Քաղաքական

Արցախի ՍԴ բարեփոխումների հերթական հանգրվանը

Լուսինե Ավանեսյան
«Ռադիոլուր»-Ստեփանակերտ

Արցախում անցած տարեսկզբին մեկնարկած սահմանդրական բարեփոխումները հերթական հանգրվանին են հասել: Այսօր խորհրդարանը որոշեց Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելու առաջարկով դիմել երկրի նախագահին: Որոշումն ընդունվել է 20 կողմ, 7 դեմ, 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:

Հայասատանի Հնարապետությունում Սահմանադրական բարեփոխումների տրամաբանությունը հուշում էր, որ Արցախը եւս կանգնելու է Մայր օրենքը փոփոխելու ճանապարհին, մանավանդ որ երկու քաղաքական ուժեր՝ ՀՅԴ եւ «Ազատ հայրենիքը» վաղուց էին խոսում խորհրդարանական կառավարման անցնելու նպատակահարմարության մասին:  Քաղաքական քննարկումների արդյքունում  Ազգային ժողովում ներկայացված ուժերը անցած տարվա հունվարին դիմեցին երկրի նախագահին համապատասխան գործընթաց սկսելու համար:

Գործընթացը սկսվեց ու մնաց կիսատ: Եղան ապրիլյան դեպքերը, ինչից հետո Սահմանադրական մասնագիտական հանձնաժողովը հայտարարեց. աշխատում են ոչ թե խորհրդարանական կառավարում առաջարկող Մայր օրենքի վրա, ինչպես ենթադրվում էր, այլ նախագահական  կառավարմարման ուժեղացման մասին է լինելու խոսքը:

Հընթացս Արցախում նաեւ սոցիոլոգիական հարցում անցկացվեց, որի արդյունքներով հարցվածների մեծամասնությունը հենց նախագահական կառավարման կողմ էր արտահայտվել: Նշեմ, որ այսօր Արցախը կիսանախագահական երկիր է, իսկ նոր Սահմանդրությամբ նախագահի ինստիտուտն ու խորհրդարանը կապվում են իրար. ընտրությունները տեղի կունենան միաժամանակ, իսկ մեկը մյուսին անվստահություն հայտնելու դեպքում իշխանությունից պիտի հրաժարվի նաեւ անվստահություն հայտնողը:

Այս եւ այլ գաղափարներ, որ առաջ է քաշում նոր Մայր օրենքի նախագիծը բազմաթիվ հարցերի տեղիք է տվել, դրանց մի մասին մասնագիտական հանձանժողովը դրական է արձագանքել, փոխընդունելի տարբերակներ գտել:

Դեկտեմբերի 29-ին սահմանադրական բարեփոխումների նախագիծը  քննարկվել էր Ազգային ժողովի լիագումար նիստում: Այսօր ընդմիջված քննարկման շարունակությունն էր եւ լրամշակված նախագիծ էր ներկայացվել, որում նաեւ  պատգամավորների հնչեցված առաջարկների մի մասն էր տեղ գտել:

Խորհրդարանում տեղի ունեցած քվեարկությունը հաստատեց քաղաքական ուժերի առայսօր արտահայտած կարծիքը: Դաշնակցականները, ովքեր սահմանդրական բարեփոխումների ջատագովներից էին, ներկայացված նախագծին դեմ քվերակեցին, իրենք խորհրդարանական կառավարման կողմնակիցն են: Արցախի կառույցի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը ցավ հայտնեց, որ իրենց տեսակետները չկարողացան ընկալելի դարձնել հանձնաժողովին ու գործընկերներին:

Սահմանադրությունը փոխելուն ընդհանրապես դեմ է Արցախի խորհրդարանում մեկ ձայն ունեցող ընդդիմադիր «Ազգային վերածնունդ» կուսակցությունը: Պատգամավոր Հայկ Խանումյանն այսօր խորհրդարանում թե՛ ներքին, թե՛ արտաքին վտանգների մասին խոսեց. զգուշացրեց, որ եթե ապրիլին դահլիճում ներկաները կարողացան հստակ տեսակետ հայտնել Արցախի հարցում զիջումների վերաբերյալ, ապա նախագծի ընդունման դեպքում, չեն կարողանա:

Իսկ ահա «Ազատ հայրենիք» կուսակցության «Հայրենիք» խմբակցությունը Սահմանադրության ներկայացված նախագիծը  Արցախի ունեցած ներքին ու արտաքին մարտահրավերներին համահունչ համարելով, որոշել է կողմ քվեարկել,  հաստաեց խմբակցության ղեկավար Արթուր Թովմասյանը: Կուսակցության  կարծիքով նախագիծը հնարավորություն էտալիս բարձացնել երկրի անվտանգությունը, պաշտպանների անվտանգությունը, վերականգնել տարածքային ամբողջականությունը,միջազգային ճանաչման հասնել եւ այլն:

Կողմ քվեարկեցին նաեւ ժողովրդավարները: Խմբակցության ղեկավար Վարդգես Բաղրյանի խոսքով նախագիծը իդեալական չէ, բայց գործող Սահմանդրությունից լավն է, համապատասխանում է Արցախի ընտրած ժողվրդավարացման ճանապարհին:

Կիսանախագահկան կառավարման կողմնակիցն է  «Շարժում-88» կուսակցությունը: Ներկայացված նախագծին կուսակցության ղեկավար, ԱԺ պատգամավոր  Էդուարդ Աղաբեկյանի խոսքով ՝ կողմ չեն, բայց դեմ էլ չեն:              

Երեք անդամ ունեցող այս խմբակցությունից մեկը նիստին ներկա չէր, երկրոդը Վիտալի Բալասանյանն է, ում պատգամավորական լիազորությունները դադարեցված են, այնպես որ միակ ներկայացուցիչ Էդուարդ Աղաբեկյանը քվեարկության ժամանակ մնաց ձեռնպահ:

Այսպիսով նիստին ներկա 28 պատգամավորներից 20-ը կողմ է քվեարկել, 7-ը դեմ, 1-ը՝ ձեռնպահ:  Սահմանադրության նախագիծն ուղարկվելու է  երկրի նախագահին՝  հանրաքվեի դնելու առաջարկով:  Ի դեպ, դեռեւս ամիսներ առաջ մասնագիտական հանձնաժողովի նախագահ, Ազգային ժողովի խոսնակ Աշոտ Ղուլյանը չի բացառել, որ Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն տեղի ունենա փետրվարի 20-ին՝ Արցախի Վերածննդի օրը: 

 

Ցուցադրել ավելի
Back to top button