ԼՂՀ- ում անցած տարի չորրորդ երեխան ունեցած ընտանիքներն աջակցություն ստացան


Լուսինե Ավանեսյան
«Ռադիոլուր»
Այսօր Ստեփանակերտի հանդիսությունների սրահներից մեկում ԼՂՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հրավերով հավաքվել են 213 ընտանիքների ներկայացուցիչներ: Այդ ընտանիքներում 2016 թվականին ծնվել են չորրորդ զավակները եւ այսօր նրանց բարերար Սամվել Կարապետյանի անունից խոստացված 4 հազարական դոլար պարգեւավճարն է փոխանցվել:
Բազմազավակ ընտանիքների համար «Տաշիր խմբի» ընկերությունների նախագահ Սամվել Կարապետյանի նվերը հաճելի անակնկալ էր: Որ բարերարը 2016 թվականի տարեսկզբին խոստացել էր 4000 դոլար տրամադրել 4- րդ երեխա ունեցող ընտանիքին, գիտեին, բայց ընտանիքում չորորդ երեխայի ծնունդն այս տարի ոչ բոլոր դեպքերում էր պայմանավորված մեկնարկող ծրագրով:Արցախի աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Սամվել Ավանեսյանը վերջին տարիների վիճակագրական տվյալները ներկայացնելով, այնուամենայնիվ շեշտում է, որ բարերարի հայտարարությունն իր դերը խաղացել է՝ չորրորդ երեխան ունենալու ծնողների մտադրության հարցում:
Ընդ որում՝ Սամվել Ավանեսյանը շեշտում է, որ 2016 թվականին հրապարակված թվից շատ չորրորդ երեխա է ծնվել, պարզապես դեռեւս ոչ բոլոր ծնողներն են փաստաթղթերը համապատասխան ծառայություններ ներկայացրել: Առաջիկա տարիների համար ծրագիրը շարունակվելու է բնականաբար ավելանալու է ընտանիքների չորրորդ զավակների թիվը:
Արդյունքները կամփոփվեն երկու տարի անց: Լրացնեմ, որ բազմազավակության եւ ծնելիության խթանման ծրագիրն Արցախում գործում է 1998 թվականից. դրա շրջանակներում տարբեր միջոցառումներ են իրականցվում՝ տրվում են միանվագ եւ ամենամսյա նպաստներ, բացվում են բանկային ավանդներ, 5եւ ավելի երեխա ունենալու դեպքում կառուցվում են բնակարաններ:2015 թվականին վերջին ծրագրին միացել էր նաեւ «Հայաստան» համահայկական հիմնադրամը: