ՀասարակությունՏնտեսական

Զարգացնել տեղական արտադրանքը՝ հնարավորինս կրճատելով ներմուծումը


Հայաստանի բոլոր կառավարությունները հայտարարում են՝ պետք է զարգացնել տեղական արտադրանքը՝ հնարավորինս կրճատելով ներմուծումը: Ժամանակ առ ժամանակ մեր երկրում նաև թուրքական արտադրանքի դեմ է արշավ սկսվում, ինչպես օրինակ ապրիլյան քառօրյա պատերազմից հետո:  Կառավարությունների ղեկավարը պարբերաբար հայտարարում են, որ պետք է  ներմուծումը տեղական արտադրանքով փոխարինվի: Հերթական հայտարարությունը հնչեց օրերս՝ կառավարության նիստում:

 

 

«No Turkish» կամ «ոչ թուրքականին». Երևանի կենտրոնական փողոցներից մեկում գտնվող գեղեցկության սրահի դռանն այս հայտարարությունն է փակցված: Հայտարարության հետքերով  պարզեցինք՝  վարսահարդար սիրիահայ  Սարգիս Բերբերյանի նախաձեռնությունն է,  որը այսօր էլ շարունակվում է. «Ոչ մեկի համար գաղտնիք չէր, որ Թուրքիան ամեն ձևով աջակցում է  Ադրբեջանին: Ես էլ ուզեցի մի փոքրիկ շարժում սկսել։ Արդեն ժամանակն է, որ թուրքական  ապրանքը մեր երկրից  վերանա: Նկատում եմ՝ մարդիկ մի քիչ էլ հումորով են վերաբերում։ Ես չեմ ստուգում, թե մարդն ինչ շոր է  հագել, բայց մյուս անգամ շոր գնելիս կարող է հիշել և թուրքականը չառնել:  Պետք է աջակցենք, ուժեղացնենք հայկական արտադրությունը։ Պետությունն ինքն էլ պետք է իր կողմից քայլեր անի, որ մենք հայկական արտադրության ունենանք»:

Կառավարության փոփոխությունից հետո էլ  ներմուծման փոխարեն տեղական արտադրանքի խրախուսումը մնաց առանցքային հարցերից մեկը: Օրերս կառավարության նիստում  ներմուծումը տեղական արտադրանքով փոխարինելու առաջարկով հանդես եկավ վարչապետ Կարեն Կարապետյանը:

«ՀՀ կառավարությունները  երբեք ծրագրերի պակաս չեն  ունեցել»,- ասում է տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն ու նշում ՝ «հայեցակարգերը վաղուց են մշակված, դրանք պետք է կյանքի կոչվեն»: Ներմուծման փոխարինման քաղաքականությունը դոփում է տեղում։ Տնտեսագետն առաջարկում է նախ պարզել, թե  տեղական ռեսուրսներ  ունեցող ինչ  ապրանքախմբեր ունենք:

Մանասերյանը փաստում է՝ սննդի  անվտանգության  առումով անթույլատրելի կախվածություն է ստեղծվել, սննդի  անվտանգության առումով  20 տոկոսից ավելին չպետք է ներմուծվի:

Իրավիճակն ուսումնասիրելու  համար տնտեսական ներդրումների և  զարգացման, ֆինանսների, գյուղատնտեսության, պաշտպանության, առողջապահության  նախարարները դեռ  տասը և ավելի օր  ժամանակ ունեն ՝ պատկերն ամբողջացնելու համար:  Նրանք  20 օրվա ընթացքում նախ պետք է ապրանքներն ընտրեն, գնահատեն դրանց արտադրության համար անհրաժեշտ ծախսերը, ակնկալվող եկամուտները, շահութաբերությունը, շուկան ուսումնասիրեն:

Կառավարությունը պետք է հավասար պայմաններ ապահովի բոլոր արտադրողների համար, իսկ որ ամենակարևորն է, դրանք պետք է ավելի գրավիչ լինեն, քան այլ երկրներում: Համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ եթե կառավարությունն ստեղծում է նման պայմաններ եւ դրան զուգահեռ խթանում նոր տեխնոլոգիաների ներդրումը եւ նպաստում հանրության կրթական մակարդակի բարձրացմանը, ապա տնտեսությունը ունենում է երկարատեւ ու կայուն զարգացում:

Ցուցադրել ավելի
Back to top button