Քաղաքական

Նախընտրական վերադասավորումները դեռ շարունակվում են


Ընտրություններին ընդառաջ քաղաքական դաշտում վերադասավորումներ են եւ, կարծես թե, ավելի լայն սպեկտր է ձեւավորվում: Հանրապետական պատգամավոր Մկրտիչ Մինասյանը լրագրողների հետ այսօրվա հանդիպման ժամանակ կարծիք է հայտնել, որ դա նոր Սահմանադրության առաջին արդյունքներից է: Նա հույս ունի, որ ընտրությունները կանցնեն այնպես, որ արդյունքները հիմնականում վիճահարույց չեն լինի: Հանրապետական պատգամավորը վստահեցրել է, որ իշխող մեծամասնությունն ունի քաղաքական կամք եւ դիրքորոշում-նպատակ, որ առաջիկա ընտրությունները լինեն իսկապես անվիճահարույց: Նախընտրական զարգացումներին այսօր անդրադարձել է նաեւ պատգամավոր Թեւան Պողոսյանը:

 


Յուրաքանչյուր քաղաքական ուժ եւ անձ ինքը պիտի որոշի իր տեղը եւ դերը քաղաքականության մեջ, իսկ քաղաքականությունն այն է, ինչ կա տվյալ պահին:  Անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի վերադարձի հարցին՝ ասաց հանրապետական պատգամավոր Մկրտիչ Մինասյանը: Նա չի կարծում, թե Ծառուկյանի վերադարձը իշխանությունների ցանկությունն է: Դա պարզապես տեսակետ է, որ մարդիկ արտահայտել են՝ ասաց:

Մկրտիչ Մինասյանը կարծիք հայտնեց, որ Ծառուկյանի վերադարձով քաղաքական ներկապնակը չտուժեց, այլ ընդհակառակը՝ շահեց. «Ես, իհարկե, այն հայտարարությունը, որ արել է, շատ բաների հետ կարող է համաձայն չլինեմ, բայց դա էական չի: Էականն այն է, որ քաղաքական դաշտում մրցակցությունն ավելի արդյունավետ ու ակտիվ կլինի, իսկ դա բխում է քաղաքական դաշտի կայացման եւ, որ ամենակարեւորն է՝ ընտրությունների արդյունքների ոչ վիճահարույց լինելուց»:

Շանսերն զգալիորեն կախված են նաեւ ստեղծվելիք միավորումներից: Այսօր որոշ լրատվամիջոցներով լուր տարածվեց, որ Գագիկ Ծառուկյանին է միանում ՀՀՇ-ն: Լուրի իսկությունը, սակայն, ՀՀՇ-ից Ալեքսանդր Արզումանյանը հերքեց:

Ի դեպ, այսօր հերքվեց նաեւ որոշ լրատվամիջոցներով տարածված մեկ այլ լուր՝ այն մասին, որ հայտնի գործարար Խաչատուր Սուքիասյանը ղեկավարելու է  Գագիկ Ծառուկյանի նախընտրական շտաբը: ԱԺ նախկին պատգամավոր Խաչատուր Սուքիասյանն ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններին իր մասնակցության կամ ձևաչափի վերաբերյալ որոշում չունի՝ հայտնել է Սուքիասյանի մամուլի խոսնակ Աննա Մկրտչյանը՝ մեկնաբանելով տարածված լուրերը: Որոշում ունենալու դեպքում անձամբ կհայտարարի իր որոշման մասին՝ շեշտել է Խաչատուր Սուքիասյանի մամուլի խոսնակը:

Ներքաղաքական քննարկումներում առանցքային տեղ է զբաղեցնում նաեւ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի  ներկայացրած քաղաքական հայտը: Հանրապետական պատգամավոր Մկրտիչ Մինասյանի խոսքով՝ դա նրա որոշումն է, իսկ թե որքանով ընդունելություն կունենա նրա ձեւավորելիք կուսակցությունը կամ դաշինքը հանրության շրջանում՝ ցույց կտա ժամանակը:

Բանախոսը հավելեց, որ առայժմ որեւէ վերաբերմունք չունի դաշինքաստեղծ գործընթացների նկատմամբ, քանի որ դեռ տեսնում է միայն ցանկություններ միանալու մասին:

Աստված տա, որ այսօրվա միացումները, որոնց մասին լսում ենք՝ նախկին միացումներից դասեր քաղած լինեն՝ ասաց Թեւան Պողոսյանը: «Ժառանգության» մասին պատգամավորը կոռեկտ չհամարեց խոսելը, քանի որ շուրջ 2 տարի կուսակցության հետ որեւէ առնչություն չունի:

Ցուցադրել ավելի
Back to top button