Քաղաքական

Նախընտրական գործընթացներ, հասունացող ինտրիգներ


Նախընտրական հստակեցումները շարունակվում են: Ոմանք կարծում են, որ հանրային հետաքրքրությունն այս գործընթացների նկատմամբ առավել մեծ կլինի՝ պայմանավորված կառավարման համակարգի սպասվող փոփոխությամբ: Ոմանք էլ՝ խնդրին նայում են հասունացող եւ հանգուցալուծվող տարբեր ինտրիգների ու քաղաքական անակնկալների տեսանկյունից: Նման մի անակնկալ էլ այսօր պարզ դարձավ: Որոշ լրատվամիջոցներում լուրեր տարածվեցին, որ Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը հեռանում է ՀՀԿ-ից: Նախկին վարչապետն էլ արդեն հաստատել է լուրը՝ շեշտելով, որ վաղը կհայտարարի Հանրապետականից դուրս գալու մասին: ՀՀԿ-ից հեռանալու պատճառների մասին Հովիկ Աբրահամյանը հրաժարվել է նշել՝  խոստանալով այդ մասին խոսել ավելի ուշ: Հարցին, թե հնարավո՞ր է՝ միանում է իր խնամի, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի դաշինքին, Հովիկ Աբրահամյանը բացասական պատասխան է տվել: Նման որոշում չունեմ հիմա, բայց որ ես քաղաքականությունով եմ զբաղվելու, դա փաստ է՝ շեշտել է նախկին վարչապետը:


Վելուծաբան Ալեքսանդր Մարկարովը համոզված է, որ խնդիրը ոչ այնքան այն է, որ Հովիկ Աբրահամյանը որպես անհատ դուրս է գալիս ՀՀԿ-ից, որքան որ՝ այն ռեսուրսը, որ նա ունի կամ չունի: Նրա գնահատմամբ՝ մի բան է, երբ նա դուրս է գալիս Հանրապետական կուսակցությունից եւ չի շարունակում քաղաքական գործունեությունը, մեկ այլ բան՝ երբ ունի ռեսուրս, այդ թվում՝ մարդկային, որոնք իր հետ դուրս են գալու: Դա կարող է թուլացնել կուսակցությունը՝ կարծում է Մարկարովը:

«Եթե այդպես է, դա այլ խնդիր է, բայց տվյալ պարագայում մենք խոսում ենք անհատի մասին, որը դուրս է թողնում կուսակցությունը, այլ ոչ թե, այսպես ասենք, կուսակցությունից լայնածավալ դուրս գալու մասին է: Մենք առայժմ խոսում ենք մի մարդու մասին»:

Արձագանքելով դիտարկմանը, որ Հովիկ Աբրահամյանը գլխավորում էր ՀՀԿ շտաբը՝ քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը շեշտեց, թե նա գլխավորում էր մի կառույցի շտաբը, որն ուներ իր ներկայացուցչությունը մարզերում եւ որը ուներ իր ռեսուրսները եւ որը տրամադրում էր շտաբի պետին այդ ամբողջ ներուժն իր ռեսուրսներով՝ իր գործունեությունը ծավալելու համար:

«Այսինքն, դրա համար շեշտեցինք, որ դուրս է գալիս անձը, այլ ոչ թե փլուզվում է կառույցը կամ այն ռեսուրսները, որոնք առկա են կուսակցության մեջ»:

Արձագանքելով դիտարկմանը, որ այսօրվա ձեւավորվող դաշինքներում հիմնականում իշխանության մեջ եղած մարդիկ են, որոնք փորձում են ընդդիմադիր դիրքերից հանդես գալ՝ նախկին վարչապետ, ՔԴՄ նախագահ Խոսրով Հարությունյանը շեշտեց, թե այդ հարցը պետք է թողնել հանրությանը: Ինքն անձամբ դա չի ողջունում:

«Ինձ համար շատ բաներ հասկանալի չեն: 92 թ.-ին, երբ ունեցել եմ քաղաքական մեծամասնության հետ տարաձայնություններ՝ հրաժարական եմ տվել եւ դուրս եմ եկել՝ վարչապետի պաշտոնից: Հետեւաբար, եթե որեւիցե մեկը, գտնվելով իշխանության մեջ, գործող քաղաքականության հետ սկզբունքային հարցերում ունի տարաձայնություններ, դրա լուծումը վաղուց բոլորին հայտնի է: Այդ տեսանկյունից, անկասկած, մեղմ ասեմ, առնվազն վիճահարույց է, կասկածահարույց է: Այս պրոցեսի դատողը հանրությունն է»:

Քաղաքականության մեջ անակնկալներն էլ Խոսրով Հարությունյանը չի բացառում եւ նորմալ է համարում ու կարծում է պետք չէ նման դեպքերում արտառոց բան փնտրել:

Այն բոլոր գործընթացները, որոնք տեղի են ունենում նախընտրական փուլում՝ բնական են եւ մեզանում նոր չեն՝ կարծիք հայտնեց Խոսրով Հարությունյանը: Ըստ նրա՝ այս ընտրությունները կտարբերվեն նրանով, որ հանրությունը կհետեւի ոչ թե միայն հայտնի դեմքերի հեղինակությանը եւ նրանց կողմից հնչեցվելիք քննադատություններին, այլ կսպասի, թե ի՞նչ են իրեն առաջարկում իր կյանքը բարելավելու տեսանկյունից եւ ինչպե՞ս: Կարեւորը, ըստ նրա, ոչ թե այն է, թե ով կլինի այս կամ այն դաշինքի լոկոմոտիվը՝ քաշող ուժը, այլ այն, որ նրանց մոտիվացիան պայմանավորված լինի «ժողովրդի մատից փուշ հանելու», արատները շտկելու նպատակադրմամբ, ոչ թե ցանկացած գնով իշխանության դեմ պայքար ծավալելու:

Ի պատասխան հարցի՝ նախկին վարչապետը հավելեց նաեւ, որ տեսնում է այն ուժին, որն ունակ է այդ արատները շտկել: Դա Հանրապետական կուսակցությունն է: Ինքը պատրաստ է ցանկացածի հետ բանավիճել եւ ապացուցել այն քայլերը, որոնք արվել են եւ կարվեն, ընդ որում, հանրային կյանքում հայտնի արատները վերացնելու ուղղությամբ: Խոսրով Հարությունյանը համամիտ չէ, որ այդ արատները ձեւավորվել են Հանրապետականի օրոք.

«Այդ արատների պատճառը պետք է փնտրել 90-ական թվականներից: Շատ ու շատ արատներ ձեւավորվեցին այն ժամանակ, երբ բիզնեսը եւ քաղաքականությունը սերտաճեց: Պատրաստ եմ ցույց տալ այն քայլերը, որոնք ՀՀԿ-ն, լինելով իշխանության, կամաց-կամաց փորձել է վերացնել: Ընդ որում՝ կոնկրետ, առարկայական: Բավարա՞ր է, իհակե, ոչ: Բայց արվա՞ծ է աշխատանք՝ անշուշտ այո: Խոսքն այս մասին է: Ես ակնհայտորեն, հիմնավորված ասում եմ, որ Հանրապետական կուսակցությունը ապացուցել է, որ նա ունակ է»:

Չեմ ասում, թե միայն Հանրապետականն է ունակ դա անել, բայց ես վստահում եմ նրան, քանի որ նա իր փորձով ցույց է տվել եւ իր անցած ուղով ապացուցել՝ հավելեց Խոսրով Հարությունյանը: Մնացածը, նախկին վարչապետի ձեւակերպմամբ, դեռ պիտի ապացուցեն, որ իրենք էլ են ունակ՝ իրենց կազմով եւ «ինչպե՞ս» հարցի պատասխանը տալով:

Հարցի պատասխանը ընտրություններում ներկայացնելու հավակնություններ ունի նաեւ Հայաստանի առաջադիմական միացյալ կոմկուսը: Կուսակցության նախագահ Վազգեն Սաֆարյանն այսօր հայտարարեց, որ կոմունիստները միասնական են մասնակցելու.

«Ունենք նախնական պայմանավորվածություն Հայաստանի կումկուսի հետ: Բայց մենք ավելի լայն ճակատով ենք մասնակցելու ընտրություններին՝ մեր նախընտրական ցուցակի մեջ ընդգրկելու ենք նաեւ ժողովրդահայրենասիրական ուժերի»:

Հայաստանի խորհրդային անցյալը, սոցիալական արդարության եւ սոցիալական պաշտպանվածության խնդիրների արծարծումն էլ լինելու են ընտրություններում իրենց հաջողության հիմնական կռվանները՝ կարծում է Վազգեն Սաֆարյանը: Նա շեշտեց, որ բոլոր ոլորտների հետ կապված ունեն իրենց տեսլականը, որը ներկայացնելու են հանրությանը՝ վստահություն ստանալու համար: Ընտրություններին մասնակցության ձեւաչափն էլ կոմունիստները վերջնականապես կհստակեցնեն փետրվարի սկզբներին հրավիրվելիք կոնֆերանսում:

Ցուցադրել ավելի
Back to top button