Մրոն նախատեսում է արտաշատցիների հետ ազգագրական համույթ ստեղծել


Հայ ազգային երգ- երաժշտության մատուցման որակի, դաշտում առկա մի շարք խնդիրների մասին «Ռադիոլուրը» զրուցել է <<Գութան>> ազգագրական երգի-պարի փառատոնի պատասխանատու, ժողովրդական երգիչ Արսեն Գրիգորյանի՝ Մրոյի հետ: Վերջինի համոզմամբ` դաշտն այսօր մաքրման կարիք ունի, իսկ պետության միջամտությունն այս ոլորտում անխուսափելի է:
Խոյից ու Սալմաստից գաղթած արտաշատցիներն ազգագրական համույթ չունեն: Արսեն Գրիգորյանի՝ Մրոյի առաջիկա նախաձեռնություններից մեկը կլինի այդ անսամբլի ստեղծումը, որը արտաշատցիներին կկապի իրենց արմատներին: Նման ծրագրեր կիրականացվեն հայկական բոլոր այն բնակավայրերում, որտեղ ազգագրական համույթներ չեն գործում: Արվեստագետն այս հարցը քննարկել է մշակույթի նախարարի հետ ու աջակցության համաձայնություն ստացել:Արսեն Գրիգորյանի մյուս կարևոր ցանկությունն է՝ պետական հովանու ներքո ստեղծել ողջ հայկական լեռնաշխարհի ազգային երգը ներկայացնող երաժշտական թվային շտեմարան: Ծրագրում կընդգրկվեն ազգագրական լավագույն համույթները: Բարձր որակի պահպանումն այս հարցում խիստ սկզբունքային է: Պրոֆեսիոնալիզմի բացակայությունն այս ոլորտում արվեստագետն այսօր էլ ցավոտ է համարում: <<Բայց դրական միտումներ կան>>,- ասում է։
<<Մենք ունենք հրաշալի մասնագետներ՝ Արուսյակ Սահակյան, Ալինա Փահլևանյան։ Նրանց հետ պետք է հաշվի նստել, խորհրդակցել>>,- ասում է Արսեն Գրիգորյանը: Կարևորում է սիրո և փոխադարձ հարգանքի այն մթնոլորտը, որում, ըստ նրա, պետք է աշխատեն ազգային արվեստը ներկայացնող խմբերն ու անհատները: Վստահեցնում է՝ <<Գութանում>> դա հաջողվում է իրականացնել>>:
Տեխնիկական մասով. <<Որակյալ ձայնագրությամբ ազգային երգ-երաժշտությունն այսօր հայկական հեռուստաեթերում խիստ սահմանափակ է : Որակյալ ազգային արվեստի մատուցումը եթերում ընդհանրապես լուրջ խնդիր է>>։ Արսեն Գրիգորյանն այս հարցում ևս պետական միջամտության անհրաժեշտություն է տեսնում։
<<Ցանկության, նվիրվածության ու հետևողականության դեպքում միշտ էլ հնարավոր է լուծում գտնել, ձախողվելու դեպքում պետք է նորից փորձել>>. Արսեն Գրիգորյանի համոզմամբ << չէ>> բառ իրականում չկա, եթե նպատակներդ ազնիվ են: