ԿարևորՔաղաքական

ՀԱՊԿ.Անթույլատրելի է Բորդյուժայի պաշտոնաթողությունը հայ-ադրբեջանական սահմանի միջադեպի մեկնաբանության հետ կապելը

ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով Նիկոլայ Բորդյուժայի պաշտոնաթողությանը և 2016 թվականի դեկտեմբերի 29-ին հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած միջադեպին հաջորդած մամուլի մեկնաբանություններին: Հայտարարության   մեջ մասնավորապես ասվում է.

«Վերջին շրջանում լրատվամիջոցներում մեծ թվով հրապարակումներ են հայտնվում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության վերաբերյալ, որոնք այնքան էլ օբյեկտիվ բնույթ չունեն, իսկ երբեմն էլ չեն համապատասխանում իրականությանը: Մասնավորապես, մեծ ուշադրություն է դարձվել 2016 թվականի դեկտեմբերի 29-ին հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ Ն. Ն. Բորդյուժայի մեկնաբանության վրա:

ՀԱՊԿ քարտուղարությունը նախկինում պարզաբանել է Բորդյուժայի մեկնաբանության էությունը, որտեղ ուշադրությունը կենտրոնացվել է այն բանի վրա, որ կազմակերպության գլխավոր քարտուղարը հատուկ տագնապ ու լուրջ մտահոգություն է արտահայտել այն առնչությամբ, որ զինված միջադեպը տեղի է ունեցել ՀԱՊԿ անդամ երկրի սահմանին:

Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցին, պետք է նշենք, որ ՀԱՊԿ-ի դիրքորոշումը արտացոլված է Կազմակերպության անդամ երկրների ղեկավարների հայտարարության մեջ, որն ընդունվել է 2016-ի հոկտեմբերի 14-ին Երևանում՝ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանում: Քարտուղարությունն իր աշխատանքում հետևողականորեն ու անշեղորեն հետևում է այդ դիրքորոշմանը:

Միաժամանակ, անթույլատրելի ենք համարում Ն. Ն. Բորդյուժայի պաշտոնաթողությունը կապել 2016-ի դեկտեմբերի 29-ի միջադեպի մեկնաբանության հետ, քանի որ որպես ՀԱՊԿ գլխավոր քարտուղար՝ նրա լիազորություններն ավարտվել էին 2016 թվականի դեկտեմբերի 31-ին՝ երկրների ղեկավարների որոշմանը համապատասխան, որն ընդունվել է 2015-ի դեկտեմբերին՝ Մոսկվայում՝ կազմակերպության Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանում:

Կազմակերպության նոր գլխավոր քարտուղարի նշանակման հարցում քարտուղարությունը ղեկավարվում է Խորհրդի նույն որոշումներով և երկրների ղեկավարների համաձայնություններով, որոնք նրանք ընդունել են 2015-ի դեկտեմբերին Մոսկվայում Խորհրդի նստաշրջանում, որոնց մեջ մասնավորապես նշված է. «ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակումն իրականացնել 3 տարի ժամկետով ՀԱՊԿ-ի ԱԳ նախարարների խորհրդի ներկայացմամբ անդամ երկրների քաղաքացիների թվից, կազմակերպության անդամների ռոտացիոն կարգով՝ ըստ նրանց անունների՝ համաձայն ռուսերենի այբբենական հերթականությանը»:

ՀԱՊԿ քարտուղարության տրամադրության տակ տեղեկություն չկա ընդունված որոշման կամ համաձայնությունների մեջ փոփոխությունների կատարելու մասին: Քարտուղարությունը մտադիր է շարունակել լրատվամիջոցների հետ արդյունավետ աշխատանքն ու կոչ է անում օբյեկտիվ լուսաբանել ՀԱՊԿ-ի գործունեությանը վերաբերող իրադարձությունները»:

Ցուցադրել ավելի
Կարդացեք նաև
Close
Back to top button