ԿարևորՔաղաքական

2017-ին կստորագրվի ԵՄ-ՀՀ նոր շրջանակային համաձայնագիրը.Սվիտալսկի


Հայաստան- ԵՄ հարաբերություններին ու ապրիլի 2-ին հանրապետությունում սպասվող խորհրդարանական ընտրություններին է անդրադարձել ՀՀ- ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին: Նա ընդգծել է, որ լավ ընտրություններ անցկացնելու համար ԵՄ- ը Հայաստանին 7 մլն  եվրո է հատկացրել:

 

Թափանցիկ ու ժողովրդավարական չափանիշներին համապատասխանող  ընտրություններ կազմակերպելու համար ԵՄ-ը ՀՀ-ին 7 մլն եվրո է հատկացրել: Սակայն, ինչպես պարզվում է, ապրիլի 2-ին՝ ընտրությունների օրը, տեսախցիկների տեղադրման և առցանց հեռարձակման հետ կապված խնդիր է  առաջացել, ինչը շատերը ընտրակեղծիքները քողարկելու քայլ են համարում: Հայաստանում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկի.

«Ես լավատես եմ և ուզում եմ օգտվել հնարավորությունից ու կոչ անել գործընկերներին՝ աշխատել միասին փոխզիջումային լուծում գտնելու համար, թեև հասկանալի է, որ դա իդեալական չի կարող լինել: Բացի այդ՝ հույս ունեմ, որ տեխնոլոգիան կհասնի և կփորձարկվի Հայաստանում: Ընտրությունները  Հայաստանի համար անչափ կարևոր են լինելու»,- ընդգծեց ՀՀ- ում ԵՄ պատվիրակության ղեկավարը:

Նա հույս հայտնեց, թե ընտրությունները կարտահայտեն ՀՀ քաղաքացիների կամքը:  ԵՄ համար կարևոր է քարոզարշավի մաքուր ընթացքը  և ոչ թե բովանդակությունը՝ նշեց դեսպանը՝ պարզաբանելով՝ ՙերկու կարևոր հանգամանք կա այստեղ, մեկը վարչական ռեսուրսների օգտագործումն է, մյուսը վերաբերվում է քաղաքական կոռուպցիային։ Նա տեսնում է իրավապահ մարմինների կողմից լուրջ նախապատրաստություններ այս ուղղությամբ։

Անցած տարի ԵՄ- ն, ըստ դեսպանի, նոր ռեկորդ սահմանեց՝ Բրյուսելը 62 մլն եվրո հատկացրեց՝ զարգացման ծրագրերին աջակցելու նպատակով: Այն ներառում է ինչպես ընտրություններին հատկացված աջակցությունը, այնպես էլ մարզերի զարգացման ծրագրերին օժանդակությունը:

2016-ը լավ տարի որակելով ԵՄ-ի ու Հայաստանի միջև հարաբերությունների համար՝ դիվանագետը նշեց, որ այս տարի, ամենայն հավանականությամբ, կստորագրվի ԵՄ-ՀՀ նոր շրջանակային համաձայնագիրը: Այն իրագործելու հեռանկարը բավականին իրատեսական համարեց  Սվիտալսկին:

«ԵՄ չափանիշներով այս բանակցությունները շատ արագ են ընթացել և շատ կառուցողական են եղել: Բանագնացները շատ մոտ են համաձայնագրի կնքմանը: Եթե ամեն ինչ լավ ընթանա, ապա բանակցությունները շուտով վերջնական տեսքի կբերվեն:  Դա, հավանաբար, տեղի կունենա մոտակա շաբաթների ընթացքում: Բանակցությունների տեմպը շատ բարձր է: Սա նոր որակ կբերի երկկողմ հարաբերություններին՝ վստահեցրեց  դեսպանը»:

Նա տեղեկացրեց, որ շատ ծանր աշխատանք է իրականացվում թե՛ հայ գործընկերների, թե՛ Բրյուսելի կողմից։ Թեև շրջանակային համաձայնագրի ստորագրման  կոնկրետ ամսաթիվ չնշեց, սակայն շեշտեց՝ եթե ամեն ինչ լավ ընթանա, փաստաթուղթը կստորագրվի  2017թ.-ին:

Ցուցադրել ավելի
Back to top button