Հասարակություն

Ինովացիոն կամ գիտական մենեջմենթի պակաս Հայաստանում.բացը նոր կառավարությունը կլրացնի


Հայ գիտնականները կարող են  տնտեսության մեջ կիրառվող արդյունք ստեղծել՝ այսօր «Ռադիոլուրի» հետ զրույցում վստահեցրել է կրթության ու գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանն ու մատնանշել «Հայ կենսաարտադրական տեխնոլոգիա գիտական միավորում» կենտրոնի կողմից իրականացվող  կենսաբանական պարարտանյութերի արտադրությունը:  Կենտրոնի առաջատար գիտաշխատող, կենսաբանական գիտությունների թեկնածու  Գայանե Ավետիսովան «Ռադիոլուրի» հետ զրույցում նշել է, որ այս տարվանից գյուղացիներին տրամադրվող պարարտանյութերին  զուգահեռ նաև տեղականն է առաջարկվելու: Տնտեսագետ Ատոմ Մարգարյանի հետ էլ փորձել ենք հասկանալ, որքանով են արդյունավետ  գիտության ոլորտին  տրվող գումարները ծախսվում:

 

Ամեն տարի գիտության պետական կոմիտեին պետական բյուջեի սուղ միջոցներից տրամադրվում է տասը մլրդ դրամից ավելի գումար: Այսօր գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանից փորձեցինք պարզել՝ որքանո՞վ են ֆինանսավորվող ծրագրերը  կիրառվում տնտեսության մեջ:

Վստահեցրեց՝ ներդրվում են, ավելին, նշեց, որ պատվերի դեպքում կարող են ավելին անել: «Տնտեսությունից է կախված արդյունքը»,-կարծիք հայտնեց զրուցակիցս,  «եթե տնտեսությունը ուժեղ լիներ, արդյունքներն ավելին կլինեին»:

Ռազմական արդյունաբերություն- գիտություն կապը առավել ամուր հիմքերի վրա դրվեց  վերջին շրջանում:

Սամվել Հարությունյանի տեղեկացմամբ,  2016-ին  ՊՆ-ից 42 ծրագիր են ֆինանսավորել, դրանք լուրջ ազդեցություն կունենան բանակի վրա: Գիտպետկոմի նախագահը սակայն փակագծերը  չի բացում: Տնտեսության մեջ կիրառվող ծրագրերից  Հարությունյանն այդուհանդերձ մատնանշեց.

«Հայ կենսաարտադրական տեխնոլոգիա գիտական միավորում  կենտրոնի կողմից իրականացվող  կենսաբանական պարարտանյութերի արտադրությունը»:

Շուրջ յոթ տարի հայ գիտնականները աշխատել են ու արդեն 2009թ սկսել կենսաբանական պարարտանյութի արտադրությունը:  Կենտրոնի առաջատար գիտաշխատող, կենսաբանական գիտությունների թեկնածու  Գայանե Ավետիսովան «Ռադիոլուրի» հետ զրույցում նշեց, որ  տեղական արտադրության պարարտանյութը մինչև 60 տոկոս բերքատվություն  և 20 տոկոս հողերի բերրիություն է ապահովում:

«Ռադիոլուր»-ի զրուցակցիս խոսքով, առայժմ կարող են ամսական  մոտ 40 տոննա արտադրել,  2500 դրամ արժեք ունեցող  հեղուկ այս պարարտանյութը հիմնականում   անհատ ֆերմերներն են ձեռք բերում, երբեմն՝  մասնավոր կառույցները՝ Արմավիրի ու Գեղարքունիքի մարզերից: Այն կարելի է  գնել  հենց կենտրոնից:

Հայ գիտնականներն իրենց առաջարկը նաև վարչապետին են ներկայացրել, այս  տարվանից սելիտրային զուգահեռ գյուղացիներին նաև տեղական այս պարարտանյութն է տրամադրվելու,-ասաց:

Գիտնականները սակայն հանրապետության ողջ պահանջարկը չեն կարող բավարարել՝  ֆինանսներ չկան:

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետի դեկան Ատոմ Մարգարյանը «Ռադիոլուրի»  հետ զրույցում  ընդգծում է՝ գիտությանը տրամադրվող գումարի մեծ մասն ուղղվում է  հիմնարար գիտության ֆինանսավորմանը:  Կիրառական գիտությանը  հասնում է ֆինանսավորման ավելի փոքր մասը:  Այդուհանդերձ՝  նշում է, որ մոտ երեք  տարի է, ինչ   կենսաբանության, քիմիայի, գյուղատնտեսության ոլորտներում ֆինանսավորվում են մի քանի ծրագրեր: Ատոմ Մարգարյանը հույս ունի որ դրանք կոնկրետ արտադրանքի ելք կունենան:

Ստացված արդյունքը իրական արտադրություն դառնալու,  աշխատատեղ ու եկամուտ ստեղծելու համար համապատասխան քաղաքականություն պետք է  իրականցվի՝ ինովացիոն  քաղաքականություն:

«Ինովացիոն կամ գիտական մենեջմենթ» . սա է պակասում Հայաստանին,- համոզված է  Ատոմ Մարգարյանը:  Զարգացած համալսարանական համակարգերում  ու ընդհանրապես  զարգացած  երկրներում շատ հարգված կրթական ծրագրեր են, Հայաստանում գիտական մտքի  առևտրայնացման մշակույթ ցավոք չկա:

Ատոմ Մարգարյանը կարծում է, որ այս  բացը նոր կառավարության գործունեության հիմնական վեկտորներից մեկը պետք  է լինի: Միաժամանակ նկատում է՝  աշխարհում գիտական ոլորտի ֆինանսավորման   60 տոկոսից ավելին  խոշոր ընկերություններն են իրականացնում, Հայաստանում ՝80 և ավելի տոկոսը պետբյուջեն է ֆինանսավորում:

«Կառավարությունը կարող է բիզնեսի առջև նոր տեխնոլոգիաների ներդրման անուղղակի պահանջարկ ներկայացնել՝  պարզապես փակելով մենաշնորհային որոշակի դիրքի  օգտագործման ու ընդհանրապես այլ ոչ մրցակցային ճանապարհներով գերշահույթի ստացման  հնարավորությունը: Այս դեպքում ընկերությունը հաստատ ինովացիայի ու գիտական պրոդուկտ ստեղծելու մասին կմտածի, լաբորատորիաներ կստեղծի, կամրապնդի իր երկարաժամկետ ներկայությունը շուկայում»,- եզրափակում է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետի դեկան Ատոմ Մարգարյանը:

Ի դեպ,  Կարեն Կարապետյանի կառավարության  հիմնադրույթներից մեկն էլ  գիտության ֆինանսավորման ծավալների հիմնական մասի ուղղորդում դեպի կիրառական և փորձակոնստրուկտորական ծրագրերի կիրառումն է՝ սակայն  2018 թվականից սկսած:

Ցուցադրել ավելի
Back to top button