Մշակույթ

Իրական արվեստի առաքելությունը՝ ըստ Արշակյան քույրերի


«Իրական արվեստի առաքելությունը միտքն ու հոգին հիվանդացնելը չէ, այլ` բուժելը: Մեզ պարտադրվող երաժշտական աղբն այսօր, ցավոք, հենց առաջինն է անում». Ինգա և Անուշ Արշակյան քույրերը համոզված են, որ պետք է ձերբազատվել աղբից և դա պետք է սկսել դպրոցից:

«Հետաքրքիր նախագիծ ենք ձեռնարկել այս տարի, լի ենք մեծ սպասումներով»,- իրենց նոր նախագծի վերաբերյալ  Ինգա և Անուշ Արշակյաններն առայժմ  փակագծեր չեն ցանկանում  բացել: «Անգամ ոչ թե նորություն, այլ գուցե հեղափոխություն երաժշտական աշխարհում, համերգ՝ սիմֆոնիկ նվագախմբի ու լուրջ երաժիշտների մասնակցությամբ»,-հակիրճ, բայց սպառիչ ներկայացնում է Ինգա Արշակյանը: Նոր տեսահոլովակի մասին քույրերը չեն մտածում, վերը նշված մենահամերգից բացի այլ նախագծի վրա են աշխատում:

Աղջիկների հետ զրուցեցինք ոլորտի խնդիրների, երաժշտական խոտանից ձերբազատվելու, նրբաճաշակ ունկնդրի քիմքին հաճո երաժշտություն մատուցելու անհրաժեշտության մասին: Իսկ որտեղից սկսել. ըստ Անուշ Արշակյանի՝  հիմքից, այսինքն՝ երաժշտական դպրոցից:

 

«Սա է պատճառը, որ մեր հոգին չի ընդունում այն, ինչ մեզ պարտադրվում է»,-ասում է Անուշ Արշակյանը, ում համոզմամբ,  երաժշտությունը  հոգին ու միտքն ախտահարելու փոխարեն, պետք է բուժի, ինչին և կոչված է իրական արվեստը:

«Կոմիտաս, Խաչատրյան. մեր ականջներում նրանք մանկուց հնչել ու մեր արյան մեջ են մտել՝ հանգիստ, աստիճանաբար: Պետք չէ արհեստականորեն խեղդել այն, ինչը մեր էության բնական մասն է կազմում:  Ի վերջո, ունկնդիրը պետք է նաև ընտրության հնարավորություն ունենա, ինչից շատ հաճախ զրկված է»,- հավելում է  Ինգա Արշակյանը:

Մշակույթի նախարարության նախաձեռնած «Ծիծեռնակ» ազգային երաժշտական մրցանակաբաշխության մասին, որը կկայանա 2017-ի մարտին: Անուշ Արշակյանի ձևակերպմամբ՝ հրաշալի է, որ այն իրականացնում է հենց նախարարությունը:

«Մրցակցություն կարող է լինել բիզնեսում,  ո՛չ թե արվեստում, որովհետև իրական արվեստագետն անկրկնելի է, յուրաքանչյուրն ունի իր գույնը, տեսակը, որը չի կարելի համեմատել: Բայց մրցանակով կարելի է խրախուսել արված աշխատանքը»,- համոզված են Արշակյան քույրերը:

Ցուցադրել ավելի
Back to top button