Տնտեսական

ՀԱԷԿ-ի հետ կապված որևէ խնդիր չկա.Հայկ Հարությունյան


Հունվարի 21-ին Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարությունից տեղեկություն ստացվեց վթարային անջատման հետևանքով Հայկական ատոմային էլեկտրակայանի 110 կՎ առաջին հաղորդաձողերի դիֆերենցիալ պաշտպանության աշխատանքի մասին: Ի՞նչ է տեղի ունեցել, ի՞նչ բեռնավորվածությամբ է աշխատում այժմ ՀԱԷԿ-ը, եւ ինչ ծրագրեր են Հայաստանում իրականացում վերականգնվող էներգետիկայի զարգացման համար:

 

Բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծերում վթարային անջատման հետևանքով աշխատել է Հայաստանի ատոմակայանի 110 կՎ առաջին հաղորդաձողերի դիֆերենցիալ պաշտպանությունը։ Արդյունքում՝ երկրորդ հաղորդաձողերի դիֆերենցիալ պաշտպանությամբ ամբողջությամբ հոսանքազրկվել է ՀԱԷԿ-ի 110 կՎ-ի ենթակայանը և առաջին բլոկի էլեկտրա սնուցումը: Այնուհետեւ՝ դիֆերենցիալ պաշտպանությամբ անջատվել է Տ-3 բլոկային տրանսֆորմատորը, ինչի հետևանքով ատոմակայանը մասամբ բեռնաթափվել է: Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի հրահանգով բեռնավորվել է Հրազդանի ՋԷԿ-ի 3-րդ էներգաբլոկը, իսկ էլեկտրաէներգիայի պակասորդը մատակարարվել է Վրաստանից:

Հունվարի 21- ին տարածված հաղորդագրության համաձայն՝ տեղի ունեցածի մասին զեկուցել են հանրապետության վարչապետին։ Վթարը հայտնաբերվել ու վերացվել է հունվարի 21-ին ժամը 18:20-ին։ Այս պահին ՀԱԷԿ-ն ի՞նչ բեռնավորվածությամբ է աշխատում, եւ տեղի ունեցածը ի՞նչ խնդիր է՝ պարզաբանել է Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը:

Փոխնախարար Հայկ Հարությունյանն այս հայտարարությունն արեց  Հայաստանում այլընտրանքային էներգետիկայի զարգացմանը նվիրված հանդիպման ժամանակ։ Հիշեցնենք, որ դեռ անցյալ տարեվերջին ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը կառավարություն էր ներկայացրել 400-500 մլն դոլարի ներդրումային ծրագրերի փաթեթ՝ արևային էներգետիկայի ոլորտում: Այսօր արդեն հայտնի է, որ երկու օրից անցկացվելու է համաժողով՝ ծրագրի իրականացման համար ներդրումների ներգրավման հնարավորությունները քննարկելու նպատակով։

Էնեգետիկ ենթակառուցվածների եւ բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը տեղեկացրեց, որ պատրաստվում են ներդրողներին ներկայացնել Գեղարքունիքի մարզի Մասրիկ-1 տեղանքում առաջին արևային կայանի կառուցման հնարավորությունները:

«Արևային տեխնոլոգիաների համար Հայաստանը բացառիկ լավ երկիր է: Մի շարք գործոններ թույլ են տալիս եզրահանգելու, որ կարելի է շատ լուրջ զարգացնել արևային ֆոտովոլտային տեխնոլոգիաները»:

Փոխնախարարը արեւային տեխնոլոգիաների կիրառումը բաժանում է երեք մասի՝ բնակչության համար կարեւորում է տանիքներում պանելների տեղադրումը, որի արտադրած էլեկտրաէներգիայի ավելցուկը հնարավոր կլինի վաճառել էլեկտրական ցանցերին: Ի դեպ, այս գործընթացն ազատվել է բոլոր տեսակի հարկերից, լիցենզավորման պահանջներից: Կառավարության այս նախաձեռնությանը ֆինանսական շուկան դրական է արձագանքել՝ տեղեկացրեց Հայկ Հարությունյանը: Հաջորդը ՝ 1 ՄՎտ հզորությամբ կայաններն են, իսկ երրորդը` 50 ՄՎտ հզորությամբ կայանները:

ՀՀ վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի տնօրեն Թամարա Բաբայանը հետաքրքրվածություն է տեսնում ոլորտում գործունեություն ծավալող ընկերությունների շրջանում: Ըստ նրա, եթե 4 տարի առաջ դժվարությամբ էին մասնակից ընկերություն գտնում, այսօր պատկերն այլ է: Ցանկացողները շատ են, սահմանափակ տեղերի  պատճառով՝ որոշներին մերժել են՝ ասաց։

Ցուցադրել ավելի
Back to top button