Քաղաքական

Հարձակում՝ ազատ խոսքի վրա


Ինչ զարգացումներ կարող են տեղի ունենալ բլոգեր Լապշինի գործով, ինչ քայլեր պետք է ձեռնարկեն նրա ընտանիքի անդամները ստեղծված իրավիճակում: Երեկ հայտնի դարձավ, որ Բելառուսը պատրաստ է բավարարել Բաքվի պահանջն ու արտահանձնել Լապշինին Ադրբեջան, ինչը հայ փաստաբանների համոզմամբ՝ իրավական տեսանկյունից  միանշանակ խնդրահարույց է:

 

 

Ճանապարհորդ եւ բլոգեր Ալեքսանդր Լապշինին Արցախ այցելելու, ինչպես նաեւ Ադրբեջան այցից հետո Ալիեւի վարչակարգը քննադատելու համար ձերբակալելը՝  հարձակում է ազատ խոսքի վրա, համոզված է միջազգային իրավունքի մասնագետ  Արա Ղազարյանը: Նրա խոսքով՝ ադրբեջանական քրեական օրենսգրքի 281 հոդվածը  նման է թուրքական տխրահռչակ 301 հոդվածին:

Եթե որևէ անձ քննադատական կարծիք է հայտնում որևէ պետության քաղաքականության մասին, ապա  դա չի նշանակում ոտնձգություն այդ երկրի տարածքային ամբողջականության կամ  սահմանադրական կարգի դեմ: Իսկ Բելառուսի կողմից Իսրայելի եւ Ռուսաստանի քաղաքացի բլոգերին Ադրբեջան արտահանձնելու  քայլը  իրավական տեսանկյունից  միանշանակ խնդրահարույց է, ասաց  Փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Սիմոն Բաբայանը:

Փաստաբանը բացատրեց, որ Բելառուսի քրեական դատավարության օրենսդրությունը  հնարավորություն է տալիս բողոքարկել դատախազության որոշումը  նախ Մինսկի քաղաքային  դատարան, ապա նաեւ՝ երկրի Գերագույն դատարան:

Միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանի համոզմամբ՝  Լապշինը քրեական հետապնդման է ենթարկվում ոչ թե նրա համար, որ հանցագործություն է կատարել, այլ որ հայերի նկատմամբ բարյացակամ վերաբերմունք է ցուցաբերել:  Քրեական հետապնդման նպատակը քաղաքական է, ոչ թե պայքար հանցավորության դեմ՝ նշեց փաստաբանը. նրա կարծիքով՝ Լապշինի ընտանիքի անդամները  պետք է դիմեն ՄԱԿ և հայկական կողմը պատրաստ է օգնել նրանց:

Քաղաքագետ Լևոն Շիրինյանն էլ արձանագրեց, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն  նույն  ռազմաքաղաքական կառույցում ՝ ՀԱՊԿ-ում ու նաև ԵԱՏՄ-ում գտնվող իր դաշնակցի՝  Հայաստանի նկատմամբ դեմ քանիցս ոչ դաշնակցային մոտեցում է դրսևորում, ինչը հիմք է, որպեսզի Հայաստանը վերանայի իր որոշ մոտեցումներ:

Հանրային խորհրդի մամուլի պատասխանատու Անի Գասպարյանն էլ տեղեկացրեց, որ հարցը հանրային խորհրդի ուշադրության կենտրոնում է և իրենք Լուկաշենկոյին ուղղված նամակ են հանձնել Հայաստանում Բելառուսի դեսպանին, որում  նշում են, որ դա մարդու իրավունքների, մասնավորապես՝ տեղաշարժի ու ազատ խոսքի կոպիտ խախտում է, իսկ ղարաբաղյան խնդիրը գլոբալ տարածաշրջանային անվտանգության հարց է և պետք է զգուշորեն մոտենալ դրան:

Ի դեպ՝ լուրեր կան, թե Մինսկում ձերբակալված բլոգերը ստորագրել է «Ադրբեջանի նախագահին հասցեագրված ներողություն հայցող նամակը»: Նշվում է, թե նա ներողություն է խնդրել իր գործողությունների համար՝ դրանք պատճառաբանելով չիմացությամբ։ Նամակը վավերացրել է Բելառուսում Իսրայելի դեսպանության հյուպատոսը և այն Բաքվում դեսպանության միջոցով փոխանցվել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմին:

Փաստաբան Արա Ղազարյանը կասկած հայտնեց, թե այդ ներողությունը Լապշինի ազատ կամքի արտահայտությունն է, եւ ոչ թե բռնաճնշումների ազդեցության տակ ստորագրված նամակ։

Ցուցադրել ավելի
Back to top button