Սպորտ

Արման Թաթոյանը հանդիպում է ունեցել Եվրոպական դատարանի նախագահի հետ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Ստրասբուրգում հանդիպել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ պարոն Գիդո Ռայմոնդիի հետ: Հանդիպմանը մասնակցել են նաև Հայաստանից նշանակված դատավոր Արմեն Հարությունյանը և դատարանի քարտուղար Ռոդրիկ Լիդելը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հաստատության և Եվրոպական դատարանի համագործակցությանն առնչվող հարցեր:

Խոսքը, մասնավորապես, վերաբերում է Եվրոպական դատարանում գործերի քննությանը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես երրորդ կողմ ներգրավվելու իրավական մեխանիզմին: Եվրոպական դատարանի նախագահը կարևորել է Մարդու իրավունքների պաշտպանի այս նախաձեռնությունը՝ նշելով, որ դա կլինի միջազգային լավագույն փորձ և ավելի կնպաստի Եվրոպական դատարանի գործունեության արդյունավետության բարձրացմանը:

Եվրոպական դատարանի նախագահը կարևորել է նաև Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնած նոր գործընթացը՝ կապված դատարանի վճիռների կատարման հետ: Կողմերը քննարկել են այս մեխանիզմի գործադրման մանրամասները:

Եվրոպական դատարանի նախագահը կարևորել է նաև Մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես դատարանի ad-hoc դատավորի դերը: Քննարկվել է նաև օմբուդսմանի՝ իրավունքների խախտում հայտնաբերելու մասին որոշումների նոր ձևը, որը հիմնված է Եվրոպական դատարանի կողմից կիրառվող սկզբունքների վրա:

Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվել են ապահովել շարունակական համագործակցությունը Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների պահանջների կատարման և առհասարակ հետամուտ լինել մարդու իրավունքների պաշտպանության գործում:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ

Ցուցադրել ավելի
Back to top button