Վերլուծական

Ընտրական գործընթացները մեկնարկել են. առայժմ միայն ձեւով


Ընտրական գործընթացներն, ըստ էության, մեկնարկել են: Թե ինչ դիրքավորումներ կան այս պահին ներքաղաքական դաշտում, փորձագետները տարբեր գնահատականներ են տալիս: Քաղտեխնոլոգ, վերլուծաբան Վիգեն Հակոբյանի դիտարկմամբ, օրինակ, ընտրություններից 2 ամիս առաջ քաղաքական ուժերն առայժմ զբաղված են ավելի շատ ընտրություններին մասնակցելու ձեւերով, քան թե՝ բովանդակությամբ: Ըստ նրա, բովանդակային քննարկումներն արդեն պետք է սկսված լինեին, այնինչ, դեռ առկա են բավականին շատ անորոշություններ մասնակցության ձեւերի առումով: Քաղաքական եւ ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանի դիտարկմամբ էլ՝ ընտրությունների մասնակցության հետ կապված ներքաղաքական դաշտի անորոշությունները հիմնականում պայմանավորված են մեկ հարցով՝ կվերադառնա Գագիկ Ծառուկյանը, թե՝ չի վերադառնա: Մեկ բան են ընտրությունները նրա մասնակցությամբ, մեկ այլ բան՝ առանց նրա՝ կարծիք է հայտնել քաղաքական եւ ընտրական տեխնոլոգիաների փորձագետը:

 

Հստակ է՝ ՀՀԿ-ն ընտրությունների է գնալու միայնակ: Ունի իր ուժեղ ու թույլ կողմերը: Ըստ Քաղաքական եւ ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանի՝ այն իր քարոզարշավը սկսեց նոր վարչապետի նշանակմամբ: Նոր վարչապետը ՀՀԿ-ի ուժեղ կողմն է՝ կարծում է փորձագետը: Ըստ նրա, սակայն, վարչապետն էլ ունի իր ուժեղ ու թույլ կողմերը: Թույլ կողմը միայն մենեջեր հանդես գալն է, իսկ վարչապետությունը, դա քաղաքական պաշտոն է:

«Քաղաքականության մեջ միշտ մենեջերը պարտվում է քաղաքական գործչին: Եթե նա չդառնա քաղաքական գործիչ, նա հաջողություն չի ունենա հետագա տարիների համար՝ նկատի ունեմ 2018-ի ապրիլի 9-ից հետո նաեւ»:

Այս պահի դրությամբ դա տեսանելի չէ՝ հավելեց փորձագետը: Արմեն Բադալյանի գնահատմամբ՝ ՀՀԿ-ի համար խնդիր է նաեւ վարկանիշային քվեարկությունը: Դրա համար էլ՝ ամենաուժեղ մրցակցությունն այս պահին ընթանում է հենց ՀՀԿ-ի ներսում: Փորձագետի դիտարկմամբ՝ այս պահին հստակ է նաեւ, որ ՀԱԿ-ը քարոզարշավի ընթացքում ծրագրի հիմքում է դնելու ԼՂ խնդիրը, որ առաջարկեց Լեւոն Տեր-Պետրոսյանը՝ խաղաղություն հիմա: «Ելք» անվամբ ստեղծված դաշինքն էլ անհասկանալի ուղղություն է եւ, փաստորեն, այն դարձավ պարզապես Տխնիկական դաշինք՝ գնահատեց փորձագետը:

«ԲՀԿ-ն սպասում է Գագիկ Ծառուկյանին, որովհետեւ հասկանալի է՝ ԲՀԿ-ն Ծառուկյանով եւ առանց Ծառուկյանի՝ ուրիշ ԲՀԿ է: Մյուսներն էլ դեռ բանակցում են: Ընդհանուր՝ սա նորմալ երեւույթ չէ, երբ փետրվարի 6-ին պետք է ներկայացնես փաստաթղթերդ, բայց դու դեռ բանակցում ես»:

Քաղտեխնոլոգ, վերլուծաբան Վիգեն Հակոբյանի դիտարկմամբ էլ, օրինակ, ընտրություններից 2 ամիս առաջ քաղաքական ուժերն առայժմ զբաղված են ավելի շատ ընտրություններին մասնակցելու ձեւերով, քան թե՝ բովանդակությամբ: Ըստ նրա, սակայն, այն որոշակի անորոշությունը, որ հիմա առկա է, այնուամենայնիվ, պայմանավորված է մեկ մեծ հարցականով՝ Գագիկ Ծառուկյանը, այնուամենայնիվ, վերադառնալու՞ է  մեծ քաղաքականություն, թե՞ չի վերադառնալու:

«Կարծում եմ, որ շատ հարցեր կան: Շատերի ոտքն էլ «մի փոքր կախ է», քանի որ իրենք չեն կարողանում կողմնորոշվել, թե ինչ են անելու. մեկ տարբերակ՝ եթե Գագիկ Ծառուկյանը մասնակցում է ընտրական գործընթացին եւ երկրորդը՝ եթե չի մասնակցում: Ես կարծում եմ, մոտակա երկու-երեք օրվա ընթացքում այդ հարցը հանգուցալուծում կգտնի»:

Փորձագետի տպավորությամբ՝ Ծառուկյանը չի վերադառնալու: Ըստ նրա՝ իշխանությունը մտահոգված է ոչ միայն իր հաջողությամբ, այլ նաեւ ապագա խորհրդարանի ներկապնակով, քանի որ կայուն մեծամասնություն ձեւավորելու խնդիր պետք է լուծի: Սա հուշում է, որ իշխանությունը պետք է ձգտի առավել խայտաբղետ պատկեր ստանալ՝ ոչ թե մեկ, այլ տարբեր ընդդիմադիր ուժերով: Փորձագետներն անդրադարձան նաեւ նախկին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի շուրջ ձեւավորվող դաշինքին:

Արմեն Բադալյան. «Համարել, որ նա կլինի քաղաքական դաշտի լոկոմոտիվներից մեկը՝ իրականությանը չի համապատասխանում: Այնպես չէ, որ նա, այսպես ասած, լրիվ սրբի կարգավիճակով մտնում է. նա բավականին թերություններով է մտնում եւ չկա այն գործոնը, որից ելնելով ընտրողը նրան ձայն պետք է տա»:

Վիգեն Հակոբյանը համակարծիք է, որ Սեյրան Օհանյանի գործոնը գերագնահատվում է: Նա խոցելի է թե ընդդիմության, թե իշխանության կողմից՝ ասաց: Սակայն, նրա դիտարկմամբ.

«Այնուամենայնիվ, ես համարում եմ, որ եթե Գագիկ Ծառուկյանը չի մասնակցում, Սեյրան Օհանյանի դաշինքի շանսերն էապես ավելանում են»:

Ի տարբերություն փորձագետների, Սեյրան Օհանյանի հնարավորությունների վերաբերյալ բոլորովին այլ կարծի այսօր հայտնեցին Արցախյան պատերազմի վետերան Արթուր Ալեքսանյանը եւ քաղաքական գործիչ Ազատ Արշակյանը: Նրանք քաղաքացիական նախաձեռնություն են հիմնել՝ նոր Սահմանադրությունը բարեփոխելու եւ ԱԺ վերին պալատ հիմնելու նպատակադրմամբ: Մինչ այդ՝ առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու են հենց Սեյրան Օհանյանի շուրջ ստեղծվելիք դաշինքին սատարելով: Արթուր Ալեքսանյան.

«Ինչ ֆորմատով էլ ինքը գնա, մենք աջակցելու ենք: Պիտի հիմա փորձառու մարդիկ մեջտեղ բերենք, մեջտեղ գան, որ կարողանանք առաջ գնալ»:

Ցուցադրել ավելի
Back to top button