Հասարակություն

Սպանություն Երևանում. կասկածյալը ձերբակալվել է

ՀՀ Քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` Երևանի բնակիչ, 1960 թ. ծնված Արմեն Սուրմենելյանի սպանության դեպքի առթիվ:Ինչպես հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի
տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, տղամարդու դին հայտնաբերվել է 2017թ. հունվարի 20-ին` ժամը 20.55-ին,  Երևան քաղաքի Թումանյան փողոցի բնակարաններից մեկում`  կրծքվանդակի ձախ կեսի շրջանում ծակած-կտրած վնասվածքներով:

Դեպքի առթիվ նույն օրը ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով և ձեռնարկվել անհետաձգելի քննչական և դատավարական այլ գործողություններ` հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ:

Քննությամբ պարզվել է դեպքի պահին բնակարանում գտնված անձանց ինքնությունը, շրջանակը, փաստական տվյալներ ձեռք բերվել՝ սպանության հանգամանքների վերաբերյալ:

Դեպքի վայրի զննության ընթացքում բնակարանի պատշգամբում գտնվող ծաղկամանի հետնամասից հայտնաբերվել է դանակ, որի վրա առկա են եղել արնանման հետքեր: Բացի այդ, մուտքի դռան վրայից մասնագետի կողմից վերցվել են կոշիկի ներբանի հետքեր:

Սպանությունը կատարելու կասկածանքով հունվարի 21-ին ձերբակալվել է նշված բնակարանի բնակիչը: Նախաքննության ընթացքում առգրավվել են տուժողի և կասկածյալի հագուստները:

Նշանակվել են դատաբժշկական, դատակենսաբանական, դատահետաքաբանական փորձաքննություններ:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Ցուցադրել ավելի
Back to top button