ԿարևորՀասարակություն

Նահանջ չկա, բայց կա միտում. կոռուպցիայի ընկալումը՝ ըստ ԹԻ ինդեքսի


Բացարձակապես կոռումպացված կամ  ընդհանրապես  չկոռումպացված երկիր աշխարհում չկա: Կոռուպցիայի ընկալման առումով ամենավատ վիճակում Սոմալին է, որը 10 տարի շարունակ այդ դիրքերում , լավագույն արդյունքը Դանիայինն ու Նոր Զելանդիայինն է: Թրանսփերենսի ինթերնեշնլ միջազգային հակակոռուպցիոն կազմակերպությունը հրապարակել է «Կոռուպցիայի ընկալման ինդեքս-2016»-ը: Սա  ամենամյա հետազոտություն է, որում աշխարհի երկրները դասակարգվում են՝ ըստ հանրային  ոլորտում կոռուպցիայի մակարդակի վերաբերյալ փորձագետների ու գործարարների գնահատման: Հայաստանյան ցուցանիշները էականորեն չեն փոխվել, որոշակի նահանջ, սակայն, գրանցել են:

Կոռուպցիայի ընկալման հայաստանյան համաթիվը 2016-ին 2015-ի համեմատությամբ նվազել է 2 նիշով՝ 33  նախորդ տարվա  35-ի փոխարեն:  Վիճակագրորեն խոսքն առայժմ ոչ թե նահանջի, այլ նահանջի միտումի մասին է՝ ասում  է Թրանսփարենսի Ինթերնեշնլ  հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը:

«Առայժմ կարող ենք խոսել միայն միտումի մասին: 2014-ից Հայաստանի ցուցանիշը փոքր նիշերով իջնում է ներքև, դրանք որակական առումով նահանջ չեն, բայց տարիների կտրվածքով միտում են նահանջի մասին»:

2014-ին, մասնավորապես կոռուպցիայի ընկալման հայաստանյան համաթվի արժեքը 37-էր, 2015-ին՝ 35, հիմա արդեն՝ 33:  Ըստ Թրանսփերենսի ինթերնեշնլի մեթոդաբանության՝ 0-ից 100 սանդղակում որքան բարձր է համաթվի արժեքը, այնքան ցածր է կոռուպցիայի ընկալման մակարդակը։ 176 երկրների թվում Հայաստանը 2016-ի արդյուքներով իջել է ներքև և 113-րդ տեղում է:

Մեր երկիրն իր հարևաններից զիջում է  Վրաստանին  և Թուրքիային: Առաջինը նախորդ տարվա ընթացքում էականորեն բարելավել  է դիրքերը, Թուրքիան ընդհակառակը   էական նահանջ է գրանցել.   2012-ից  մինչ այժմ այդ երկրի համաթիվը  նվազել է 7 նիշով: Մյուս երկու հարևանները՝ Ադրբեջանն և Իրանը, շարունակում են զիջել Հայաստանին:

Եվրասիական տնտեսական միության շրջանակներում  դեռ 2015-ին  առաջատարը Հայաստանն էր:  2016-ին պատկերը փոխել է Բելառուսը:

«Մինչև անցյալ տարի  ԵԱՏՄ-ում մենք ամենաքիչ կոռումպացված երկին էինք:  2016-ին Բելառուսը  շատ տպավորիչ բարելավում  է արձանագրել  և շրջանցել է Հայաստանին: ԵԱՏՄ անդամ մյուս երկրները շարունակում են զիջել Հայաստանին»:

Ի դեպ, ըստ հետազոտության, կոռուպցիոն իրավիճակն աշխարհում գլոբալ առումով վատացել է. եթե կոռուպցիայի ընկալման համաթիվը մինչ այժմ աշխարհի երկրների մոտ 2/3-ում էր ցածր 50-ից, ինչն արդեն լուրջ խնդրի առկայության ցուացնիշ է, ապա այժմ աշխարհի երկրների մոտ 70 տոկոսում է այդպիսի վիճակ: Հեղինակները հանգել են այն եզրակացության, որ օրենսդրական փոփոխությունները, ռազամավորությունները, տարբեր կառույցներն  առանց քաղաքական կամքի իրավիճակ չեն փոխում: Սա, ըստ Հոկտանյանի, վերաբերում է նաև Հայաստանին:

Աշխարհում կոռուպցիոն իրավիճակի վատացման վրա, ըստ փորձագետների,  էականորեն ազդել է նաև  պանամյան փասատաթղերի բացահայտումը: Պանամայի իրավաբանական գարսենյակներից  մեկի արխիվի  գաղտնազերծումը  սկանդալային  ուշադրության կենտրոնում հայտնվեց 2016-ի գարնանը: Պանամյան թղթապնակ անվանումը ստացած փաստաղթերը  փողերի լվացման հետ կապված  օֆշորային տարբեր սկանդալների էին առնչվում՝ շոշափելով նախկին ու ներկա համաշխահային լիդերների,  քաղաքական գործիչների, Ֆոբսի ցուցակում ընդգրկված միլիարդատերերի անուններ:

Ի դեպ, այսօր  լրատվամիջոցները տեղեկություններ են հաղորդել, որ Պանամայի իշխանությունները դադարեցրել են գործով սկսված քննությունը: Այդ երկրի գլխավոր դատախազի խոսքով՝ պատճառը քննիչների դեմ Սահմանադրական դատարան ներկայացված բողոքն է: Ըստ դիմումատուների՝ քննությունը հակասում է այդ երկրի սահմանադրական պահանջներին:

Պանամայի դատախազությունը չի մանրամասնում, թե ով է ներկացրել բողոքը և ինչով են  քննչական գործողությունները հակասում Պանամայի Սահմանադրությանը, բայց նշվում է, որ մինչև վճռի կայացումը քննությունը չի շարունակվի:

Ցուցադրել ավելի
Back to top button