Տնտեսական

Վերադարձ Հայաստան. տարեկան 1000- ից ավելի սփյուռքահայ իր գործն է հիմնում Հայաստանում


«Վերադարձ Հայաստան» հիմնադրամի միջոցով տարեկան շուրջ 1000-1500 սփյուռքահայ է հայրենիք վերադառնում: Նրանց մի մասը, ի դեպ, արդեն հիմնել են սեփական բիզնեսը և բավականին լուրջ հաջողությունների են հասել: Իհարկե, լինում են նաև խոչընդոտներ, բայց դրանք բոլորը հաղթահարելի են, եթե կա կամք և համբերություն: «Վերադարձ Հայաստան» հիմնադրամը 2012թ-ից աշխատում է այն մարդկանց հետ, ովքեր կամավոր և գիտակցաբար որոշում են ապրել և աշխատել Հայաստանում: Հայրենադարձներ ունենք Կանադայից, Ռուսաստանից, Մեծ Բրիտանիայից, Լիբանանից, ԱՄՆ- ից:

 

 

Պարզվում է սփյուռքահայերը գալիս են Հայաստան ոչ միայն զբոսաշրջիկի կարգավիճակով, այլև հաստատվելու և սեփական բիզնեսը ստեղծելու նպատակով: Լիբանանահայ Արմինե Փանոսեան-Ղազարեանն ընդամենը մեկուկես տարի է Հայաստանում և այս կարճ ժամանակահատվածում արդեն հասցրել է հիմնել սեփական ուսումնական կենտրոնը, որտեղ բավականին լուրջ հաջողությունների է հասել:

«Իմ մասնագիտությունը անգլերենն է: Երբ եկա Հայաստան, անմիջապես աշխատանք գտա և սկսեցի անգլերեն դասավանդել: Նպատակս սակայն անձնական ուսումնական կենտրոն ունենալն էր և արդեն 2 ամիս է ես ունեմ իմ կենտրոնը»:

Բիզնեսում բավականին մեծ հաջողությունների է հասել նաև կանադահայ Շանթ Չակմակը: Ավելին՝ կազմակերպությունը, որը նա ներկայացնում է, անգամ աշխատատեղեր է ստեղծել տեղացիների համար:

«Կանայք մեզ համար տարբեր ապրանքներ են պատրաստում, որոնք մենք արտահանում ենք աշխարհի 4 կողմը»:

Թե բիզնես ստեղծելու համար Հայաստանում նպաստավոր պայմաններ չկան  և ամեն քայլափոխի սկսնակ գործարարները խոչընդոտների են հանդիպում Արտյոմ Թադևոսյանը միֆ է համարում։ 20 տարի Մոսկվայում բնակվելուց հետո 2012-թ-ին տեղափոխվել է Հայաստան և այժմ  օրգանիկ չրի արտադրությամբ է զբաղվում:

«2012 թ-ից զբաղվում եմ արտահանմամբ և երբևէ խնդիր չեմ ունեցել ոչ հարկայինի, ոչ էլ մաքսայինի հետ: Ընդամենը մենք մասնագետներ ենք ներգրավել և ամեն ինչ արել ենք օրենքի սահմաններում»:

Այս բոլոր սփյուռքահայերին, ի դեպ, համախմբել է «Վերադարձ Հայաստան» հիմնադրամը, որը  2012թ-ից աշխատում է այն մարդկանց հետ, ովքեր կամավոր և գիտակցաբար որոշում են ապրել և աշխատել Հայաստանում: Հիմնադրամի համահիմնադիր Վարդան Մարաշլյանը հայտնեց, որ հայրենադարձներ ունենք Կանադայից, Ռուսաստանից, Մեծ Բրիտանիայից, Լիբանանից, ԱՄՆ-ից։ Տարեկան 1000- 1500 նման հայրենադարձներ ենք ունենում՝ ասում է:

«Սիրիահայերին չենք ներառել այս ցանկի մեջ, թեև փորձում ենք նրանց ամեն ինչով օգտակար լինել: Մեր տվյալներով՝ մինչ օրս 17.000 սիրիահայ գտնվում է Հայաստանում: Սիրիահայերի խնդիրն այլ է: Նրանք իրենց կամքով չեն եկել Հայաստան, այլ պատերազմի պատճառով, ուստի հոգեբանական և այլ բազմաթիվ խնիրներ ունեն: Դժվար է մարդուն օգնել, եթե նա ֆիզիկապես այստեղ է, բայց չի հասկանում ուզո՞ւմ է մնալ, թե՞ ոչ»:

Թե քանի հայրենադարձ է հիմնադրամի միջոցով հաստատվել Հայաստանում, Վարդան Մարաշլյանը դժվարանում է պատասխանել։ Չկա հայրենադարձի կարգավիճակ, իսկ այն սահմանող օրենքի նախագիծը արդեն հինգ տարի է խորհրդարանում է։

Back to top button