Մշակույթ

Պատկերասրահի տնօրեն. «Ամիրյանի հետ նման խոսակցություն չի եղել, դեռ չէինք հասցրել զրուցել»


Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի հանձնարարականով կստեղծվի հանձնաժողով, որը կուսումնասիրի Հայաստանի ազգային պատկերասրահի ջեռուցման և օդափոխության համակարգը, գազի և էլեկտրաէներգիայի ծախսը, որպեսզի հնարավոր լինի համեմատել, թե նորը տեղադրելու դեպքում ծախսերը որքանով կկրճատվեն:

Նախարարն առաջարկեց քննարկել նաև շենքի ջեռուցման և օդափոխության համակարգերը մյուս շենքերից (Առնո Բաբաջանյան համերգասրահ և Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան) առանձնացնելու տարբերակը : Ըստ նրա, Պատմության թանգարանն ու Ազգային պատկերասրահը կարելի է թողնել մեկ ընդհանուր համակարգում: Հանձնարարականները պետք է կատարվեն 7-օրյա ժամկետում։ Պատկերասրահի ցուցասրահներում և պահոցներում օրվա տարբեր ժամերին կստուգվի ջերմաստիճանը, նաև՝ ջեռուցման համակարգի ներկայիս վիճակը, քանի որ նախարարի ունեցած տեղեկություններով, կան խցանված խողովակներ, «ինչի մասին պետք էր խոսել ոչ թե այսօր, այլ վերանորոգել դեռևս ամռանը»։ Հանձնարարվեց ներկայացնել առաջարկ՝ եղած համակարգն արդյունավետ և ամբողջական գործարկելու համար։

«Պետք չէ մեծ թվերի մասին պահանջներ ներկայացնել՝ ձեռքի տակ ունեցած գումարներով խնդիրը լուծելու փոխարեն»,- ասաց Ամիրյանը։
Նախարարը հանձնարարեց բանակցել Վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի հետ, քննարկել, թե հավելյալ ինչ միջոցներով կարելի է համալրել գործող համակարգը՝ միաժամանակ հարց ուղղելով Արման Ծատուրյանին. «Ինչու՞ մինչ այժմ մենք չենք խոսել այս խնդիրների մասին: Հայտարարություններ անելուց առաջ պետք է աշխատել»: Պատկերասրահի տնօրեն Արման Ծատուրյանին նախարարը հանձնարարեց փնտրել հնարավոր հովանավորներ, ներդրողներ, կազմակերպել հանդիպումներ՝ յուրաքանչյուրի հետ առանձին աշխատանք տանելով: «Ինձ հետ միասին»,-ընդգծեց Արմեն Ամիրյանը:

Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Արման Ծատուրյանը մամուլի ասուլիսում երեկ հայտարարել է, թե պատկերասրահի շենքը բացարձակապես չի համապատասխանում ժամանակի մարտահրավերներին, և մեր ազգային հարստությունը շատ վատ պայմաններում է: «Անհապաղ միջոցներ չձեռնարկելու դեպքում, գուցե փրկելու բան այլևս չենք ունենա»,-ասել է պատկերասրահի տնօրենը:
Արդյո՞ք մինչև ասուլիսը խնդիրը նման սրությամբ քննարկվել էր նախարար Արմեն Ամիրյանի հետ, և այն լուծելու բոլոր ուղիներն այլևս սպառված էր համարում Պատկերասրահի տնօրենը. Արման Ծատուրյանը մեր հարցին այսպես պատասխանեց.
«Խնդրի մասին նախկինում բարձրաձայնել եմ, բայց Արմեն Ամիրյանի հետ նման խոսակցություն չի եղել, դեռ չէինք հասցրել զրուցել: Այսօր նախարարը հստակ հանձնարարականներ տվեց, որպեսզի հարցին ինչ-որ լուծում տրվի»:

Ի դեպ, Արման Ծատուրյանի հետ հանդիպմանն այսօր նախարարը նշեց, որ ցանկացած լուծում ժամանակավոր է, քանի որ Հայաստանի ազգային պատկերասրահը հետագայում կունենա նոր շենք:

Ցուցադրել ավելի
Back to top button