Հասարակություն

Օտարվել է առողջապահության նախարարության 11 ավտոմեքենա

ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի հաշվեկշռում հաշվառված 11 ծառայողական մարդատար ավտոմեքենաները ՀՀ կառավարության որոշմամբ ետ են վերցվել և ամրագրվել ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը` հետագայում սահմանված կարգով օտարելու նպատակով։ Հայտնում են նախարարության մամուլի ծառայությունից:

«Նշված ավտոմեքենաները թեև շահագործվում էին և գտնվում սարքին վիճակում, սակայն նախարարությունն այդ առաջարկով հանդես էր եկել դրանց օգտագործումը նպատակահարմար չգտնելով։ Մեքենաները պահանջում էին վառելիքի, վերանորոգման և լրացուցիչ այլ ծախսեր»,-ասված է տարածած հաղորդագրության մեջ:

Օրեր առաջ Պետգույքի կառավարման վարչությունից հայտնել էին, որ ՀՀ կառավարության 5 որոշումներով  սահմանված՝ 464 միավոր տրանսպորտային միջոցներից Պվարչության պետի կողմից առայսօր հաստատվել է շարժական  գույքի աճուրդով оտարման վերաբերյալ 17 հրաման, որոնցով 385 միավոր տրանսպորտային միջոց և 3 միավոր կցասարքեր ներկայացվել են օտարման, վաճառվել է 144-ը, վաճառքի գումարը կազմել է 37 508 269 ՀՀ դրամ:

Տրանսպորտային միջոցների 43 տոկոսը վաճառվել է առաջին աճուրդում՝ մրցակցային դաշտում:

Ցուցադրել ավելի
Կարդացեք նաև
Close
Back to top button