Հասարակություն

Աշխատողների իրավունքների հարցը` հետին պլանում


Շատ ենք խոսում գործազրկության մասին, իսկ աշխատողների իրավունքների հարցը, կարծես, մնում է հետին պլանում։ «Ռադիոլուրն» այս օրերին իր աշխատող ունկնդիրներից զանգեր էր ստանում, որոնք փորձում էին պարզել, թե ինչպիսի՞ իրավունքներ ունեն իրեն նման սառնամանիքի պայմաններում փողոցում աշխատելու ժամանակ։

 

Հայաստանում աշխատանքային հարաբերություններն ու աշխատողների անվտանգության եւ առողջությանն պահպանման պայմանները կարգավորվում են օրենքով։ Մասնավորապես՝ օրենսդրությունը նախատեսում է նաև հատուկ ընդմիջումներ՝ կախված աշխատանքի պայմաններից: Հատուկ ընդմիջումներ պետք է տրամադրվեն բոլոր այն աշխատողներին, ովքեր աշխատում են 40 աստիճանից բարձր կամ 10 աստիճանից ցածր օդի ջերմաստիճանային պայմաններում, ինչպես նաեւ ծանր ֆիզիկական կամ մտավոր եւ հուզական գերլարված բնույթ կրող կամ առողջության համար բացասական ներգործություն ունեցող վտանգավոր այլ պայմաններում: Սա սահմանում է օրենսդրությունը։

Իսկ իրականությունը բոլորովին այլ բան է ապացուցում։ Դատելով մեր խմբագրություն ստացված զանգերից, պարզ է դառնում, որ ոչ բոլոր գործատուներն են հետևում աշխատանքային օրենսդրությանը: Հանգամանքներից ելնելով՝ «Ռադիոլուրին» դիմած աշխատողները չցանկացան ներկայանալ կամ կոնկրետ գործատուի հասցե նշել: Մի երևույթ, ինչը չզարմացրեց նաև առողջապահության նախարարության աշխատակազմի Առողջապահական պետական տեսչության աշխատակիցներին: Տեսչության աշխատանքի անվտանգության նկատմամբ վերահսկողության բաժնի գլխավոր մասնագետ Աշոտ Հարությունյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում հայտնեց, որ ստուգումներ են իրականացնում բացառապես դիմումների և բողոքների առկայության պարագայում:

Հակառակ դեպքում, տեսչությունը ձեռնպահ է մնում, թեև ընդունում է, որ ոչ բոլոր գործատուներն են բարեխիղճ և ոչ բոլոր աշխատողներն են, որ կբարձրաձայնեն իրենց իրավունքների ոտնահարման մասին:

Գործատուի հետ հարաբերությունները շատ ավելի կանոնակարգված կլինեն, եթե աշխատողները գիտենան ոչ միայն իրենց պարտականությունները, այլև իրավունքները:  Տեսչությունը, ի դեպ, պատրաստ է համապատասխան խորհրդատվություն տրամադրել և իրազեկել աշխատողներին սեփական իրավունքների մասին: Իսկ թե ինչ հաճախականությամբ և որքան պետք է տևեն այդ հատուկ ընդմիջումները, արդեն կանոնակարգվում են գործատուի հետ կոլեկտիվ կամ անհատական պայմանագրերով, «Ռադիոլուրի» հետ զրույցում հայտնեց «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի իրավաբան  Հերիքնազ Տիգրանյանը:

Աշխատանքային իրավունքների ոտնահարման հարցերով բազմիցս դիմել են նաև Հերիքնազ Տիգրանյանին, բայց ոչ թե ցուրտ կամ շոգ եղանակով պայմանավորված, այլ պարզապես աշխատելու համար անհարմար պայմաններից ելնելով:

Իրավաբանը հորդորում է աշխատողներին, անկախ ամեն ինչից, պաշտպանել սեփական իրավունքները, որոնք ամրագրված են օրենքով, և որոնք գործատուն պետք է հարգի:

Թե նման իրավիճակներում ինչ պատժամիջոց է նախատեսված գործատուի նկատմամբ, Հերիքնազ Տիգրանյանը հայտնեց, որ ամեն ինչ կախված է առողջապահական պետական տեսչության լիազորություններից:

Բայց քանի որ աշխատանքային օրենսդրության նկատմամբ վերահսկողություն իրականացնող մարմին չկա, պատասխանատվության մասը ևս բաց է մնում՝ նշեց իրավաբանը:

Ցուցադրել ավելի
Back to top button