Հասարակություն

Հրանտ Դինքի սպանությունից անցել է 10 տարի


Հունվարի 19-ը Հրանտ Դինքի նահատակության օրն է: Նա սպանվեց  Թուրքիայում՝ 2007 թվականին,  իր ղեկավարած «Ակոս» թերթի խմբագրատան առաջ, գլխին արձակված երեք հրազենային կրակոցներից: Սպանվեց, որովհետև Թուրքիայում համարձակվում էր խոսել Հայոց ցեղասպանության ու մարդու իրավունքների, արդարության մասին:

Հրանտ Դինքը ծնվել էր Մալաթիայում՝ 1954 թվականին: Ընտանիքի երեք զավակներից ավագն էր: Հայրը՝ Սարգիս Դինքը թեև ճանաչված արհեստավոր էր, բայց տարված էր թղթախաղով, որն էլ ընտանիքի փլուզման առիթը դարձավ: 1961 թվականին դատարանի որոշմամաբ երեխաների խնամակալությունը հանձնվում է հորը:

Չցանկանալով մորից բաժանվել երեք երեխաները դիմում են փախուստի: Երվանդ Դինքը տարիներ հետո այս փախուստի մասին գրում է.«Հրանտը մեծ մարդու նման հասակից բարձր գործ է բռնում, կազմակերպում է փախուստը: Կյանքի դեմ դա նրա գուցե առաջին ըմբոստությունն էր»:

Հետագայում Հրանտն  իր ըմբոստությունն արտահայտելու էր իր իսկ հիմնած «Ակոս» թերթում, բանավոր ելույթներում: Հայ ճանաչված մտավորականն առաջին անգամ Թուրքիայում համարձակվելու էր խոսել Հայոց ցեղասպանության մասին: Խոսելու էր նաև այս երկրում ժողովրդավարության անհրաժեշտության, խոսքի ազատության, ազգային ու կրոնական փոքրամասնությունների և, ընդհանրապես, մարդու իրավունքների մասին՝ հավատալով, որ օրերից մի օր Թուրքիայում դրանք կարող են իրականություն դառնալ:

Գուցե իր այս հավատքի ու ըմբոստության համար 2007 թվականի հունվարյան այս օրը Հրանտը դաժանորեն պատժվեց: Նա սպանվեց «Ակոս» խմբագրատան առաջ, գլխին արձակված երեք հրազենային կրակոցներից:

Դինքի  գործով ձերբակալություններն ու դատական գործընթացները շարունակվում են նաև այսօր:

Ցուցադրել ավելի
Back to top button