ԿարևորՔաղաքական

Գողանալը, բանակի հաշվին ապօրինի հարստանալը պետք է դառնա անհնար. Վիգեն Սարգսյան

Գողանալը, բանակի հաշվին ապօրինի հարստանալը պետք է դառնա անհնար: Այս մասին Հանրային հեռուստաընկերության «Օրակարգից դուրս» հաղորդման ժամանակ ասել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը` նշելով, որ դրա համար անհրաժեշտ է ներդնել համապատասխան ընթացակարգեր: «Հանրապետության նախագահի վերահսկողական ծառայության  կողմից բացահայտված չարաշահումներից հետո  հետեւություններ են արվել, բանակին մատակարարումներ անող ընկերությունների հետ աշխատանքը դարձել է ավելի բաց ու թափանցիկ: Մենք շահագրգիռ ենք, որ բոլոր ապրանքատեսակները հնարավորինս ցածր գնով ստանանք, բայց բարձր որակով: Մենք  շարունակելու ենք այդ  քայլերը: Կարծում եմ՝ այն գործարարները, որոնք բանակի հետ աշխատում են, արդեն զգացել են այդ քաղաքականության ազդեցությունը: Այս ամիսների ընթացքում կտրուկ նվազել է բանակին թերի մատակարարումների ծավալը, որը, ցավոք սրտի, բավականին մեծ էր: Գնային առումով զգալիորեն բարձրացել է նոր կնքված պայմանագրերի արդյունավետությունը»,- նշել է նախարարը:

Վիգեն Սարգսյանի խոսքով` սրան զուգահեռ շարունակվում են խախտումներ կատարած գործարարներին ու չինովնիկներին պատասխանատվության ենթարկելու գործողությունները. «Բացահայտվելու եւ պատժվելու են բոլոր նրանք, ովքեր ապօրինի գործունեությամբ վնաս են հասցրել Հայաստանի Հանրապետության զինված ուժերին: Միեւնույն ժամանակ պետք է ընթացակարգերի վրա աշխատենք, որովհետեւ քաղաքական առումով ձեռնտու է գտնել կոնկրետ դեպք եւ պատժել, իսկ արդյունավետության առումով շատ ավելի կարեւոր է ձեւակերպել ընթացակարգ, որի միջոցով գողանալը, բանակի հաշվին ապօրինի հարստանալը պետք է դառնա անհնար»:

Ցուցադրել ավելի
Back to top button