Տնտեսական

Քննարկվել է Լոռու մարզի զարգացման հեռանկարները


Ոչ թե միայն խնդիրների ներկայացում, այլև դրանց լուծման բիզնես մոդելի թեկուզ և սաղմնային ծրագիր: Վարչապետ Կարեն Կարապետյանի մարզային այցելությունների հերթական կանգառը Լոռու մարզն էր: Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն միջպետական ճանապարհի վերականգնման աշխատանքներ, հանդիպում Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում ու կենտրոնից դուրս: Եթե ներսում կառավարության ղեկավարին համայնքների ղեկավարներն էին սպասում, ապա դրսում Վանաձոր Քիմպրոմ գործարանի աշխատակիցները: Նրանց հետ Կարեն Կարապետյանը անկեղծ էր՝ «հեքիաթներով չենք կարող ապրել, պետք է իրատես լինել»,- աշխատակիցների հետ զրույցում ասել է վարչապետն ու խոստացել քննարկել բոլոր իրատեսական առաջարկները՝ չանտեսելով նաև դրանց ռիսկերը: Հյուրընկալող կողմը՝ Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը «Ռադիոլուր»-ի հետ զրույցում քաղաքի զարգացման ծրագրերից ու տեսլականներից է խոսել, վստահեցրել, որ աշխատում է բնականոն ռեժիմով, սակայն, այդպես էլ չի հստակեցրել՝ եթե համայնքի բյուջեն մինչ այժմ հաստատված չէ, ինչպես են կարողանում ծրագրեր իրականացնել:

 

Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն միջպետական ճանապարհ, որը ռազմավարական նշանակություն ունի մեր երկրի համար: Այն Հայաստանը Վրաստանի հետ կապող հիմնական ճանապարհն է, որը մեղմ ասած անբարեկարգ վիճակում էր գտնվում: Այժմ այստեղ վերանորոգման աշխատանքներ են, դրանք սկսվել են նախատեսված ժամկետից ուշ՝ մոտ երեք ամիս, սակայն, տրանսպորտի, կապի ու ՏՏ նախարար Վահան Մարտիրոսյանի վստահեցմամբ, ավելի շատ աշխատանք է կատարվել, քան ծրագրված էր:

Ոլորտի պատասխանատուն վստահեցնում է՝ մանրակրկիտ ուսումնասիրում են թե շինարարական կազմակերպություններից ստացված հայտերը, և թե աշխատանքների բուն ընթացքը, խոստանում՝ շինարարությունը կավարտվի նախանշված ժամանակին, գուցե մի փոքր ավելի շուտ:

«Այստեղ մի քանի կամուրջներ են վերանորոգվում, մեկը քանդվում, նորն է կառուցվում, երկու թունել վերանորոգվում է, մեկում պայթեցման աշխատանքներ են կատարվում, այժմ բետոնացման աշխատանքներ են, ճանապարհը ավելի ավտանգ կդառնա:

Շինարարարական կազմակերպություններն ընտրվել են մրցույթով, Նախարարի փոխանցմամբ, ցանկությունը մեծ է, որպեսզի դրանք հայկական կազմակերպություններ լինեն: Հայաստանը Վրաստանին կապող միջպետական ճանապարհի շինարարական աշխատանքների հետ տեղում վարչապետ Կարեն Կարապետյանը ծանոթացավ: Արդեն Վանաձորում կառավարության ղեկավարին սպասում էին Վանաձոր քիմպրոմ գործարանի աշխատակիցները, նրանք նաև իրենց չվճարված աշխատավարձին են սպասում:

Կարեն Կարապետյանի պատասխանը ավելի քան անկեղծ է՝ կոնկրետ այս գործարանում ներդրողի փորձն անհաջող էր՝ օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով: Բիզնեսը ներդրում պետք է անի, սակայն, նաև պետք է շահույթ ստանա, գնահատի ռիսկերը.
«Մենք չենք կարող չէ՞ հեքիաթներով ապրենք: Այս պահին սնանկացման գործընթաց է, այն չի կանգնացնում գործընթացը, եթե գտնվի մի ներդրող, որը գա ասի ես կարողանում եմ աշխատել Վանաձոր քիմպրոմի հետ: Քանի որ սնանակացվում է ձեռնարկությունը, գույքը մնում է: Այս պահին, որ ասեմ ես պատրաստի լուծում ունեմ Վանաձոր քիմպրոմի հետ կապված չէ, բայց մենք պետք է իրատես լինենք»:

Արդյունաբերական ու գյուղատնտեսական Լոռու մարզում վերջին տարիներին զարգացման ուղղվածությունը փոխվում է՝ ՏՏ ոլորտն է զարգանում: Շատ շուտով Լոռին հայտարարվելու է SMART մարզ: Բացի գործող տեղեկատվական կենտրոնից, գարնանը կսկսվեն Վանաձորի Թումո կենտրոնի կառուցման աշխատանքները, ընթացքի մեջ է նաև նոր SMART կենտրոնի հիմնումը: Մարզպետ Արթուր Նալբանդյանի խոսքով՝ Լոռիում զարգանում է նաև զբոսաշրջության ոլորտը և վերջին երեք տարիների ընթացքում այն ապահովել է 18-20 տոկոսի աճ:

Ընտրությունները ներդրումներին խոչընդոտում են, կառավարության ղեկավարը շարունակում է պնդել, այս կարծիքին է նաև Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը: Նրան, որ հաստատ նախորդ աշնանը տեղի ունեցած ընտրությունները խանգարեցին:

Հոկտեմբերից քաղաքապետի պաշտոնը զբաղեցնող զրուցակիցս խոսում քաղաքի զարգացման ծրագրերից, վստահեցնում՝ քաղաքը վերականգնման պոտենցիալ ունի: Թե ինչպես ու ինչ միջոցներով, սակայն, չի մանրամասնում: Հիշեցնենք, այս քաղաքում համայնքային բյուջեն դեռ հաստատված չէ, ավագանու ընդդիմադիր անդամները բոյկոտում են նիստերը, ավելին, դիմել են կառավարությանն ու առաջարկել լուծարել ավագանին:

Վարչապետ Կարապետյանը կարևորում է համայնքային բյուջեների շարունակական ավելացումը, նշում, որ կառավարությունը կանգնելու է այն համայնքի ղեկավարի կողքին, ով ունի հստակ ծրագիր, ձևակերպում է, թե իրեն ինչ է պետք, կառավարության մասնակցությունն ինչում պետք է լինի և իր վերցրած բեռն ինչքան է լինելու Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյան:
Ոլորտ առ ոլորտ. Կառավարության ղեկավարը ոչ միայն խնդիրներն է լսում, այլ նաև լուծումներ առաջարկում: Առողջապահության ոլորտում Կարեն Կարապետյանը համաշխարհային փորձն է մատնանշում՝ օգտվել մասնավոր կառավարիչների հնարավորություններից:

«Լավ կառավարում է մասնավորը, ինքն իրենից չի գողանում, դուք էլ հսկում եք: Անպայման փորձեք ներգրավել մասնավոր հատվածին: Այդ ողջ դաշտը պետք է մաքրենք, առողջապահությունը պետք է դառնա բիզնես, բիզնեսը պետք է տա հարկեր, հարկերից մենք պետք է ծառայություններ մատուցենք սոցիալապես անապահովին, այն մարդուն, որի կողքը պետք է կանգնենք, որպեսզի նա ստանա ժամանակակից, արժանավայել բժշկություն: Մենք ոլորտին ասում ենք՝ դուք ձեր փողն աշխատեք, քանի որ դուք էլ եք հավելյալ արժեք ստեղծող, ծառայություն մատուցող»:
Գյուղատնտեսության ոլորտում էլ խնդիրների պակաս չկա, 42 հազար հա վարելահողերից օգտագործվում է 7250 հա-ը միայն: Կաթիլային ոռոգման համակարգ կներդրվի, կաջակցեն նաև ֆերմերներին, որ զարգանա, մենք պետք է իրենց ցույց տանք իրենց նեղ տեղերը: Խելացի գյուղատնտեսության զարգացումը օրակարգում է:

«Ապահով, խելացի , անվտանգ երկիր ունենալու համար մենք պետք է գրագետ քաղաքացի ունենալ, իսկ գրագետ քաղաքացի կունենանք միայն այն դեպքում, եթե կարողանանք լավ ուսում տալ»,- համոզված է վարչապետը:

Ցուցադրել ավելի
Back to top button