Քաղաքական

Հրանտ Դինք-Գարո Փայլան.ուր են տանում զուգահեռները


Դինքի սպանությունից 10 տարի անց Թուրքիան ավելի ակնհայտ  է դարձնում իր ազգայնական քաղաքականությունը: Հայազգի պատգամավորին ձայնի իրավունքից զրկելով, արգելելով նիստերի մասնակցությունից ու դատախազություն հայց ներկայկացնելով, Թուրքիան ցույց է տալիս, որ չի հանդուրժում ազատ խոսքը: Գարո Փայլանի հետ կատարվածի անդրադարձն ու գնահատականները՝ «Ռադիոլուրի» ռեպորտաժում:

 

Թուրքիայում Հայոց ցեղասպանության մասին բարձրաձայնելը կրկին վտանգավոր է դառնում։ Անգամ դրանից ապահովագրված չեն այդ երկրի խորհրդարանի պատգամավորները։ Այլեւս կարող ենք նշել, որ ցեղասպանության մասով այս երկրում արձանագրված ձնհալն ավարտվել է։

Թուրքիայի խորհրդարանում ցեղասպանության մասին բարձրաձայնելը հայազգի պատգամավոր Գարո Փայլանի գլխին պատուհաս է դարձել: Նրա դեմ դատախազություն ներկայացված  հայցը ցույց է տալիս, թե այս երկրում բռնատիրությունն իր չափերի հարձակման է անցել:  Շատերն այսօր զուգահեռներ են անցկացնում՝ Գարո Փայլանի ու սպանված Հրանտ Դինքի միջև: Բանն այն է, որ մի քանի օր առաջ նա հանդգնություն ունեցավ  Թուրքիայի խորհրդարանում խոսելու Հայոց ցեղասպանության մասին:

Նրա խոսքը նախ ընդհատեցին մեջլիսի պատգամավորները, հետո էլ  պատժվեց՝ զրկվելով 3 նիստի մասնակցելու իրավունքից։ Ավելին՝ այսօր Փայլանի դեմ փորձում են քրեական մեղադրանք ներկայացնել հասարակության մեջ թշնամանք սերմանելու որակումով։

Թուրք պատգամավոր Արիֆ Քյոռօղլուի պնդմամբ՝ հայ պատգամավորը իր հայտարարությամբ «հանցանք է գործել»։ Թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանի համոզմամբ՝ կատարվածը վկայում է, որ Թուրքիան չի հանդուրժում ազատ խոսքը և այստեղ ակնհայտ է հակահայկական միտումը:

Թուրքագետը պարզորոշ տեսնում է, որ թուրքական պետականությունը ծայրահեղական մոտեցումներ է որդեգրել:

«Ակոս» պարբերականի խմբագիր Էդվարդ Դանձիկյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում նշեց, որ թուրքական մամուլը կատարվածը ներկայացնում է  բացառապես թուրքական կառավարության տեսանկյունով:

Ինչ ճակատագիր է սպասվում հայազգի պատգամավորին Թուրքիայում: Տարածաշրջանային հարցերով փորձագետ Սարգիս Հացպանյանն անգամ չի բացառում Փայլանին քրեական պատասխանատվության ենթարկելու եւ ազատազրկելու հնարավորությունը։

Նա հայազգի պատգամավորին Թուրքիայի քաղաքացիությունից զրկելու հնարավոր քայլը անհեթեթություն համարեց։

Back to top button