Մշակույթ

Պատկերասրահի ողջ հարստությունը վտանգված է.Արման Ծատուրյան


«Հայաստանի ազգային պատկերասրահի շենքը բացարձակապես չի համապատասխանում ժամանակի մարտահրավերներին: Այստեղ ձմռանը ցուրտ է, ամռանը՝ շոգ: Պատկերասրահի ողջ հարստությունն այսօր վտանգված է»,-ասուլիսում այսօր հայտարարել է Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Արման Ծատուրյանը: Լրագրողների հետ նրա հանդիպման նպատակը 2016-ի ամփոփումն էր ու 2017-ի կարևորագույն ծրագրերը, որոնց առանցքում աշխարհահռչակ ծովանկարչի հոբելյանական ցուցահանդեսն է ու գիտաժողովը:

«Եթե իրականացնենք այն, ինչ ծրագրել  ենք, վստահեցնում  եմ, որ ականատես կլինենք Հայաստանում աննախադեպ  միջոցառման»,-Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Արման Ծատուրյանի տեղեկացմամբ  թանգարանի 2017-ի առանցքային միջոցառումը մեծանուն ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու 200-ամյակին նվիրված ցուցահանդեսն է, որտեղ կներկայացվեն  պատկերասրահի ֆոնդերում պահպանվող Այվազովսկու բոլոր աշխատանքները /57 գեղանկար, 31 գրաֆիկական/,  ինչպես նաև 16 գլուխգործոցներ՝ ռուսական թանգարաններից:

«Բանակցություններ ենք տանում Վենիտիկի Մխիթարյան միաբանության հետ, որպեսզի Երևանում ներկայացնենք Այվազովսկու «Քաոսը»,-ասաց պատկերասրահի տնօրենը:

2016-ի միջոցառումների ցանկում ևս պատկերասրահի տնօրենն առանձնացրեց Մոսկվայի  պետական Տրետյակովյան պատկերասրահում Հովհաննես Այվազովսկու 200-ամյակին նվիրված  «Ճանապարհորդություն դեպի ծով» ՀԱՊ-ի արտերկրյա ցուցահանդեսը:

Ամփոփելով 2016-ին իրականացված աշխատանքները, նշեց, որ տարին հագեցած էր բազմաթիվ միջոցառումներով. ցուցահանդեսներ հետևյալ խորագրերի ներքո՝

  • Բաժբեուկ Մելիքյան. Երկու սերունդ
  • 18-20-րդ դդ. ռուս և խորհրդային նկարիչների գրաֆիկա
  • Բենիկ Պետրոսյան. Բրոնզե դար հետահայաց ցուցադրություն
  • Իրանական արվեստ և այլն

Կազմապերպվել են գիտաժողովներ, դասախոսություններ, իրականացվել կրթական ծրագրեր: 2016-ին Ազգային պատկերասրահ ու նրա 12 մասնաճյուղ է այցելել  շուրջ 81 հազար այցելու:

Անդրադառնալով խնդիրներին, Արման Ծատուրյանն ասաց, որ ինչպես նախկինում, այնպես էլ այսօր ցավոտ է մնում  թանգարանի ջեռուցման և օդափոխության խնդիրը.

«Հայաստանի ազգային պատկերասրահի շենքը բացարձակապես չի համապատասխանում ժամանակի մարտահրավերներին: Այստեղ ձմռանը ցուրտ է, ամռանը՝ շոգ: Պատկերասրահի ողջ հարստությունն այսօր խիստ վտանգված է: Կառավարությունն ունի նպատակ՝ կառուցել ազգային պատկերասրահի նոր շենք: Դա մեր փափագն է, բայց եթե ցանկությունն իրականություն դարձնելու հնարավորություն չլինի, անհրաժեշտ է այս շենքում ստեղծել պայմաններ՝ մեր ժառանգությունը փրկելու համար»:

Արման Ծատուրյանի ձևակերպմամբ՝ թանգարանի վերականգնողներն աշխատում են օրն ի բուն: Ամեն օր տիտանական աշխատանք է իրականացվում՝ մշակութային արժեքները փրկելու համար:

«Հասկանալի է ծանր ժամանակներ են, բայց…»:

Պատկերասրահի  տնօրենը հիշեցնում է Ուինսթոն Չերչիլի պատասխանը, երբ պատերազմի ծանր ժամանակներում նրան առաջարկում են փակել մշակույթի նախարարությունը:

«Իսկ ինչու՞ ենք մենք կռվում, եթե ոչ մեր մշակույթի համար»,-ասում է Միացյալ Թագավորության վարչապետը:

Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային պատկերասրահի ֆոնդերում այսօր  պահպանվում է  շուրջ 40 հազար  թանագարանային առարկա:

Ցուցադրել ավելի
Back to top button