Մշակույթ

Հայտնի է «Ավրորա»-ի կարճամետրաժ ֆիլմերի մրցույթի ժյուրիի կազմը

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը ներկայացնում է «Ավրորա» կարճամետրաժ ֆիլմերի մրցույթի ժյուրիի կազմը: Մրցույթը մեկնարկել է 2016թ. դեկտեմբերի 20-ին: Մասնագետների խումբը կընտրի լավագույն կարճամետրաժ ֆիլմերը, որոնք արտահայտում են մարդասիրության, խիզախության եւ անձնվիրության գաղափարները:

«Ավրորա» կարճամետրաժ ֆիլմերի մրցույթի ժյուրին գլխավորում է հայտնի ռեժիսոր Էդգար Բաղդասարյանը:

«Բոլորն ունեն մի պատրանք, որ իրենց ապրած ժամանակաշրջանը յուրահատուկ է: Մենք եւս բացառություն չենք, իսկ մեզանից հետո մենք կարող ենք թողնել միայն մշակույթ, ուրիշ ոչինչ: Մշակույթի հիմքը մարդասիրությունն է եւ սերն իր ողջ էությամբ: Հենց սա է պատճառը, որ մենք այս կարեւոր մրցույթի մի մասն ենք», — ասել է Էդգար Բաղդասարյանը:

Ժյուրիի անդամներն են ռեժիսոր Դիանա Կարդումյանը, ռեժիսոր Արեն Մալաքյանը, կոմպոզիտոր եւ «Ավրորա» մրցանակի գեղարվեստական խորհրդի անդամ Մարինե Ալեսը եւ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության ղեկավար Արման Ջիլավյանը:

Հաղթող ֆիլմի հեղինակին «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը կշնորհի 4000 ԱՄՆ դոլարի պարգեւ, երկրորդ եւ երրորդ տեղը զբաղեցրած ֆիլմերի հեղինակներին՝ 2000 եւ 1500 ԱՄՆ դոլարի պարգեւ: Ֆիլմերը ներկայացնելու վերջնաժակետը 2017թ. մարտի 20-ն է: Մրցույթի մասին մանրամասն կարելի է ծանոթանալ այստեղ:

Ժյուրիի կազմը

Էդգար Բաղդասարյան (ժյուրիի նախագահ) – Էդգար Բաղդասարյանը հանրահայտ ռեժիսոր է: 1988 թվականից նա աշխատել է «Հայֆիլմ» կինոստուդիայում: 1990թ. նկարահանել է իր դեբյուտային «Խաղեր» կինոնկարը: Մինչեւ 2009թ. Էդգար Բաղդասարյանը հայ-ամերիկյան Armenia Film Studios ընկերության տնօրենն էր: Նա բազում մրցանակների արժանացած «Արարատից Սիոն» ֆիլմի ռեժիսորն է: Էդգար Բաղդասարյանը մի շարք միջազգային կինոփառատոնների դափնեկիր է:

Մարինե Ալես – Մարինե Ալեսը հայտնի կոմպոզիտոր է եւ թատերագետ: Նա ավելի քան 300 հայերեն եւ ռուսերեն երգերի հեղինակ է: Նրա երգերը հրապարակվել են 5 ալբոմներում՝  «Կհեռանամ ինձանից» (1999), «Իմ բարդիներ» (2001), «Մտորումներ» (2003), «Քո կողքին և առանց քեզ» (2007), «Ոտաբոբիկ` երկնքով» (2010): Նա «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի ժյուրիի անդամ է: Մարինե Ալեսը «Նվիրիր կյանք» հիմնադրամի համահիմնադիրն է: 2010 թվականին հրապարակել է «Բեկորներ» բանաստեղծությունների ժողովածուն: Մարինե Ալեսը «Ավրորա» մրցանակի գեղարվեստական խորհրդի անդամ է:

Դիանա Կարդումյան – Դիանա Կարդումյանը ռեժիսոր է եւ կինոքննադատ: Նա «ՌեԱնիմանիա» (2011), «Մեկ րոպե, մեկ կադր» (2012, 2015), «WebApricot» (2014) փառատոնների ժյուրիի անդամ է եղել, ինչպես նաեւ աշխատել է «Ոսկե ծիրան» (2011, 2014, 2015, 2016) եւ «ՌեԱնիմանիա» (2010, 2013, 2015) միջազգային փառատոնների նախընտրական ժյուրիների կազմում: Դիանա Կարդումյանը մի շարք գեղարվեստական եւ փաստագրական ֆիլմերի հեղինակ է («Անավարտ մեղեդի», «Դիալոգներ», «Ախ, Դիմա, Դիմա» եւ այլն):

Արեն Մալաքյան – Արեն Մալաքյանը երիտասարդ կինոռեժիսոր է: Նա ավարտել է Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտը: Արեն Մալաքյանը նկարահանել է մի շարք գեղարվեստական եւ փաստագրական ֆիլմեր, այդ թվում՝ «Վոլդեմար», «Ձյուն»: 2015 թվականին նա ստացել է նախագահական մրցանակ «Աղջիկը լուսնի վրա» ֆիլմի համար: Արեն Մալաքյանը մի շարք տեղական եւ միջազգային կինոփառատոնների դափնեկիր է:

Արման Ջիլավյան – Արման Ջիլավյանը «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության ղեկավարն է: Նա RVVZ հիմնադրամի տնօրենների խորհրդի եւ UWC Dilijan քոլեջի հոգաբարձուների խորհրդի անդամ է, MEDIACRAT ընկերության համահիմնադիրը: 2011թ. նա ճանաչվել է Ռուսաստանի «Մեդիա մենեջեր» տպագիր մամուլ/ամսագրեր անվանակարգում: Արման Ջիլավյանը զբաղեցրել է տարբեր պաշտոններ Ռուսաստանի մի շարք առաջատար մեդիա ընկերություններում («Նեզավիսիմայա գազետա», Eurasian Media Group) եւ ղեկավարելէ Time Inc.-ը Ռուսաստանում (FORTUNE եւ Popular Science ամսագրեր):

Back to top button