադրանք առանց որևէ օտար օրգանիզմի մեր իրականության մեջ վաղուց արդեն չկա:

Սննդաբանը  վստահ է. որոշ անբարեխիղճ տնտեսվարողներ պարզապես օգտվում են հասարակության անտեղյակությունից։

Ցուցադրել ավելի
Back to top button