Քաղաքական

Մանդատ փախցնոցի՞, թե՞ քաղաքական գործընթացներ

Հայաստանում երբ պաշտոնի են, ամեն ինչ են, երբ կուսակցությունից եւ պաշտոնից դուրս են՝ ոչինչ: Այս ձեւալերպումը քաղաքագետ Լեւոն Շիրինյանինն է: Ըստ նրա՝ նման հոսքեր էլի լինելու են, քանի որ իրականության մեջ կուսակցություններում պարզապես շահերի խմբեր են: Հովիկ Աբրահամյանի հեռանալն էլ շատ բան չի փոխում: Հովիկ Աբրահամյանը հեռացավ, որովհետեւ տեսավ, որ շանս չունի ու որեւէ բան չի ստանա՝ հավելեց քաղաքագետը: Նրան ես որպես գլխավոր ֆիգուր չեմ տեսնում՝  ասաց նա:

«Բայց, իհարկե, նա ռեսուրս ունի: Ում հետ, որ կմոտենա՝ մենք կտեսնենք: Չեմ ուզում կանխատեսել, բայց ԲՀԿ-ի հետ չեմ տեսնում: Այսինքն, պիտի նայեք վարկանիշն ինչպիսին է, որ այդ կուսակցություններն ուզենան իրենց հետ լինի, թե չլինի»:

Ինտրիգայի դեմ ազնվությունը եւ հայրենիքի պաշտպանության շահը հակադրեք եւ ինտրիգան որոշ ժամանակից հետո կտապալվի, իսկ մնացած պարագայում դրան հաղթել չեք կարող՝ բխեցրեց վերլուծաբանը: Քաղաքագետը չբացառեց, որ հաջորդ խորհրդարանում կարող են լինել ճգնաժամեր, եթե Հանրապետականը բացարձակ մեծամասնություն չկարողանա ունենալ: Դա, քաղաքագետի գնահատմամբ, խորհրդարանական հանրապետության վատթարագույն դրսեւորում է:

«Դրա համար, հիմա Հանրապետականը պիտի մոբիլիզացվի, ժողովրդի աչքին երեւա, իսկ դրա համար նա մի ճանապարհ ունի, իր, ռուսերեն ասեմ, «ադիոզ ֆիգուրաներին» ոչ միայն հետ մղի երկրորդ պլան դնի, այլ՝ կուսակցություն դառնա: Սա լավագույն առիթ է»:

Վարչապետ Կարեն Կարապետյանի հայտարարություններից մեկի համաձայն՝ կուսակցությունը պետք է ունենա ինքնամաքրման մեխանիզմներ: Արդյո՞ք Հովիկ Աբրահամյանի հեռանալը դրա մի մասն է՝ Հանրապետական պատգամավոր Մկրտիչ Մինասյանին այսօր հարցրեցին լրագրողները:

«Հովիկ Աբրահամյանի հեռանալը չպիտի կապենք այն հայտարարության հետ, որն արել է պարոն Կարեն Կարապետյանը: Ես կարծում եմ, պարոն Կարեն Կարապետյանի մտքերը վերլուծության, աշխատանքներում, գործունեության մեջ տեղ գտած որոշ թերություններ ու բացթողումներ վերացնելու, ավելի արդյունավետ աշխատանք կազմակերպելու միտում ունեն, որը պիտի ընդունել, ողջունել եւ ամեն ինչ անել՝ նպաստելու, որպեսզի այդ միտումները դառնան իրողություն եւ այդ իրողությունները օգուտ բերեն կուսակցությանը եւ մեր հանրությանը»:

Այսինքն, առավել արդյունավետ աշխատանք կազմակերպելու, գործունեություն ծավալելու անհրաժեշտություն կա: Այդ մտքերն արտահայտել է նաեւ երկրի նախագահը՝ հավելեց հանրապետական պատգամավորը: Դիտարկմանը, որ հեռանում է ոչ շարքային անդամ՝ Մկրտիչ Մինասյանը արձագանքեց, թե՝ չի ասի, որ կուսակցության հիմքերը խարխլվում են: Բայց այս դեպքում կուսակցությունն ավելի կուռ եւ ավելի արդյունավետ գործունեություն պիտի ծավալի բացը լրացնելու համար, եթե այսպես կարելի է ասել՝ եզրափակեց հանրապետական պատգամավորը:

Ի դեպ, այսօր նախընտրական զարգացումներին անդրադառնալով եւ ընտրություններին մասնակցելու ձեւաչափի մասին խոսելով, հայտարարությամբ հանդես եկավ Հայաստանի նոր քաղաքական մշակույթ կուսակցության նախագահ Անի Զախարյանը: Նա ասաց, որ իր ղեկավարած կուսակցությունը ընտրություններում պաշտպանելու է  ՀՀԿ-ին: Ի պատասխան հարցի էլ՝ նշեց, որ այդ որոշման մեջ դեր է խաղացել նաեւ հենց ՀՀԿ-ից Հովիկ Աբրահամյանի հեռանալու փաստը:

Լուրջ ու քաղաքակիրթ քաղաքական գործընթացներ դաշտում չեմ տեսնում՝ ասաց Անի Զախարյանը: Նա շեշտեց, որ հատկապես վերջին շրջանի բանակցություններից ինքը եզրահանգել է, որ ընդդիմադիր դաշտի միավորման մասին ցանկություններ հայտնող եւ հայտարարություններ անող գործիչներն ընդամենը զբաղված են քաղաքական դեմագոգիայով եւ իրեն վստահություն չեն ներշնչում:

«Մենք ընդդիմադիր դաշտում բոլոր ուժերի հետ հանդիպեցինք, համեմատեցինք ու տեսանք, որ միմիայն մանդատ փախցնելու համար վերջին պահին համախմբվում են, համագործակցում են՝ ինչ-որ մի բան անելու համար: Այդ ֆորմատը ինձ չի բավարարում»:

Անի Զախարյանի դիտարկումներն, ի դեպ, հասցեական էին: Իրենք բանակցել են նաեւ Հայկական վերածնունդ կուսակցության հետ: Այս կուսակցության մամուլի խոսնակ Էդգար Առաքելյանն այսօր փոխանցեց հետեւյալը.«Հայկական վերածնունդ կուսակցությունը, ամենայն հավանականությամբ, մասնակցելու է ընտրություններին միայնակ: Մենք միեւնույն ժամանակ ասում ենք, որ այս ընթացքում հանդիպումներ, բանակցություններ, քննարկումներ կան, դուռը փակ չէ դեռեւս: Տեսնենք, առաջիկա օրերին պարզ կլինի վերջնական, բայց, այնուամենայնիվ, ամենայն հավանականությամբ, միանակ կգնանք ընտրություններին: Մեր գործունեությունը, մեր քայլերը մենք չենք պայմանավորում որեւէ այլ քաղաքական գործիչների ակտիվացմամբ կամ պասիվացմամբ»:

Ընտրություններին սեփական ցուցակով է մասնակցելու նաեւ Ազատ դեմոկրատներ կուսակցությունը: Կառույցի ներկայացուցիչ Նարեկ Այվազյանն այսօր ասաց, որ քննարկումները դեռ շարունակվում են:

«Նաեւ կան արդեն կայացված որոշումներ կոնկրետ անձնավորությունների հետ կապված, բայց քանի դեռ պաշտոնական չի հրապարակվել զերծ կմնամ անուններ հնչեցնելուց»:

Մի բան հստակ է՝ ցուցակում լինելու են կուսակցության գաղափարախոսությունը կրող սկզբունքային գործիչներ: Քաղաքական դաշտում բոլորն էլ լինելու են մեզ մրցակից, բայց մեր ներկայացրած թեւում՝ չեմ կարծում, թե մրցակցություն մեզ համար լինելու է՝ եզրափակեց Ազատ դեմոկրատների ներկայացուցիչը:

Ցուցադրել ավելի
Back to top button