Տնտեսական

Կենդանիներից փոխանցվող հիվանդությունների ռիսկը


Առողջության համար հատկապես վտանգավոր են գյուղատնտեսական կենդանիներից փոխանցվող հիվանդությունները, որով վարակվում են ոչ միայն կենդանիներ պահող ընտանիքի անդամները, այլ նրանք, ովքեր օգտվում են լավ չվերամշակված կաթնամթերքից ու մսամթերքից: Դրանցից առանձնանում է բրուցելոզը: Հիվանդության ախտանիշերը կենդանիների մոտ արտաքուստ չեն  արտահայտվում, հայտնաբերվում է միայն արյան լաբորատոր հետազոտության ժամանակ, իսկ մարդկանց մոտ ուղեկցվում է սուր ոսկրային  ցավերով:

 

 

Մսամթերքի շուկայում մսի վաճառքն  աշխուժանում է հատկապես ձմռանը,  երբ ավելանում է մորթի քանակը: Այս դեպքում անվերահսկելի է դառնում մսի օգտագործումը՝ սննդամթերքի անվտանգության տեսակետից: Բարեխիղճ վաճառողները  վաճառքից առաջ  միսը ենթարկում են լաբորատոր հետազոտության և  թույլտվությունը ստանալուց հետո՝ վաճառում: Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության Արմավիրի մարզային կենտրոնի պետ Ալեքսան Մկրտչյանը  վստահեցրեց, որ անասնաբուժասանիտարական փորձաքննությունը կազմակերպվում է տեղում՝ 10-15 րոպե տևողությամբ:

Գյուղերում հաճախ հանդիպող երևույթ է մասնավոր մորթը և առանց անասանաբույժի լաբորատոր հետազոտության մսի վաճառքը: Գյուղացիները վստահեցնում են, որ անասունն առողջ է և որևէ խնդիր չի կարող առաջացնել: Սա միայն ենթադրություն է, քանի որ կան այնպիսի հիվանդություններ, որոնք արտաքուստ ոչ մի նշան չունեն: Այդպիսի հիվանդություն է նաև բրուցելոզը: Այն  տարածվում է բրուցելա մանրէի միջոցով, որը կայուն չէ բարձր ջերմաստիճանի նկատմամբ:

Հեղուկ միջավայրում +60աստիճան ցելսիուս  ջերմաստիճանային պայմաններում դրանք ոչնչանում են 30 րոպեում, իսկ եռացնելիս՝ անմիջապես: Բրուցելոզով հիվանդանում են գյուղատնտեսական կենդանիները, առնետները, շները, ինչպես նաև մարդիկ: Մարդկանց հարուցիչը փոխանցվում է հինանդ կենդանու չմշակված կաթնամթերքից և մսից: Արգավանդ գյուղի բնակչուհի Սուսաննա Միսակյանը 2001 թվականին հիվանդացել էր բրուցելոզով, սակայն հիվանդությունը հայտնաբերվել է վարակից մեկ տարի անց, ինչը խիստ  բարդացրել էր նրա առողջական վիճակը: Հիվանդությունն արտահայտվել էր հոդացավերով, ոսկրային ուժեղ ցավերով, որի պատճառով հիվանդը կծկված է եղել, շարժվել է ձեռնափայտով:

Բրուցելոզի դեմ բուժումները ավելի երկար տևեց, երբեմն գլուխ է բարձրացնում: Սուսաննան ամեն տարի 2 անգամ բրուցելոզի դեմ արյան հետազոտություն է անցնում, անհրաժեշտության դեպքում՝ բուժում ստանում: Բնամթերքի փոխանակման արդյունքում մեկ այլ գյուղացուց գնած անալի պանիրը առողջական խնդիրների բարդացման պատճառ դարձավ, սակայն ինքը կաթնամթերքը մշակում է նախատեսված ձևով, որպեսզի ոչ մի մանրէ չմնա:

«Պանիրը աղաջրում պահում եմ 40-60 օր, որպեսզի աղը լավ ուտի, իսկ կաթը շատ եմ եռացնում: Եռացրած կաթի մեջ ոչ մի մանրէ չի մնում»:

Կենդանու մոտ բրուցելոզ հիվանդությունը հայտնաբերվում է արյան հետազոտմամբ, որը տարվա մեջ 2 անգամ է իրականացվում՝ գարնանն ու աշնանը: Այկլ երկրներում հայտնաբերված հիվանդ կենդանիներին սպանդի են ենթարկում, իսկ միսը 120 աստիճան ջերմամշակման ենթարկելով՝ պահածոյացնում:

Անցած տարի Արմավիրի մարզում հայտնաբերվել է 120 հիվանդ կենդանի:  Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության Արմավիրի մարզային կենտրոնի պետ Ալեքսան Մկրտչյանը տեղեկացրեց, որ մյուս տարիների համեմատությամբ հիվանդ անասունների թիվն անհամեմատ նվազել է: Բրուցելոզով հիվանդ կենդանուն  սպանդի են ենթարկում բակային պայմաններում, քանի որ մարզում չկա  սպանդանոց, իսկ գյուղացուն փոխհատուցում չի տրվում: Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության անասնաբուժության տեսչության գլխավոր մասնագետ Հովիկ Բատիկյանը տեղեկացրեց, որ  գյուղատնտեսական կենդանիները պետական պատվերի շրջանակում պատվաստվում են 7 անուն հիվանդության դեմ, անցած տարի ներառվել է նաև խոշոր եղջերավոր կենդանիների հանգուցային մաշկաբորբ և մանր եղջերավորների ժանդախտ հիվանդության դեմ:

Բրուցելոզ հիվանդության կանխարգելման և արդյունավետ պայքար կազմակերպելու նպատակով կարևորվում է կենդանիների համարակալման, գրանցման, անձնագրավորաման գործընթացը, որն առայժմ պիլոտային ծրագրի ձևով իրականացվել է Վայոց Ձորի մարզում, իսկ Սյունիքի մարզում իրականացվելէ բրուցելոզի դեմ պատվաստամն պիլոտային ծրագիր, որի շրջանակում պատվաստվել է 40000-ից ավելի խոշոր եղջերավոր անասուն և 150000՝ մանր եղջերավոր:

Ծրագրի փորձագետ-անասնաբույժ Տիգրան Մարկոսյանը նշեց, որ ծրագրով նախատեսված է պատվաստել 3-8 ամսական մանր եղջերավոր անասուններ և 4-12 ամսական՝ խոշոր եղջերավոր, քանի որ մեծահասակ անասունների մոտ պատվաստանյութը կարող է բարդություններ առաջացնել:

Փորձագիտական դրական  եզրակացությունների արդյունքում այն կկիրառվի կենդանիների վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի միջոցառումներում:

Ցուցադրել ավելի
Back to top button