Վերլուծական

Արեւմուտքն ստիպված է համագործակցել Թուրքիայի հետ

Նախորդ  տարվա ընթացքում սրվեցին ՆԱՏՕ- Թուրքիա, Անկարա-Վաշինգտոն հարաբերություններն ու այդ երկրի ներքին քաղաքականությունն սկսեց ղեկավարվել դրսից: Թուրքիան անցյալ տարի չստացված հեղաշրջման փորձ ապրեց, ինչն ավելի սրեց ներքաղաքական իրավիճակը, ինչպես նաեւ Էրդողանին հնարավորություն տվեց սկսել իրեն ձեռնտու սահմանադրական փոփոխությունները։ Թուրքագետներն ու վերլուծաբանները պնդում են՝  Սահմանադրության փոփոխմամբ Անկարան ոչ թե առաջ է գնում, այլ՝ հետ՝ նմանվելով  «Օսմանյան կայսրության ժամանակների սուլթանական քաղաքականության նախատիպին»:

Թուրքիան, փակելով 2016 թվականի ներքաղաքական ու արտաքին քաղաքական բարդ գործընթացներով հագեցած էջը, 2017-ը սկսեց նույնքան ծանր ու դեռ անկանխատեսելի հետեւանքներ ենթադրող զարգացումների սպասումով։ Խոսքը ներքաղաքական  գլխավոր խնդրի՝ Մայր օրենքի փոփոխության մասին է: Թուրքիան այս տարի պատրաստվում է ընդունել նոր Սահմանադրություն, համաձայն որի՝ երկիրը կանցնի  կառավարման նախագահական համակարգի։

Դեռ վաղ է խոսել, թե կհաջողվեն այս փոփոխությունները, սակայն արդեն իսկ տեսնելով մեջլիսում ընթացող քննարկումները, քաղաքագետներն ու վերլուծաբանները խաղաղ ընթացք չեն կանխատեսում: «Ռազմինֆո» լրատվակայքի վերլուծաբան Տարոն Հովհաննիսյանն այսօր ներկայացնելով խորհրդարանական քննարկումները եւ ընդդիմադիր հատվածի ներգրավվածությունը գործընթացներում նշեց:

«Անցյալ շաբաթ ՍԴ փոփոխությունների 18 կետերն արդեն անցել են առաջին ընթերցում: Այս շաբաթ նախատեսված է երկրորդ ընթերցումը: Մյուս շաբաթ հավանաբար բոլոր կետերը հավանության կստանան: Սա նաեւ Թուրքիայի ընդդիմադիր շրջանակներում անվանում են մեկ մարդու իշխանության հաստատում, իսկ այդ մեկ մարդը Էրդողանն է:  Դատելով այս գործընթացներից՝ նախագահական ինստիտուտը կտանի նրան, որ եթե քրդերը մինչ այժմ ունեին խորհրդարանում ձայն ու կշիռ, սրանից հետո դժվար կլինի պետական կառավարման համակարգում ունենալ նման ձայնի հնարավորություն»:

Մեկ մարդու կառավարումը ի՞նչ կտա Թուրքիայում բնակվող ազգային փոքրամասնություններին: Ստամբուլում լույս տեսնող «Մարմարա» օրաթերթի գլխավոր խմբագիր, պոլսահայ մտավորական Ռոբեր Հատեճյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում, խոսելով հայ համայնքի վրա սահմանադրական փոփոխությունների հնարավոր ազդեցության մասին, հստակեցրեց,  որ դրանք առաջին հերթին իշխանություն-ընդդիմություն հակասությունների ծիրում են և ոչ թե ազգային փոքրամասնություններին առնչվող հարցերում։

Վերլուծաբան Տարոն Հովհաննիսյանը հակահայկական տրամադրությունների նոր հասունացում կանխատեսում է՝ նշելով, որ <<Արդարություն եւ զարգացում>> կուսակցությունը երկրում սպասվող ցանկացած ընտրություններից առաջ նման քաղաքականություն է վարում:

<<Ակոս>> պարբերականի գլխավոր խմբագիր Էդվարդ Դանձիկյանը հայ-թուրքական հարաբերությունների վերսկսում երկրում ընթացող սահմանադրական բարեփոխումների ֆոնին չի ակնկալում՝ նշելով, որ ազգայնամոլությունն անուղղակի խրախուսող Էրդողանը դժվար թե հարաբերությունների թարմացման գնա:

Սուլթանացման ճանապարհով գնացող Թուրքիան միջազգային հանրության համար եւս անընդունելի է, քանի անհրաժեշտ է քիչ թե շատ կանխատեսելի երկիր տեսնել, առավել ես, որ Արեւմուտքի՝ մասնավորապես եվրոպացիների հետ կան խնդիրներ: Բայց ամեն դեպքում Թուրքիան առաջվա նման շարունակում է մնալ ՆԱՏՕ-ի կարեւոր եւ այսօր գոնե անփոխարինելի անդամ։ Միաժամանակ, ըստ թուրքագետ Մուշեղ Խուդավերդյանի, պետք է հասկանալ, որ Էրդողանն իր ձեռքի տակ ունի զսպան միջոց՝ դեպի եվրոպա միգրանտների հոսքի կառավարում, որը բավականին ծանր եւ ցավոտ հարց է եվրոպացիների համար։ Ուստի Արեւմուտքն ստիպված է լինելու շարունակել համագործակցությունն անգամ այսպիսի Թուրքիայի հետ։

Ի՞նչը կարող է արգելակել Էրդողանի միանձնյա կառավարման մոդելի ձեւավորմանը՝ թուրքագետը պատասխանում է. «Եթե Էրդողանի իշխանությունը մոտ ժամանակներս չտապալվի, ապա այս գործընթացը կտանի միայն ամրապնդման»:

Հիշեցնենք, որ օրերս Թուրքիայի Ազգային մեծ ժողովում սահմանադրական փոփոխությունների քննարկումներն ուղեկցվեցին ծեծկռտուքով: Իշխող կուսակցության փոխնախագահ Ֆաթիհ Շահինն անգամ կոտրեց քիթը: Մեջլիսում գաղտնի քվեարկության արդյունքում 341 կողմ և 139 դեմ ձայներով ընդունվել է սահմանադրական փոփոխությունների երրորդ հոդվածը, որը նախատեսում է պատգամավոր ընտրվելու տարիքը 25-ից իջեցնել 18-ի: Բացի այդ, զինվորականության հետ կապ ունեցողներն այդ հոդվածով չեն կարողանալու դառնալ պատգամավոր: 343 կողմ և 139 դեմ ձայներով ընդունվել է չորրորդ հոդվածը, որով այսուհետ մեջլիսի ընտրությունները պետք է անցկացվեն ոչ թե 4, այլ 5 տարին մեկ: 5 տարին մեկ են անցկացվելու նաև նախագահական ընտրությունները: Ընդ որում, երկու ընտրություններն էլ այսուհետ պետք է տեղի ունենան նույն օրը:

 

Ցուցադրել ավելի
Back to top button