ՄիջազգայինՎերլուծական

Ինչ սպասել ԱՄՆ ամենաանկանխատեսելի նախագահից


Միացյալ Նահանգներն ու, թերեւս ողջ աշխարհը, երեկ մտան նոր՝ Դոնալդ Թրամփի նախագահության փուլ: Ի՞նչ սպասել դրաից՝ որոշ ուղղություններ տվեց հենց ինքը՝ Թրամփը իր 17 րոպեանոց պաշտոնամուտի ելույթում: Որոշ գնահատականներով՝ այն հակասական տպավորություն է թողել: Թեեւ քաղաքագետները պնդում են, որ շատ դժվար է կանխատեսել Թրամփի հետագա գործողությունները, բայց ԱՄՆ 45- րդ նախագահի խոսքում կային հստակ ծրագրերի ցուցիչներ:

Ավանդույթի համաձայն՝ շնորհակալությունների շարք, բայց հետո գործի անցնելու հորդոր: «Երկիրը վերականգնման կարիք ունի»,- երդմնակալությունից հետո իր առաջին ելույթում հայտարարեց ԱՄՆ 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփը:

17 րոպեանոց ելույթին երեկ հետեւել են ամբողջ աշխարհում՝ փորձելով հասկանալ՝  ինչ կարող է փոխվել այսուհետ կոնկրետ երկրների համար եւ մասնավորապես՝ աշխարհում: Կոնկրետ Թրամփի դեպքում կանխատեսումները եւ վերլուծությունները անիմաստ է համարում Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը:

«Ռադիոլուրին» տված հարցազրույցում այսպես է հիմնավորում ասածը. «Իր անկանխատեսելիության մակարդակն այնքան բարձր է, որ ես համոզված եմ՝ անգամ իր կինն էլ չի կարող կանխատեսել, թե ինչ քայլեր ինքը կանի»:

Նախագահի պաշտոնում անցկացրած մեկ օրում Դոնալդ Թրամփն արդեն հասցրել է անել զգալի աշխատանք: Երդմնակալության արարողությունից հետո զբաղեցնելով Օվալաձեւ կաբինետը Թրամփը ստորագրել է մի շարք  հրամանագրեր։ Դրանք եւ իր կամբինետի անդամների նշանակման հրամաններն էին, եւ նախկին նախագահ Բարաք Օբամայի նախաձեռնած մի շարք ծրագրերի չեղարկումները, այդ թվում նաեւ Obamacare անունն ստացած առողջապահական ապահովագրության ծրագրի։ Նաեւ նշանակել է մի շարք երկրներում դեսպաններ, այդ թվում նաեւ՝ ՄԱԿ- ում ԱՄՆ մշտական ներկայացուցչին։ Թրամփը պահանջել էր, որ նախկին նախագահ Բարաք Օբամայի վարչակազմի կողմից նշանակված դեսպանները հունվարի 20-ի կեսօրի դրությամբ վայր դնեն իրենց լիազորությունները:

Իբրեւ առաջին քայլ Միացյալ Նահանգների 45-րդ նախագահի ծրագրերում է նաեւ Մեքսիկայի հետ սահմանային պատի շինարարությունն ու միգրացիայի սահմանափակումը։ Հարավային Կովկասը Դոնալդ Թրամփի ծրագրերում առանձնակի տեղ չի զբաղեցնում: Նա այն թեկնածուներից էր, որ որեւէ խոստում հայ համայնքին այդպես էլ չտվեց, բայց ամեն դեպքում՝ հայերով փորձում ենք հասկանալ, թե ինչ կարող է փոխվել այս պետության քաղաքականության մեջ:

Հստակություն այս հարցում դեռեւս չկա, բայց մեր ուշադրությունն ուղղված է նաեւ դեպի Թրամփի նոր թիմ: Տեսնում ենք, որ այնտեղ առանցքային պաշտոններից մեկը զբաղեցնելու է հայազգի Քեն Նահիգյանը: Հայազգի գործիչը նախընտրական շրջանում զբաղեցրել է ռազմավարական պլանավորման եւ աջակցության թիմի ղեկավարի պաշտոնը: Մեզ հետաքրքրող ուղղությունից կարող ենք առանձնացնել այսքանը: Ինչ վերաբերում է Թրամփի ելույթում առկա «մեսիջներին», ապա Ամերիկայի 45-րդ նախագահը խոստացել է «Ամերիկան կրկին հզորացնել», եւ հոգալ բոլոր նրանց մասին, որոնց Օբամայի վարչակազմը, իր բնորոշմամբ, անտեսել է։

Ի դեպ՝ Թրամփի պաշտոնամուտի արարողությունները Վաշինգտոնում ուղեկցվել են նաեւ բողոքի ակտիվ գործողություններով եւ ոստիկանության հետ բախումներով։ Բողոքի ակցիաները կշարունակվեն նաեւ այսօր։ Թրամփի ամենաբարդ խնդիրն այսօր ամերիկյան հասարակության համախմբումն է։ Նա այն ամերիկացի նախագահն է, որն ամենացածր վարկանիշով է ստանձնում պաշտոնը։ Սոցիոլոգիական հարցման վերջին տվյալներով՝ նրան համակրում է ամերիկացիների միայն 40 տոկոսը։

Փորձագետները նշում են, որ ԱՄՆ նոր նախագահի քաղաքականության հիմքում դրվում է մեկուսացման եւ հովանավորչության քաղաքականությունը։ Ուրեմն ի՞նչ՝ Ամերիկան հեռանում եւ պարփակվում է ինքն իր մեջ։ Կհաջողվի՞ դա Թրամփին։ Կապրենք, կտեսնենք։

Ցուցադրել ավելի
Back to top button