Հասարակություն

Մեղադրանք է առաջադրվել կրտսեր սերժանտին` անզգուշությամբ  զինծառայողին հրազենային վիրավորում պատճառելու համար

ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ առաջին կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են ժամկետային զինծառայող Գուրգեն Սարգսյանի՝ հրազենային վիրավորում ստանալու հանգամանքները. մեղադրանք է առաջադրվել կրտսեր սերժանտին:

Նախնական քննության տվյալներով՝ ժամկետային զինծառայող, շարքային Գուրգեն Հարությունի Սարգսյանը գլխի շրջանում հրազենային վիրավորում է ստացել հունվարի 16-ին՝ ժամը 23:55-ի սահմաններում, N զորամասի պահպանության տակ գտնվող մարտական դիքում հերթապահություն իրականացնելիս՝ կրտսեր սերժանտի կողմից զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով:

Մասնավորապես՝ պարզվել է, որ կրտսեր սերժանտը դիրքի պատասխանատուին ամրակցված ինքնաձիգի ստուգիչ լիցքաթափում կատարելու ժամանակ մոռանալով ինքնաձիգից անջատեl փամփուշտներով լիցքավորված փամփշտատուփը, քաշել է ինքնաձիգի փակաղակը, ինչի հետևանքով ինքնաձիգը լիցքաթափման փոխարեն լիցքավորվել է, ապա ստուգիչ կրակոց արձակելու նպատակով սեղմել է ինքնաձիգի ձգանը։ Արդյունքում՝ արձակված կրակոցի հետևանքով Գ.Սարգսյանին անզգուշությամբ պատճառվել է գլխի շրջանում հրազենային վիրավորում:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ կրտսեր սերժանտին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։

Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում դեպքի օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ:

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ցուցադրել ավելի
Back to top button