Քաղաքական

Երեւակումներ՝ քաղաքական դաշտում


Խորհրդարանական ընտրությունները որոշակի փոփոխություններ բերելու են, բայցեւայնպես, սկզբունքորեն շատ բան չի փոխվելու: Այս կարծիքն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանը՝ անդրադառնալով նախընտրական գործընթացներին: Վերլուծաբանը նկատել է, որ դեռ հստակ բեւեռացումներ չկան, քանի որ նոր համախմբումներ են տեղի ունենում տարբեր կուսակցությունների միջեւ:

Խորհրդարանական ընտրությունները որոշակի փոփոխություն կբերեն, սակայն, սկզբունքորեն շատ բան չի փոխվելու ու մենք պետք է ելնենք հենց այս իրողությունից՝ կարծիք հայտնեց «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանը: Այսինքն, Հանրապետականը մեծամասնությու՞ն կլինի՝ հստակեցնող հարցին ի պատասխան էլ ասաց.

«Թվում է, թե ամեն ինչ խոսում է դրա օգտին: Առայժմ»:

Միաժամանակ վերլուծաբանը նկատեց, որ դեռ առավել հստակ բեւեռացումներ չկան, քանի որ նոր համախմբումներ են տեղի ունենում տարբեր կուսակցությունների միջեւ եւ քաղաքական խորհրդակցությունները շարունակվում են: Գագիկ Հարությունյանն այսօր, արձագանքելով քաղաքականություն վերադառնալու Գագիկ Ծառուկյանի մտադրության վերաբերյալ հարցին, հետեւյալն ասաց. «Կարծում եմ, որ այս կամ այն ձեւով Ծառուկյանի գործոնը առկա է լինելու ընտրություններում, ինչ ձեւով՝ ես չեմ կարող, ցավոք սրտի, ասել»:

Ի՞նչ ձեւով-հարցի պատասխանն էլ, արդեն օրվա երկրորդ կեսին, տվեց հենց ինքը՝ Գագիկ Ծառուկյանը: Հրապարակված հայտարարությամբ վերջինիս, ի վերջո, հայտնեց քաղաքականություն վերադառնալու մասին: Հիմնավորելով իր նախկին որոշումը եւ շեշտելով, որ իր հեռանալուց հետո քաղաքական դաշտում բաց տեղ է մնացել՝ Ծառուկյանը հայտարարեց.

«2017 թվականի խորհրդարանական ընտրությունները ճակատագրական են լինելու Հայաստանի ապագայի համար: Նկատի ունենալով մեր երկրի առջև ծառացած ներքին և արտաքին մարտահրավերները, ինչպես նաև իմ քաղաքականություն վերադառնալու հանրային պահանջը, ես հայտարարում եմ, որ բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին՝ ձևավորելով լայն դաշինք: Մեր դռները բաց են բոլոր այն քաղաքական ուժերի և գործիչների առաջ, ովքեր մտահոգ են մեր երկրի ապագայով: Մենք կարող ենք, մենք ունենք այդ ներքին մեծ ներուժը՝ մեր երկրի զարգացման և հզորացման համար: Ես իմ ժողովրդի առջև պարտք ունեմ կատարելու: Կյանքիս այս կարևոր որոշումը իմ խաչն է, որը կրելու եմ մինչև վերջ՝ հանուն Հայաստանի և հայ ժողովրդի»:

 

Փորձագետների դիտարկումներից ելնելով՝ կարելի է ասել, որ ոշակի հստակություն, ըստ էության, մտավ քաղաքական դաշտ եւ կարող ենք ակնկալել հետագա գործընթացների բեւեռացումներ:

Դեռ երեկ պարզ դարձավ նաեւ, որ մասնավորապես, քաղաքականություն մտնելու հայտ ներկայացրած պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը մտել է քաղաքական երկխոսությունների եզրափակիչ փուլ: Երեկ իր ՖԲ էջում անդրադառնալով իր կողմից տարվող քաղաքական խորհրդակցություններին՝ Սեյրան Օհանյանը շեշտել էր, որ նպատակ ունի համախոհների թիմ ձևավորել՝  միաձույլ դաշինք, որը հանրությանը կներկայացնի իրատեսական ծրագիր և մեր երկիրը ստեղծված իրավիճակից դուրս բերելու ճանապարհային քարտեզ:

Այսօր արդեն «Համախմբում» կուսակցության տարածած հաղորդագրությունից հայտնի դարձավ, որ տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հանդիպումը։ Նշվում է, որ քննարկվել են ներքին և արտաքին քաղաքականությանը, ինչպես նաև առաջիկա խորհրդարանական ընտրություններին վերաբերող հարցեր։ «Համախմբում» կուսակցության մամուլի խոսնակ Արեգնազ Մանուկյանը «Ռադիոլուր»-ին ասաց, որ տարածված հայտարարությանը այս պահին ավելացնելու այլ բան չունի:

Ցուցադրել ավելի
Back to top button