Քաղաքական

Հայերենի քննություն՝ պատգամավորների համար


Ընտրական նոր օրենսգրքի համաձայն ԱԺ պատգամավոր ընտրվելու համար, ի թիվս այլ չափանիշների, սահմանվել է նաև հայերենին տիրապետելու պահանջը։ Ապագա ազգընտիրները պետք է հայոց լեզվից քննություն հանձնեն, ու եթե  վատ հանձնեն,ապա չեն կարող մասնակցել քաղաքական ընդունելության քննությանը, որը կոչվում է ընտրություն։


Մինչ դիմորդները պարապում են կրկնուսույցների մոտ ու մտածում, թե տվյալ առարկայից քանի բալ կհավաքեն բուհ ընդունվելու համար, պարզվում  է, որ նման խնդրի   առաջ կարող են կանգնել ապագա ազգընտիրները։ Այս պարագայում էլ պատգամավորների քննությունը ոչ թե բուհն է անցկացնում, այլ՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը։  Նոր ընտրական օրենսգրքի 80-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ ԱԺ պատգամավոր ընտրվելու համար, ի թիվս այլ չափանիշների, սահմանվել է նաև հայերենին տիրապետելու պահանջը: Այսինքն՝ հայերենից կաղացող, լեզվին  լավ չտիրապետող պատգամավորներ խորհրդարանում չեն հայտնվի։ Կհայտնվեն նրանք, ովքեր կհանձնեն գրավոր թեստ և  100 հնարավորից կհավաքեն 27 միավոր:

«Ռադիոլուրն» այցելեց ԿԳ նախարարություն  ու  ականատես եղավ, որ  իրավաբանական վարչության աշխատակիցները լեզվաբանի հետ միասին քննարկում են ներկայացվելիք հարցաշարը: Հարցերը ընտրվելու  են  դիմորդների համար նախատեսված շտեմարաններից: Երբ հարցաշարը պատրաստ կլինի, այն կտեղադրվի կրթության գիտության նախարարության  կայքէջում՝ ասում է ԿԳՆ իրավաբանական վարչության պետի տեղակալ  Հասմիկ Մանուկյանը։

Թվում էր, թե այս որոշման արդյունքում հայրենի խորհրդարանում չէին հայտնվի այն  անձինք, ովքեր  այս տարիների ընթացքում՝ այսպես ասենք, փայլեն են իրենց հայերենի  յուրահատուկ իմացությամբ: Սին հույսեր։ Հանրակրթության ատեստատ, բարձրագույն կրթության վկայական ունեցող պատգամավորության թեկնածուները հայերենի քննություն չեն հանձնի։

Քննության համար տրվելու  է  50 րոպե, բողոքարկման հնարավորություն նույնպես ընձեռնվելու է։ Արդյո՞ք  նման դիմորդ- պատգամավորության թեկնածուներ շատ կլինեն, թե  ոչ՝ առայժմ դժվար  է ասել, բայց խորհրդարանում ներկա պատգամավորներից որեւէ մեկն այն չի հանձնի։ Ու հաջորդ խորհրդարանում եւս ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ  Մանուկյանը կրկին անվճար դասընթացներ կտա գործընկերներին, ինչպես ներկա խորհրդարանում, եթե իհարկե ինքը կարողանա հանձնել քաղաքական ընդունելության քննությունը, որը կոչվում է ընտրություն։

Ցուցադրել ավելի
Back to top button