Մշակույթ

«Ты-супер»-ի հայ մասնակիցները կմեկնեն Մոսկվա


Ռուսական НТВ հեռուստալիքը սկսում է նոր երաժշտական նախագիծ՝ «Ты-супер»` ԱՊՀ եւ Բալթյան երկրների մանկատան սաների համար: Հայաստանը կներկայացնի լսումների փուլը հաղթահարած երկու մասնակից՝ Անգելինա Պապիկյանը եւ Սաբինա Մանվելյանը: Ի՞նչ մրցույթի են մասնակցելու, ինչպիսի՞ տրամադրվածությամբ են առաջին անգամ օդանավ նստելու հայ կատարողները եւ ի՞նչ է սպասվելու նրանց Մոսկվայում՝ «Ռադիոլուր»-ի անդրադարձը:


«Դուք սուպեր տղաներ եւ աղջիկներ շուտով ամենավառ հիշողություներով շրջագայություն է ձեզ սպասվելու: Ես եւ հազարավոր հեռուստադիտողներ անհամբեր սպասում ենք ձեզ հետ հանդիպման»:

НТВ հեռուստաալիքի հաղորդավար Վլադիմիր Տակմենյովն անհամբեր սպասում է ռուսական НТВ հեռուստաալիքով փետրվարի 18-ից մեկնարկող «Ты- супер» նախագծի մասնակիցներին: Շնորհավորանք, անհանգստություն, սպասում. ռուս հաղորդավարի խոսքը լսելուց հետո 15- ամյա Անգելինա Պապիկյանը, ով սովորում ու ապրում է Գյումրիի Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի ու պաշտպանության գիշերօթիկ հաստատությունում, սկսեց խորհրդավոր ժպտալ: Առաջին անգամ է, որ մասնակցելու է նման նախագծի, որի ձեւաչափն անգամ դեռ անհայտ է մասնակիցներին ու հեռուստադիտողներին։

«Անակնկալ է»՝ ասում են հայկական կողմի պատասխանատուները: Բայց որոշ փակագծեր բացելով, այն նման է հայկական եթերով հեռարձակվող երաժշտական մրցույթներին՝ ժյուրիի գնահատական, մրցութային փուլեր, հեռուստադիտողի կարծիք եւ վերջում՝ հաղթող: Ըստ դպրոցի տնօրեն Անահիտ Կարապետյանի, Անգելինան բնավորությամբ համեստ է, զուսպ, ու շատ խելացի, ինչպես նաեւ հրաշալի երաժշտական ունակություններ ունի: Անգելինան «Դլե Յաման»- ի կատարումով գերել ռուսական ժյուրիին եւ ապահովել իր տեղը մասնակիցների շարքում:

«Պարտավորեցնող եմ համարում  մասնակցությունը եւ վստահեցնում, որ առաջին անգամ մասնակցելով նման նախագծի կփորձեմ ներկայացնել Հայաստանը»:

Ըստ նախագծի՝ յուրաքանչյուր երկիր պետք է ներկայանա երկու մասնակցով, համաձայն որի՝ ՀՀ-ն կներկայացնի մեր երկրորդ կատարող, Անգելինայի հասակակից Սաբինա Մանվելյանը՝ Վանաձորի մանկատնից: Սաբինան, ով կենսուրուխ էր ու անկաշկանդ, առաջին իսկ հանդիպումը ԶԼՄ- ների հետ անցկացրեց անմիջական շփմամբ: «Անհամբեր սպասում եմ, թե երբ եմ մեկնելու»,- ասում է Սաբինան:

Պատանի կատարողները Մոսկվա կմեկնեն առաջիկա օրերի ընթացքում, իրենց կյանքում սկսելով նոր անմոռանալի շրջան՝ օդանավ, նոր երկիր, ուսուցիչներ, ընկերներ, հանդիսատես:

Ցուցադրել ավելի
Back to top button