ԿարևորՀասարակություն

Կորստի վերքը չի սպիանում. «Ապրելու բանաձեւ»-ի 10-րդ հատորի շնորհանդեսը

Տարիներ շարունակ Հանրային ռադիոյի եթերում հնչում է «Ապրելու բանաձև» հաղորդաշարը, որի նյութն ինքնին հուզիչ է, բայց նաև հույս, հպարտություն ու լավատեսություն ներշնչող: Հաղորդաշարի հեղինակ Գոհար Մարտիկյանը մեկ առ մեկ հավաքում ու ներկայացնում է արցախյան ազատամարտում անմահացած մեր հայորդիների կյանքն ու նրանց սխրանքի պատմությունները` յուրաքանչյուր պատմության հետ վերապրելով  սեփական վիշտը։ Գոհար Մարտիկյանի որդին՝ սերժանտ Աշոտ Չախոյանը հատուկ նշանակության գնդի առաջին զոհն էր:Այսօր  ընթերցողի սեղանին  դրվեց  Գոհար Մարտիկյանի՝ Արցախյան հերոսամարտին նվիրված «Ապրելու բանաձև» պատմա-վավերագրական մատենաշարի 10-րդ հատորը, որի մեջ ներառվել էին նաև ապրիլյան պատերազմի հերոսների պատմությունները։

Տիկին Գոհարը  մեկ առ մեկ հանդիպել ու զրուցել է  զոհված զինծառայողների ծնողների հետ ու գրի առել նրանց պատմածները:

Ավետիք Իսահակյանի անվան գրադարանում այսօր զգացվում էր հերոսների շունչը։ Մինչ դահլիճ հասնելը՝  մեծ Էկրանին ցուցադրվում էին ապրիլյան պատերազմի հերոսների լուսանկարները  ֆիլմաշարի տեսքով։ Ծնողները ուշադրությունը գամել էին էկրանին։ Նրանցից մեկը նկատեց՝ այսօր իրենց տղաներին դիմավորելու փոխարեն եկել են այստեղ՝ արդեն նրանց մասին գրված գրքին ծանոթանալու համար: Ժորա Եսայանի  մայրը՝ տիկին  Մարգարիտան արցունքները  մի կերպ զսպելով պատմում էր, որ  որդու հետ վերջին անգամ  խոսել է ապրիլի մեկին։ Բարձրացել են դիրքերը, որդին զանգահարել  ու ասել է, որ ամեն ինչ նորմալ է, վաղը նորից կզանգահարի, իսկ առավոտյան արդեն լուրերով  տեղեկացել են պատերազմի մասին։ Այսօր նրանց տանը պետք միայն ուրախության ձայներ լսվեին

Այսօր նա պետք է զորացրվեր, այսօր ամբողջ օրը ես սպասում եմ իր վերադարձին:

Շատ դժվար իրավիճակում ես հայտնվում, երբ մոտենում ու ցանկանում ես զրուցել զոհված զինծառայողների  ծնողներ հետ։ Ուժերի գերլարում է պետք։ Սկզբում հուզված, հետո արդեն որդու մասին հիշելով  նրա դեմքին ժպիտ է հայտնվում։ Տիգրան Բերակչյանը  9 ամսվա ծառայող էր, Ջեբրայիլում էր։ Ամեն անգամ, երբ զանգում էր  հայրիկին,  միշտ նույն բանն էր ասում՝ դու հանկարծ գլխուդ չկախես

Թարմ կորստի ցավն ու վիշտը պատել էր դահլիճը ու քեզ ուժ տվողն էլի հերոսների հերոս մայրերն էին։ Գոհար Մարտիկյանն ասում է՝ կորստի վերքը չի կարող սպիանալ:

Երբ որևէ գիրք լույս է ընծայվում՝ սովորաբար շնորհավորում ենք հեղինակին։ Սակայն այս դեպքում այդ բառը կարծես անտեղի է։ Հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Արման Սաղաթելյանն  ասում է, որ տիկին Գոհարի հետ  շատ նախագծեր ու ռադիոհաղորդումներ էին որոշել իրականացնել, բայց  արդեն հաղթանակած ու մեր կողքին ապրող հերոսների մասին։ Ապրիլյան պատերազմը խառնեց բոլոր խաղաթղթերը:

Նշենք, որ մատենաշարի 10-րդ հատորը տպագրվել է  նախագահի աշխատակազմի դրամաշնորհային ծրագրի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում։

Ցուցադրել ավելի
Back to top button