Հասարակություն

Մասնագիտական օրենքի համար ճարտարապետների պայքարը շարունակվում է


Վերջապես կառավարությունը հաստատել է «Ճարտարապետների պալատի մասին» օրենքի նախագիծը: Հերթը խորհրդարանինն է: Ճարտարապետների պալատը լինելու է Ճարտարապետների միության ժառանգորդը, սակայն, ավելի արդյունավետ գործառույթներով՝ համոզված են ճարտարապետները: Ըստ նրանց՝ Ճարտարապետների պալատը կտա մի քանի հիմնական հարի պատասխանը, այդ թվում՝ կառուցապատողների հետ հարաբերությունները կարգավորելու ու ճարտարապետների անկախության պաշտպանությունն ապահովելու հիմքերը: Մի բան, ինչն ըստ մասնագետների, չէր կարող իրականացնել հասարակական կազմակերպության կարգավիճակ ունեցող Ճարտարապետների միությունը:

 


Իրենց մասնագիտական օրենքի համար Հայաստանի ճարտարապետները պայքարում են մոտ 9 տարի: Նրանք շեշտեցին, թե համաձայն չեն նախագծի վերաբերյալ հնչած որոշ քննադատությունների հետ: Մասնավորապես, որ օրենքը լավն է, սակայն այն լավ երկրներում գործելու համար է:

«Ե՞րբ պետք է այդ լավ երկիրը ունենանք, երբ որ մենք քայլեր անենք չէ՞ դեպի նա»:

Ճարտարապետների պալատի մասին օրենքը հենց այդ քայլերից մեկն է՝ ասաց Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը: Նրա խոսքով՝ Ճարտարապետների պալատն օրենքով կունենա խնդիրներ կարգավորելու իր բեռը, ինչը չէր կարող ունենալ Ճարտարապետների միություն ՀԿ-ն:

«Պալատի դեպքում, գործունեության առումով, մենք օրենքով ձեռք ենք բերում այնպիսի գործառույթներ, որոնք կարգավորելու են ճարտարապետական ամբողջ գործընթացը հենց իրենց՝ ճարտարապետների կողմից»:

Այսինքն, օրենքով ճարտարապետը դառնում է գործի լիարժեք տերն ու պատասխանատուն: ՃՄ պատասխանատու քարտուղար Բորիս Քոչարյանի ձեւակերպմամբ՝ դա նշանակում է նաեւ, որ ճարտարապետի անկախությունը պաշտպանվում է օրենքով եւ նա անկախ է լինելու պատվիրատու կառուցապատողի քմահաճույքներից. չի դառնալու նրա ստրուկը եւ առաջնորդվելու է զուտ մասնագիտական սկզբունքներով՝ Պալատի վերահսկողությամբ:

«Բոլոր ճարտարապետների անունից ինքը վերցնում է պատասխանատվություն՝ շրջակա միջավայրի ստեղծման հարցերին պատասխանելու համար: Այսօր որեւէ մեկը պատասխանատվություն կրել չի կարող, քանի որ այն ճարտարապետները, որոնք գործում են դաշտում, ինքնուրույն են, ազատ են բացարձակապես, բայց, մեր կարծիքով, հաճախ ավելի շատ ենթարկված են իրենց պատվիրատուի կամքին: Մեր համոզմամբ՝ Պալատի ստեղծումով նման հարցերը, եթե ոչ իդեալական, ապա մեծ մասամբ կարգավորվելու են: Այսինքն՝ օրենքի միջոցով կարգավորման քայլեր է արվում, ոչ թե անարխիային տուրք տալու»:

Ճարտարապետ Սաշուր Քալաշյանի ձեւակերպմամբ էլ՝ օրենքով լուծվող առանցքային խնդիրներից մեկը հեղինակ-ճարտարապետների իրավունքների եւ անկախության պաշտպանությունն է, որի պայմաններում պատվիրատու կառուցապատողների կողմից չեն կարող հարուցվել այնպիսի խոչընդոտներ, որոնք կվնասեն ճարտարապետների մասնագիտական գործառույթները: Նա հավելեց նաեւ, որ ճարտարապետական միջավայրերի աղավաղումների մասին առաջին բարձրաձայնողներն այսօր էլ ճարտարապետներն են, սակայն, դրանց դեմն առնելու իրավական լծակներ չունեն:

«Երբ իրավունքը տրվում է մեզ, մենք պատժելու հնարավորություն ունենք՝ աղավաղման համար: Այդ լծակը տալիս է այս օրենքը, երբ բոլորը մեկ ընտանիք են դառնում, եւ երդվում ենք, որ մենք սխալ չպետք է գործենք»:

Երբ որպես մասնագետ, պատվիրատուի քմահաճույքներին չես ենթարկվում, ապա շահում է մասնագիտական մոտեցումը, ինչը ամբողջացվում է Պալատի գործունեությամբ՝ համոզված են ճարտարապետները:

Ցուցադրել ավելի
Back to top button