Քաղաքական

Ռիչարդ Միլսը շարունակում է մնալ ԱՄՆ դեսպանը Հայաստանում․ դեսպանատուն

Դեսպան Միլսը շարունակում է մնալ Միացյալ Նահանգների դեսպանը Հայաստանում․ Tert.am-ին այս մասին տեղեկացրեցին ԱՄՆ դեսպանատնից՝ պատասխանելով հարցին՝ արդյոք ԱՄՆ  նորանշանակ դեսպան Դոնալդ Թրամփի որոշումը՝ ազատել  Բարաք Օբամայի վարչակազմի կողմից նշանակված բոլոր դեսպաններին, վերաբերում  է նաև Հայաստանում ԱՄՆ դեսպանին:

«Միացյալ Նահանգների բոլոր դեսպանները համարվում են երկրի նախագահի անձնական ներկայացուցիչն իրենց նշանակման երկրում և ծառայում են նախագահին: Ընդունված պրակտիկայի համաձայն այն դեսպանները, ովքեր «քաղաքական պաշտոնյա» են, այսինքն՝ կադրային դիվանագիտական ծառայող չեն, նախագահի պաշտոնավարման ժամկետի ավարտին հրաժարական են ներկայացնում:

Երդմնակալության նախօրեին նախագահ Թրամփի անցումային թիմը տեղեկացրել էր Օբամայի վարչակազմի քաղաքական պաշտոնյա հանդիսացող  դեսպաններին, որ նրանց լիազորությունները կդադարեն հունվարի 20-ին կեսօրվա դրությամբ: Սակայն Միացյալ Նահանգների դեսպանների 70%-ը կադրային դիվանագիտական ծառայող են և չեն համարվում քաղաքական պաշտոնյա: Դեսպան Միլսը ևս կադրային դիվանագիտական ծառայող է:  Կադրային դիվանագիտական ծառայող հանդիսացող դեսպաններից հրաժարական չի պահանջվել և նրանք շարունակում են պաշտոնավարել իրենց նշանակման վայրերում»,- նշված է պատասխանում:

Հիշեցնենք, որ բրիտանական The Independent-ը՝  հայտնել էր, որ ԱՄՆ նորանշանակ նախագահ Դոնալդ Թրամփը երդմնակալության արարողությունից հետո պահանջել է, որ նախկին նախագահ Բարաք Օբամայի վարչակազմի կողմից նշանակված բոլոր դեսպանները հունվարի 20-ի կեսօրի դրությամբ վայր դնեն իրենց լիազորությունները:

Ցուցադրել ավելի
Back to top button