Քաղաքական

Ադրբեջանի թիրախավորված գործողությունների մասին զեկույցը ՄԻ պաշտպանը կներկայացնի եվրոպական կառույցներին


Դեկտեմբերի 29-ին Տավուշի մարզի Չինարի գյուղում պետական սահմանին տեղի ունեցած հակառակորդի դիվերսիոն փորձից հետո Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից իրականացված փաստահավաք առաքելությունը պարզել է, որ ՀՀ զինված ուժերի կողմից բացառվել է որևէ վտանգ հակառակորդի նկատմամբ։ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր ներկայացրել է նաեւ զեկույց՝ շեշտելով, որ իրենց փաստահավաք առաքելությունն արձանագրել է նաեւ տվյալ միջադեպին հաջորդած գնդակոծությունները դարձյալ Չինարի ուղղությամբ՝ այս անգամ արդեն քաղաքացիական բնակչության դեմ: Պատրաստված զեկույցը ՄԻՊ-ը առաջիկայում ներկայացնելու է նաև Ստրասբուրգում՝ եվրոպական կառույցներին։

Մարդու իրավունքների պաշտպան  Արման Թաթոյանն այսօր մի շարք լուսանկարների միջոցով փորձեց նկարագրել, թե ինչ է արձանագրել իր գրասենյակը դեկտեմբերի 29-ին ադրբեջանական դիվերսիոն հարձակման անհաջող փորձից հետո Տավուշի մարզի Չինարի գյուղում:

Մարդու իրավունքների պաշտպանի Գեղարքունիքի տարածքային ներկայացուցիչն անձամբ է մեկնել Տավուշ՝ տեղում անմիջականորեն ուսումնասիրելու քաղաքացիական բնակչության իրավունքների, զինծառայողների կյանքի իրավունքի խախտման հանգամանքները և կատարելու անհրաժեշտ փաստահավաք աշխատանքներ: Տեղի են ունեցել նաև առանձնազրույցներ Չինարիի գյուղապետի և գյուղի ավագանու անդամների, բնակիչների, ինչպես նաև Հայաստանի զինված ուժերի ծառայողների հետ: Արդյունքում՝ արձանագրվել են փաստեր, որ դեկտեմբերի 29-ին ադրբեջանական զինված ուժերի կողմից երեք հայ զինծառայողները կյանքից զրկվել են այն պայմաններում, երբ չի եղել հարձակման որևէ հավանականություն կամ վտանգ:

Դրանից բացի, հարձակման եղանակն ակնհայտորեն վկայում է խաղաղ բնակիչներին վնաս հասցնելու ադրբեջանական զինված ուժերի մտադրության մասին: Հարձակումները շարունակվել են նաև հունվարին, ամփոփելով  Տավուշի մարզում վերջին շրջանում արձանագրված միջադեպերի փաստահավաք աշխատանքները, նշեց Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:

ՄԻՊ-ի փաստահավաք խմբի աշխատանքներում անդրադարձ կա նաև հունվարի 13-ին Ոսկեպար-Բաղանիս ճանապարհի ուղղությամբ արձակված կրակահերթին: Եվ այս ամենն այն պարագայում, երբ գյուղի մոտակայքում չկա որևէ զորամաս կամ ռազմական այլ օբյեկտ, ինչը կարող էր վկայաբերվեր ադրբեջանական զինուժերի կողմից: Այստեղ բացառապես քաղաքացիական բնակչություն է, խաղաղ բնակիչներ, ուստի ակնհայտ է ադրբեջանական կողմի մտադրությունը՝ վնասել  խաղաղ  բնակչության կյանքն ու առողջությունը: Արման Թաթոյանը հայտնեց, որ զեկույցը ներկայացնելու է նաև Ստրասբուրգում՝ եվրոպական կառույցներում իր հանդիպումների ժամանակ։

Թե նման զեկույցներն ինչ արդյունք և ինչ նպատակ են հետապնդում՝ «Ռադիոլուրը» հետաքրքրվեց Մարդու իրավունքների 1-ին պաշտպան Լարիսա Ալավերդյանից: Լարիսա Ալավերդյանը շեշտում է, որ կարևորը Մարդու իրավունքների պաշտպանի կողմից արձագանքն է, որը պարտադիր պետք է լիներ։

Ցուցադրել ավելի
Back to top button