Քաղաքական

Դաշինքներով, թե առանց դաշինքների. նախընտրական խմորումները շարունակվում են


Նախընտրական դաշինքների ձեւավորման փուլը թեւակոխում է վերջնական հանգրվան: ԱԻՄ անելիքների մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսել է կուսակցության առաջնորդ Պարույր Հայրիկյանը: Նա հայտարարել է, որ Հայաստանի առջեւ ծառացած խնդիրները համազգային են եւ վերկուսակցական, հետեւաբար՝ պահանջում են վերկուսակցական լայն համախմբում: Նախընտրական դաշինքային գործընթացների եւ հանրային սպասումների մասին այսօր խոսել է նաեւ սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը: Ըստ նրա՝ ուժեղ դաշինքները, միավորվել կարողացողները կարող են մրցակցել արդեն իրատեսական հավակնություններ ունեցողների հետ, սակայն, սոցիոլոգը հիշեցնում է, որ 20 տարվա ընթացքում լուրջ դաշինք չի տեսել, իսկ ստիպողաբար ստեղվածներն էլ արագ փլուզվել են:

 

ԱԻՄ-ը ընտրություններին կմասնակցի կամ լայն ժողովրդավարական դաշինքով կամ չի մասնակցի՝ հայտարարեց Պարույր Հայրիկյանը: Վերջնական որոշում դեռ չկա: Ընտրություններին կմասնակցեն ժողովրդավարական լայն դաշինքով՝ խորհրդարանական մեծամասնություն ստանալու նպատակով, որեւէ այլ արդյունք պարտություն է՝ ասաց:

«Նախնական դաշինքների ստեղծման փորձերը ողջունելի են, եւ մենք մասնակցում ենք դրանց, սակայն, համոզված ենք՝ ավելի մեծ, ընդգրկուն եւ անկասելիորեն հաղթական դաշինք է պետք ստեղծել: Այն, ինչ որ մինչեւ այս փուլը ստեղծված է, դրանք մի կուսակցության արժեք էլ չունեն: Մեզ պետք է համազգային դաշինք ստեղծել»:

Այս պահին առարկայորեն իրենք հիմնականում խոսում են Սեյրան Օհանյանի եւ նրա շուրջ հավաքված մարդկանց հետ՝ հավելեց ԱԻՄ առաջնորդը:

«Մյուսներին ուղերձներ հղել ենք: Բոլորին, բացի Հանրապետականից: Բայց մեր աշխատանքը ուղղակիորեն ընթանում է այդ ուղղությամբ, այսինքն՝ այսօր ես կարող եմ նույնիսկ ինձ թույլ տալ հայտարարելու, որ, ամենայն հավանականությամբ, մենք կգնանք այն դաշինքով, բայց չեմ ուզում առաջ ընկնել դեպքերից: Մենք դեռ ժամանակ ունենք, մանավանդ, որ շեշտեցի՝ մեզ համար հատվածական դաշինք ստեղծելը նպատակ չէ: մեր առջեւ կա համազգային խնդիր, ուրեմն պետք է համազգային համախմբում»:

Անդրադառնալով ձեւավորվող դաշինքներին՝ սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը նկատեց, որ խնդիրը երկու կողմ ունի: Որպես կուսակցություն 5 տոկոսի, իսկ որպես դաշինք՝ 7 տոկոսի շեմ է պետք հաղթահարել՝ խորհրդարանում հայտնվելու համար: Ուժեղ դաշինքները, միավորվել կարողացողները կարող են մրցակցել արդեն իրատեսական հավակնություններ ունեցողների հետ, սակայն, Ահարոն Ադիբեկյանը հիշեցնում է, որ 20 տարվա ընթացքում լուրջ դաշինք չի տեսել: Ստիպողաբար ստեղծվածներն էլ ունեցել են հայտնի ճակատագիր՝ արագ քանդվել են:

Դաշինքներով, թե առանց դաշինքների՝ խմորումները դեռ շարունակվում են: Խմորվում են նաեւ խորհրդարանական ընտրություններից հանրային ակնկալիքները:  Այս պահին մեր անցկացրած փոքրիկ հարցումներն արձանագրում են՝ դրական սպասումներ չկան, ակնկալիքներ չկան նաեւ կառավարման խորհրդարանական համակարգին անցումից.

Ընտրազանգվածում դեռ տեղի են ունենում վերախմբավորումներ, սակայն, Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի դիտարկմամբ, վերախմբավորումների հիմնական շրջանակն էլ որոշակիորեն պարզ է: Նրա գնահատմամբ, քանի որ ՀՅԴ-ն, ՕԵԿ-ն ու ԲՀԿ-ն են պահպանել իրենց դիրքերը ՏԻՄ ընտրություններում, ապա նոր խորհրդարան մտնելու նրանց հնարավորություններն էլ  բավականին մեծ են: Այլ կարպ ասած՝ քաղաքական թատրոնում տեղերը հիմնականում զբաղեցված են՝ պատկերավորեց սոցիոլոգը.

« Պարտերում նստած է Հանրապետական կուսակցությունը, ամֆիթատրոնում ԲՀԿ-ն էր տեղավորված, ՕԵԿ-ը, Ժառանգությունը, ՀԱԿ-ը: Էլ տեղ չկա: Միջանցքում կանգնելը իմաստ չունի»:

Ըստ Ահարոն Ադիբեկյանի՝ ամբողջ խնդիրը ԲՀԿ-ի ժառանգությունն էր եւ Գագիկ Ծառուկյանի վերադարձը կհանգեցնի նրան, որ նա պետք է երկու խնդիր լուծի: Առաջինը՝ վերադարձնի իր նախկին համախոհներին եւ միավորի նոր ուժերի: Եթե նա մնա կենտրոնամետ դիրքում, ապա կարող է իշխանամետ եւ ընդդիմադիր ընտրազանգվածի մի մասն իր մոտ բերել եւ պահպանել երկրորդ քաղաքական ուժի իր դիրքը քաղաքական դաշտում՝ եզրահանգեց սոցիոլոգը: Գաղափարական հենքի վրա քաղաքական ուժ կազմելը աղքատության մեծ մակարդակ ունեցող երկրներում, սոցիոլոգի բնորոշմամբ, անիմաստ է: Ահարոն Ադիբեկյանի խոսքով՝ քաղաքական շուկայում նոր ուժ դառնալու համար պետք է 4 գործոն՝ լինել խարիզմատիկ դեմք, ունենալ թիմ, կազմակերպչական ռեսուրսներ տեղերում եւ ֆինանսներ:

«Նայում ենք նորաստեղծ քաղաքական ուժերին՝ ո՛վ ունի այդ 4 գործոնը, որ մտնի քաղաքական դաշտ եւ մրցակցի արդեն դասական առաջնորդող քաղաքական ուժերի հետ: Ոչ մեկին ես չեմ տեսնում: Կան դեմքեր, որոնք ուզում են լինել խարիզմատիկ, կան, որոնք, ոնց որ թե թիմ են հավաքում, կան, որ գուցե եւ ունեն որոշ ֆինանսական կարողություններ, բայց չորսը միասին ունեցողներ ես չեմ տեսնում»:

Ընտրազանգվածը հենց այս շրջանակներում էլ խմորումների մեջ է գտնվում:  Այս պահին սոցիոլոգի համար հստակ է, որ 4-5 կուսակցություն կարող են լինել, նրա ձեւակերպմամբ, ապագայի կոնստրուկտորներն ու ճարտարապետները: Փետրվարի  կեսերից արդեն կարելի է ունենալ ապագա խորհրդարանի ընդգրկվածության  ուրվագիծը՝ եզրափակեց սոցիոլոգը:

Back to top button