Տնտեսական

Գյուղատնտեսություն եւ զբոսաշրջություն. Վայոց ձորի ներդրումային ծրագրերի հիմնական ոլորտները


Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ մարզպետների խորհրդակցությունների շարքը շարունակվում է: Մարզպետներին առաջարկվել է մշակել եւ կառավարությանը ներկայացնել ներդրումային ծրագրեր, որոնք կառողջացնեն մարզի սոցիալ-տնտեսական վիճակը: Մի քանի օր առաջ վարչապետին առաջարկներ ներկայացվեցին Վայոց ձորից: «Ռադիոլուրն» այսօր փորձել է պարզել՝ արդյո՞ք «Ջերմուկով» կպահենք պետությունը, թե՞ ընտրելու ենք զարգացման այլ ճանապարհ:

 

 

 

Ժամանակին կար համոզմունք եւ հավատ, թե միայն «Ջերմուկով» կարելի է Հայաստանը պահել:  «Ջերմուկի» գաղափարը սակայն այս անգամ էլ զարգացում չի ունենա, թեեւ մարզը հարուստ է հանքային ջրերով: Վայոց ձորից վարչապետին ներկայացված ներդրումային ծրագրերում այս տարբերակը ներառված չէ: Բիզնես ծրագրերը հիմնականում վերաբերում են օրգանական գյուղմթերքի վերամշակմանը, կաթնամթերքի արտադրության զարգացմանը, ջերմոցային տնտեսությունների ընդլայնմանը եւ զբոսաշրջային հնարավորությունների կազմակերպմանը:

«Ռադիոլուրի» հետ զրույցում Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը նշեց, որ տնտեսության ոչ ավանդական նոր ուղղությունների զարգացում չեն նախատեսում, ակնկալում են ընդլայնել արդեն եղած բիզնեսները եւ որպես օրինակ բերում է մի քանիսը:

«Կոնկրետ «Գոլդեն Գոլդ» ՍՊԸ-ն արտադրում է այծի 7 եւ կովի կաթից 1 տեսակի պանիր: 200 տոննա, որից 160 տոննան արտահանում է Ռուսաստան: Այսօրվա պայմաններում անսահմանափակ այծի պանրի պահանջարկ ունի: Արեւային ջերմոցների երկու ծրգաիր ունենք: Տարբերվում են ապակյա ջերմոցներից: Ինքը հետաքրքիր ջերմություն է պահում: Մեր մարզում արեւը շատ է լինում: Հաշվարկված է՝ 200 օրը արեւային է»:

Վայոց ձորի այսօրվա հիմնական տնտեսական ցուցանիշները հետեւյալն են՝ հիմնական ուղղությունը գյուղատնտեսությունն է, որտեղից միջին հաշվով տարեկան արտադրվում է 20-22 միլիարդ դրամի համախառն արտադրանք: Գյուղատնտեսության համար պիտանի հողերը կազմում են 190 314 հեկտար, որից վարելահող՝ 15 943: Վերջին շրջանում Վայոց ձորի բնակիչները որոշակի շարժ մարզում նկատում են, թեեւ դժգոհությունների պատճառներ դեռեւս ունեն:

Սոցիալ-տնտեսական տեսանկյունից Վայոց ձորի մարզը չի տարբերվում հանրապետության մյուս բնակավայրերից: Արտագնա աշխատանքի մեկնողները շատ են, մնացողների վիճակի մասին էլ վկայում են թեկուզ սնունդի խանութներում արդեն ավանդական դարձած «պարտքի տետր»- երը: Խանութներից մեկի աշխատողն անկեղծանում է՝ առձեռն վճարումով գնումներ կատարում են հիմնականում մարզի հյուրերը:

Մարզպետն ինքն ընդունում է՝ աշխատատեղերի խնդիրը սուր է մարզում: Արդեն հաշվարկներ ունի, թե վարչապետին ներկայացված ծրագրերի իրակամնացման դեպքում քանի նոր աշխատատեղ կարող են ապահովել:

«Պահածոների գործարանը, եթե ունի 100 աշխատող սեզոնին, ծրագրի ներկայացուցմից հետո հաշվարկել է 460 աշխատատեղ: Եթե պանրի արտադրությունն ունի 12 աշխատող, ծրագիրն իրականացնելուց հետո կունենա 43 աշխատող»:

Անկախ վարչապետին ներկայացված ներդրումային ծրագրերից՝ ակնկալիք ունեն նաեւ Իրանից: Դեռեւս 2011-ից Վայոց ձորը բարեկամության համաձայնագիր է կնքել Իրանի նահանգներից մեկի հետ: Այժմ իրանցիներին այստեղ հետաքրքրում է ոչխարաբուծությունը:

Բայց ամենահեռանկարայինը Վայոց ձորում համարում են զբոսաշրջությունը, չէ՞ որ հենց այստեղ է հայտնաբերվել աշխարհի ամենահին կոշիկը:

Հանգստի քոթեջներ, ձիաբուծություն եւ ձիարշավարան՝ տուրիզմի ուղղությամբ այս առաջարկն է արվել վարչապետին: Ծրագրերի որ մասը հավանության կարժանանա՝ դեռ հայտնի չէ: Ստեղծված հանձնաժողովները դեռ այցելելու են մարզեր՝ լրացուցիչ ուսումնասիրություններ անելու: Դրանից հետո միայն կորոշվի, թե որ ծրագրերը նվազագույնը 30 տոկոսի չափով ֆինանսավորում կստանան պետությունից:

Ցուցադրել ավելի
Back to top button