Քաղաքական

Պաշտպանն ահազանգում է Շիրխանյանի առողջության վատթարացման մասին


Այսօր լրագրողների հետ է հանդիպել զինված խմբի  գործով  կալանավորված Վահան Շիրխանյանի փաստաբան Հայկ Ալումյանը: Պաշտպանը կրկին ահազանգել է Շիրխանյանի առողջական վիճակի վատացման մասին և  որոշ պարզաբանումներ տվել դատական նիստին նրա չներկայանալու մասին:

Երեկ երրորդ անգամ հետաձգվեց Ազգային անվտանգության ծառայության կողմից  2015 թ. նոյեմբերին վնասազերծված զինված խմբի գործով դատական նիստը: Դրան կրկին չէր ներկայացել  ամբաստանյալներից Վահան Շիրխանյանը: Նրա բացակայության վերաբերյալ մեղադրող դատախազը նշել էր, որ, ըստ «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկից ստացված տեղեկանքի, Շիրխանյանի առողջական վիճակը բավարար է նիստին մասնակցելու  համար, սակայն արդեն երրորդ անգամ նա հրաժարվում է դատարան ներկայանալուց, խնդրում է պատգարակ կամ սայլակ, որի կարիքը, ըստ տեղեկանքների, չկա:

Շիրխանյանի պաշտպանն այսօր, ըստ էության, արձագանքում էր երեկվա դատական նիստին և  ընդհանրապես այն իրավիճակին, որն ստեղծվել է Շիրխանյանի մասնակցության հարցի շուրջ:

«Իրենք փորձում են սլաքներն ուղղել մեր դեմ, ուզում են ցույց տալ, որ Շիրխանյանը չի ցանկանում գալ դատարան: Բայց իրականությունն այն է, որ հենց իրենք չեն ուզում, որ Շիրխանյանը գա դատարան: Շատ լավ իմանալով, որ Շիրխանյանն ի վիճակի չէ ներկայանալ ոչ մի քայլ չի արվում նրան օգնելու համար»:

Օգնություն, ըստ Ալումյանի, կլիներ այն, որ Շիրխանյանին սայլակ կամ պատգարակ տրամադրվեր: Դրա անհրաժեշտությունը փաստող երեք փաստաթուղթ է նա երեկ  դատարան ներկայացրել է: Ընդհանուր առմամբ՝ իր պաշտպանյալի առողջական վիճակը խիստ մտահոգիչ է գնահատում:

«Լինելով առողջ՝ կալանավորվեց 2015թ. դեկտեմբերի 19-ին և էդ օրվանից մինչ այսօր դարձել է հաշմանդամ: Ինչ-որ տեղ  արդեն ձանձրացել եմ դրա մասին խոսել, բայց սա այն հարցն է, որի մասին լռել չի կարելի»:

Հայկ Ալումյանի այս գնահատականները իրականությանը չհամապատասխանող կամ այսպես ասենք չափազանցված է համարում Քրեակատարողական վարչությունը: Պաշտպանի նախորդ ասուլիսից  հետո տարածված հաղորդագրության մեջ,  օրինակ, նշվում էր, բժշկական կոնսիլիումի եզրակացությամբ Շիրխանյանը ստացիոնար բուժման կարիք չունի և շարունակում է ստանալ նշանակված դեղորայքային բուժումը:

«Եթե թղթերը տեսնեք, կզարմանաք, թե ինչ բուժօգնություն է ցուցաբերվում: Ձեզ կթվա, թե Շիրխանյանը առողջական կատարյալ  վիճակում է, անգամ կարող է ֆուտբոլ խաղալ, մինչդեռ իրականությունը բոլորովին այլ է և շատ ակնհայտ»:

Ի դեպ, Շիրխանյանի վիճակին արձագանքել էր նաև Մարդու իրավունքների պաշտպանը՝ արդարադատության նախարարին առաջարկելով Շիրխանյանին անհապաղ տեղափոխել քաղաքացիական առողջապահական հաստատություն և կազմակերպել նրա անհրաժեշտ խնամքը: Այս ահազանգը նույնպես դեռևս արձագանք չի ստացել:

Ի դեպ,  բանդայի գործով հաջորդ դատական նիստը նշանակվել է հունվարի 27-ին: Հայկ Ալումյանն ասում է, որ նույն խնդիրը կլինի նաև հաջորդ նիստի ընթացքում. կամ Շիրխանյանին պետք է սայլակ կամ պատգարակ տրամադրվի, կամ նա նորից նիստին մասնակցելու հնարավորություն չի ունենա:

Ցուցադրել ավելի
Back to top button