Հասարակություն

Փայլանին պատժեցին «ցեղասպանություն» գնահատականի համար

Թուրքիայի քրդամետ Ժողովրդա-դեմոկրատական կուսակցության պատգամավոր Գարո Փայլանը մեջլիսում սահմանադրական փոփոխությունների քննարկման ժամանակ բարձրացրել է Հայոց ցեղասպանության հարցը: «Ժամանակին մենք 40 տոկոսն էինք բնակչության, այսօր 1000-ի մեջ մեկն ենք: Մեր գլխին մի բան եկել է, և ես դրան ցեղասպանություն եմ ասում, ինչ էլ որ դուք այն անվանեք: Հայ ժողովուրդը շատ լավ գիտի, թե իր գլխին ինչ է եկել։ Հայրիկիս, պապիս գլխին  ինչ է եկել, շատ լավ գիտեմ: Եկեք դուք այն անվանեք, միասին առերեսվենք»: Իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության պատգամավորներին զայրացրել է Փայլանի հայտարարությունը: Մեջլիսի փոխխոսնակ Ահմեթ Այդանը պահանջել է Փայլանից՝ փոխել որակումները՝ ասելով, որ այդ ժամանակաշրջանում եղել են «փոխադարձ ցավալի իրադարձություններ, որոնք, սակայն, չեն կարող ցեղասպանություն կոչվել»: Ընդդիմադիր քեմալական Հանրապետական ժողովրդական և «Ազգայնական շարժում» կուսակցությունների պատգամավորները եւս դատապարտել են Փայլանի խոսքերը: «Արմենպրեսը», վկայակոչելով «Անադոլու» գործակալությանը, հայտնում է, որ այս հայտարարության համար Փայլանը պատժվել` հեռացվելով երեք նիստից:

Ցուցադրել ավելի
Back to top button