ԿարևորՔաղաքական

«1.5 մլն +1».Հրանտ Դինքի սպանությունից 10 տարի անց


2007 թվական, հունվարի 19-ը: Օր, որ ամեն հայի սրտում ու մտքում դաջվեց, որպես կորստի օր: «Ես Դինք եմ» վանկարկումով ամբողջ Ստամբուլը ողողվել էր պաստառներով ու աղաղակներով: 1915 թվականից հետո առաջին անգամ էր, որ Թուրքիայում հայերի եւ շատ թուրքերի միջեւ կար համակարծություն. «սպանվել է հայտնի եւ սիրված մտավորական»: 10 տարի անց ի՞նչ է փոխել Թուրքիայում, արդյո՞ք Դինքի բերած ավանդները հայկական հարցի իրազեկման գործում պահպանվում եւ շարունակվում են, եւ ամենակարեւորը՝ հայերին եւ թուրքերին ինչո՞ւ այդպես էլ չի հաջողվում հաշտության հասնել, ինչի մասին երազում էր Հրանտ Դինքը։ Հայացք Ստամբուլից՝ Հասմիկ Մարտիրոսյանի փոխանցմամբ:

«1.5 մլն +1». մեկ, բայց Թուրքիայում հայկական հարցի նկատմամբ մթնոլորտ ձեւավորող եւ իշխանություններին վախ ներշնչող Հրանտ Դինք:  Թուրքիայում եւ նրա սահմաններից դուրս հարգված եւ սիրված մտավորականը մշտապես ընդգծում էր Թուրքիայի ժողովրդավարացման անհրաժեշտությունը, խոսում խոսքի ազատության, Թուրքիայում մարդու, ազգային փոքրամասնությունների իրավունքների մասին: Նա հայերի ու թուրքերի միջեւ շատ կարեւոր քարոզիչ էր եւ հավատում էր, որ հայ համայնքը հնարավորություն կունենա Թուրքիայում ապրել ազատ եւ չենթարկվել պատմական ճնշումների: Անավարտ գործ, որն այսօր փորձում են շարունակել ակոսցիները:

Դինքի հիմնադրած «Ակոս» պարբերականի գխավոր խմբագիր Էդվարդ Դանձիկյանը հետադարձ հայացք է գցում անցած 10 տարիներին ու ամփոփելով՝ թե ինչ փոխվեց  Հրանտ Դինքի սպանությունից հետո Թուրքիայում՝ պատասխանում՝ կրկին շարունակվում եւ պահպանվում է տարիներ շարունակ վարվող քաղաքականությունը՝ թվացյալ վերախմբագրումներով: Թուրքիայում հայկական հարցը շարունակում է մնալ ցավոտ խնդիր: Վառ օրինակ՝ թուրքական մեջլիսում Գարո Փայլանին երեք նիստով հեռացնելու փաստը՝ «ցեղասպանություն» բառը կիրառելու համար:

«Հրանտ Դինքի սպանությունից հետո շուրջ 6-7 տարի հասարակությունն սկսեց ավելի շատ խոսել եւ հասկանալ հայկական հարցի մասին։ Այսօր էլ փորձում ենք իրազեկման որդեգրած ճանապարհով գնալ, սակայն կառավարության եւ իշխանության կողմից փոխվել է քաղաքականությունը եւ «ցեղասպանություն» բառը սկսել է անհանգստացնել նրանց»:

Էդվարդ Դանձիկյանը վստահեցնում է, չնայած շատ անուղղակի արգելքների եւ դժվարությունների, Հրանտ Դինքի բերած ավանդներն այսօր պահպանվում են ու շարունակվում՝ հայոց հարցի մասին իրազեկման գործում:  «Ակոսը» շարունակում է իր ուղին ու հանդիսանում է պոլսահայերի խոսափողը։ Ցավոք, Հրանտն այս ամենի դիմաց վճարեց իր կյանքով»,- ասում է պարբերականի գլխավոր խմբագիրը։ Հայ-թուրքական սառեցված հարաբերություններում նոր հալոցքներ առայժմ  Էդվարդ Դանձիկյանը չի տեսնում, քանի որ «փոքր եղբոր» կարգավիճակում ադրբեջանական ուղղակի մասնակցությունը մեծ է այս հարցում։ Սա չեն ժխտում նաեւ թուրքական իշխանությունները։ Սակայն կա նաեւ մեկ այլ պատճառ՝ ասում է պոլսահայ մտավորականը:

Թեեւ Դինքին սպանողը, ով այն ժամանակ ընդամենը 17 տարեկան էր, բավականին արագ ձերբակալվեց եւ դատապարտվեց, սակայն սպանության գործով դատավարությունը մինչ օրս շարունակվում է, եւ Դինքի կողմնակիցները վստահեցնում են՝ տասը տարի անց դատարանը այդպես էլ լույս չսփռեց սպանության իրական շարժառիթների վրա։ Տարածաշրջանային փորձագետ Սարգիս Հացպանյանը փորձելով ամբողջացնել տասը տարիների դատական քրոնիկոնը՝ մեզ հետ զրույցում հետեւյալ տեսակետը ներկայացրեց. «Հրանտ Դինքի սպանության բացահայտումն ինքնախոստովանություն կլինի Թուրքիայի իշխանությունների կողմից»:

«Դինքի սպանության գործով դատավարությունն ընթացքի մեջ է, սակայն անցած տասը տարիները ցույց են տալիս, որ Թուրքիայի Հանրապետությունը որպես պետական միավոր որևէ ցանկություն չունի բացահայտել կատարված հանցագործությունը»:

Ի դեպ՝ «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը այսօր կրկին թուրքական իշխանություններին հորդորել է բացահայտել 10 տարի առաջ տեղի ունեցած սպանությունը, իսկ Թուրքիայում Միացյալ Թագավորության դեսպան Ռիչարդ Մուրը Twitter-ի իր միկրոբլոգում գրել է. « Նա մարդու իրավունքների, խոսքի ազատության և բազմազանության ուժեղ պաշտպան էր: Նա դեռ շարունակում է ոգեշնչել մեզ բոլորիս»:

Կալանավայրից Դինքի ընտանիքին եւ կողմնակիցներին իր վշտակցությունն է հայտնել Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշը։ «Այս հանցագործությունն ուղղված էր ժողովուրդների համակեցության դեմ: Հրանտի անձով մեզ բոլորիս թիրախավորեցիք: Մենք շարունակելու ենք պայքարել` հանուն Հրանտի մեջ գտնվող յուրաքանչյուր մարդու արդարության փնտրտուքի և դրա իրականացման համար»,- ասել է Դեմիրթաշը:

Ցուցադրել ավելի
Back to top button