Մշակույթ

Փորձում ենք փրկել հայկական գանձերը.Արթուր Իսպիրյան


«Այժմ իմ ամենասիրելի  «նախագծով»  եմ զբաղված:  Մենք մաքրում ու թվայնացնում ենք Երևանի երաժշտագիտական գրադարանի արխիվը». ստեղծագործական կյանքը մի կողմ թողած, երգիչ Արթուր Իսպիրյանն օրեր շարունակ, ռետինե ձեռնոցներ հագած փորձում է տասնամյակների աղբից մաքրել ու փրկել երաժշտագիտական գրադարանի գանձերը, որովհետև համոզված է՝ եթե ուզում ես դրական փոփոխություններ, ուրեմն պետք է մասնակցես այդ փոփոխությունների իրականացմանը:

 

 

«Մեր մշակութային կյանքը որևէ  աղերս չունի այն ամենի հետ, ինչ ներկայացվում է հայկական հեռուստաեթերում». մշակույթի իրական պատկերը տեսնելու համար երաժիշտ Արթուր Իսպիրյանը խորհուրդ է տալիս այցելել ջազային ակումբներ,  համերգասրահներ, որտեղ դասական ու էստրադային հրաշալի համերգներ են կազմակերպվում: «Մենք ունենք փայլուն երաժիշտներ և՛ Հայաստանում, և՛ արտերկրում, որոնց արվեստը հայկական հեռուսատէկրանին, անհասկանալիորեն բացակայում է»,-ասում է Իսպիրյանը:

«Այս ամենը պետք է կարգավորել,  փոխել մշակութային մթնոլորտը»,-ասում է արվեստագետը: Համոզված է,  որ այդ հարցում դրական մեծ դեր կարող է ունենալ մշակույթի նախարարաությունը:

«Արմեն Ամիրյանին ճանաչում եմ վաղուց և  մեծ հարգանք ունեմ նրա նկատմամբ, որովհետև նա գիտի և՛ անցյալը, և՛ ներկան, գիտի և՛ ճիշտը, և՛ սխալը: Այն ինչի մասին ես խոսում եմ, համոզված եմ, նա ևս տեսնում է և կամաց-կամաց շատ բաներ կփոխվեն: Նոր նախարարից շատերը հրաշքներ են ակնկալում ՝ միանգամից, նույն օրը, բայց այդպես չի լինում: Ես տեղյակ եմ, թե նա ինչպիսի աշխատանք է տանում,  ճիշտ ուղու վրա է մշակույթի նախարարությունը և բոլորս ականատես կլինենք դրական փոփոխություններին»:

Արթուր Իսպիրյանը ոչ միայն սպասում է դրական փոփոխություններին, այլև սիրով  մասնակցում է  փոփոխություններն իրականություն դարձնելու գործին: Երաժիշտը հասարակական հիմունքներով աշխատում է այն հանձնաժողովում, որը մշակույթի նախարարի հանձնարարականով զբաղվում է Երաժշտագիտական գրադարանի  թվայնացման, տեղափոխման, գուցե ավելի ճիշտ կլինի ասել՝ վերակենդանացման հարցերով: Արթուր Իսպիրյանն օրեր շարունակ, ռետինե ձեռնոցներ հագած գրադարանում փորձում է աղբից  զատել ու փրկել հայ և համաշխարհային երաժշտագիտության գանձերը:

«Այժմ իմ ամենասիրած «նախագծով»  եմ զբաղված:  Մենք մաքրում ու թվայնացնում ենք երաժշտական գրադարանի արխիվը: Հին մեթոդներով ձայնագրված հանրությանն անհասանելի մեր երաժշտական գանձերն  այսօր փորձում ենք ժամանակակից տեսքի բերել, նոր սերնդի  համար մատչելի  դարձնել: Առաջին հերթին փորձում ենք փրկել հայկական գանձերը, որովհետև մեր երիտասարդները դրանց կարիքը շատ ունեն: Նրանք պետք է հեշտությամբ՝ նոր տեխնոլոգիաների միջոցով, կարողանան օգտվել այդ ամենից, և ոչ միայն Երևանում, այլև՝ մարզերում»:

Արթուր Իսպիրյանի համոզմամբ՝  այն, ինչով դաստիարակվում է այսօրվա սերունդը, անընդունելի է: «Մինչև անցյալը չիմանան ու չգնահատեն, նրանք չեն կարող ստեղծել լավ նորը: Երաժշտագիտական գրադարանը կարելի է համարել այն այբուբենը, որից էլ պետք է սկսել: Երաժշտական բացառիկ  գրականություն, նոտաներ, ձեռագրեր, այս ամենից պետք է օգտվեն երիտասարդները, որոնց համար էլ արվում է ողջ աշխատանքը»,-ասում է Արթուր Իսպիրյանը, ում տեղեկացմամբ երաժշտական գրադարանում այսօր պահպանվում է շուրջ 260 հազար միավոր գրականություն և 16.300 ձայնասկավառակ , որոնց մեծ մասը տեխնիկապես  քայքայված են:

Ցուցադրել ավելի
Back to top button