Հասարակություն

«Ես մեղադրում եմ Ադրբեջանին». ադրբեջանական վայրագությունների նոր փաստեր

Այս տարի Հայաստանը քարոզչության առումով ունի լուրջ անելիքներ՝ աշխարհին ներկայացնելու Քարինտակի հերոսամարտի, Շուշիի ազատագրման եւ Մարաղայի ողբերգության իրական ճշմարտությունը: Այս տարի լրանում է այս բոլոր իրադարձությունների 25- ամյակը եւ այդ կապակցությամբ պատրաստվում են ֆիլմեր եւ գրքեր: Այսօր սակայն Բաքվի հայկական ջարդերի 27- րդ տարելիցն ենք նշում։ Մեկ շաբաթ ընթացող կոտորածներն ավարտվեցին այսօր, երբ խորհրդային բանակը մտավ Բաքու, երբ այլեւս գոյություն չուներ քաղաքի 250 հազարանոց հայ համայնքը: Շատերը մինչ այսօր դեռ փախստականի կարգավիճակով ապրում են տարբեր երկրներում եւ այսօր լսելով նրանց պատմությունները՝ բացահայտվել են նոր փաստեր:

 

ԽՍՀՄ նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովին Վիլնյուսի դատարանը ծանուցում է տվել՝ այս քաղաքում 1991 թվականին տեղի ունեցած արյունոտ իրադարձությունների դատական նիստին մասնակցելու համարԱյն ժամանակ Լիտվայի մայրաքաղաքում զոհվել էր 18 մարդ: Գորբաչովը պատասխան տալու խնդիր ունի նաեւ հայերի առջեւ՝ կարծում է <<Սովորական ցեղասպանություն>> նախագծի ղեկավար Մարինա Գրիգորյանը: Նա պնդում է՝ Գորբաչովը մեղավոր է 3 ցեղասպան ակտերի՝ 1988- ի Սումգայիթի, 1990 թվականի Բաքվի կոտորածների եւ 1991 թվականի <<Օղակ>> գործողության համար։

27 տարի առաջ հենց այս օրը խորհրդային բանակը մտավ Բաքու, մտավ շատ մեծ ուշացումով, քանի որ մինչ այդ՝ ուղիղ մեկ շաբաթ սպանում էին, տանջամահ էին անում, կողոպտում եւ բռնաբարում էին հայերին:

<< Ես մեղադրում եմ Ադրբեջանին>>  նոր նախագծի շրջանակներում պատրաստվել է 30 տեսահոլովակ։ Նկարահանումներն իրականացվել են Ամերիկայի Միացյալ Նահանգներում: 90-ական թվականներին Բաքվից մազապուրծ մոտ 60 հազար հայ  տեղափոխվել է հատուկ պետական ծրագրով: Մինչ այսօր նրանց ոչ մեկը չէր լսել, նրանց վկայությունները չէր արձանագրել։ Եվ ահա այսօր ի հայտ են գալիս նոր փաստեր այդ վայրագությունների մասին։

Հավաքագրված շուրջ 150 վկայություններից պարզ է դարձել, որ  հայերին նաեւ նետում էին Կասպից ծով այն լաստանավերից, որոնք Ադրբեջանից Թուրքմենստան պետք է տեղափոխեին նրանց: <<Այս վկայությունները բազմաթիվ են>>,- ասում է Մարինա Գրիգորյանը: Միացյալ Նահանգներից բերել են բազմաթիվ փաստաթղթերի պատճեններ, որոնք փախստականները կարողացել են պահպանել եւ իրենց հետ տեղափոխել:

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանի գնահատմամբ՝ այս ամենով կարելի է ոչ միայն նոր էջ բացել քարոզչական դաշտում, այլեւ փոխել բանակցությունների մթնոլորտը: Հունվարի 20-ը սակայն իրենց համար զուգահեռ քարոզչության օր են սարքել ադրբեջանցիները: ներկայացնում են, թե հունվարի 20-ին խորհրդային  զորքերը մտան Բաքու՝ տապալելու անկախ պետություն ունենալու իրենց ազատական նկրտումները: Մեր խնդիրն է այս փաստը ճիշտ ներկայացնել, ասում է քաղաքագետը:

Հիշեցնենք, խորհրդային տարիներին Բաքվում բնակվել է 250 հազար հայ: Մինչեւ 1990 թվականի ջարդերը այդ նույն քաղաքում հայերին փորձել էին բնաջնջել եւս մի քանի անգամ՝ 1905 եւ 1918 թվականներին:

Ցուցադրել ավելի
Back to top button