Վերլուծական

Ինչ լուծումներ սպասել ԼՂ կարգավորման գործընթացից. քաղաքագետների դիտարկումները

2016-ը մեզ հիշեցրեց, որ ԼՂ խնդիրը կարգավորված չէ: Այսօր հարցի շուրջ քննարկումներ են ծավալել քաղաքագետները: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նրանք նշել են, որ 2017-ից սպասելիքներ չունեն: Քաղաքագետ Ստեփան Սաֆարյանի գնահատմամբ, օրինակ, ապրիլյան պատերազմից մենք դասեր չքաղեցինք, և այն չունեցավ իր քաղաքական հետևանքները: Եթե Հայաստանը չունի լուծում, և լուծումը բանակցային գործընթացը փակուղի տանելն է, այդ դեպքում պետք է լուծումը լինի նրա հզորացումը, բարգավաճումը, որ դա լինի Ադրբեջանի համար զսպող գործոն՝ ասել է փորձագետը:

 

Քաղաքագետ Աղասի Ենոքյանի տպավորությամբ՝ կարծես կա կոնսենսուս այն հարցի հետ կապված, որ մենք գնում ենք ԼՂ խնդիրը չլուծելու ճանապարհով: Նա կարծում է, որ քաղաքական ուժերը ԼՂ խնդրի կարգավորման լուծումների վերաբերյալ տարբերակներ չեն քննարկելու նաեւ խորհրդարանական ընտրությունների շրջանում:

2017-ի ընթացքում սպասելիքների մասին խոսելով էլ քաղաքագետը հետեւյալ դիտարկումն արեց. «Շատերն են նշում, որ պատերազմ կլինի: Դա, կարծում եմ, պարզ է, որովհետեւ կողմերը չեն հասել իրենց ուզածին, այնուամենայնիվ, Ղարաբաղյան խնդրի լուծումը չի տրվել, եւ որքան ձգձգվի ժամանակը, այնքան Ադրբեջանի պատերազմելու հնարավորությունները պակասելու են»:

Նավթային բոլոր գործոնների պատճառով նաեւ Ադրբեջանի փողն է պակասում՝ նկատեց քաղաքագետը: Աղասի Ենոքյանը զարմանք հայտնեց, որ անգամ ամենաբարձր պաշտոնյաներն են խոսում պատերազմի հնարավորության մասին՝ չանդրադառնալով հարցին, թե ի՞նչ են արել, որ պատերազմ չլինի: Քաղաքագետ Երվանդ Բոզոյանի դիտարկմամբ՝ լավ չէ, երբ Ղարաբաղյան խնդիրը լուրջ մակարդակի քննարկման չի դրվում փորձագիտական եւ քաղաքական դաշտում: «Պետք է ընդհանրապես հասկանանք՝ որքանով է խնդրի լուծումը կախված մեզանից: Մեզանից կախված է այնքանով, որ եթե մենք բավարարենք Ադրբեջանի պահանջը, որ ԼՂ ստատուսը մնա 88 թ.-ին, ես կարծում եմ, որ մենք մի օրվա մեջ խնդիրը կլուծենք, բայց մենք ուզու՞մ ենք, որ այդ խնդիրն այդպիսի պահանջով բավարարենք: Այդ հարցն է, որ պատասխան պիտի տա մեր հասարակությունը»:

Երվանդ Բոզոյանը կարծում է, թե այդ խնդիրները լրջորեն չեն քննարկվել ու չեն քննարկվում Հայաստանում, իսկ եղած քննարկումներն էլ, Բոզոյանի բնորոշմամբ,  մակերեսային դաշտում են: Նրա ձեւակերպմամբ՝ դրա համար էլ ամեն ինչը մեզանում անսպասելի պրոցեսով է ընթանում: Միաժամանակ, քաղաքագետը կարծիք հայտնեց, թե Ադրբեջանում խնդիրներն ավելի լուրջ են դրված. նրանք պատրաստվում են լայնամասշտաբ պատերազմի եւ հետեւողականորեն են պատրաստվում՝ ասաց քաղաքագետը:

Եթե անգամ կան խնդիրներ, ապա քայլերը պետք է հաշվարկել առաջ գնալով, ոչ թե հետ՝ իր խոսքում շեշտեց վերլուծաբան Սերգեյ Շաքարյանցը: Նա կարծում է, որ պետք է դուրս գալ «Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն» տրամաբանության շրջանակներից եւ հասկանալ, քանի դեռ որպես առանձին պետական միավոր կա Ադրբեջան, ուրեմն խնդիրներ լինելու են: Ինչ վերաբերում է լայնածավալ պատերազմի հավանականությանը. վերլուծաբան Սերգեյ Շաքարյանցը նման զարգացման չի սպասում։ «Պատերազմական լայնածավալ գործողություններ չեն լինի մինչեւ այն ժամանակ, քանի դեռ այսօր տեղի ունեցող Ռուսաստան-Իրան տանդեմի եւ թուրքերի միջեւ, այսպես ասած, սիրավեպը չի ավարտվի: Երբ որ դա ավարտվի՝ նոր կարող ենք սպասել պատերազմական գործողությունների վերսկսում»:

Վերլուծաբան Ստեփան Սաֆարյանի գնահատմամբ՝ ամեն դեպքում ռիսկերը պահպանվում են: Նա ոչ պակաս ռիսկային է համարում այն, երբ հին մոտեցումներին վերադառնալու դիսկուրսներ են լինում, այնինչ, քաղաքագետի գնահատմամբ, ցավալի է այն, որ ապրիլյան պատերազմից հետո քաղաքական մոտեցումների վերանայումներ չեղան՝ հակառակ արված հայտարարությունների չկոշտացվեցին մոտեցումները։ «Ցավալի է արձանագրելը, բայց հայկական քաղաքական դասը բացարձակապես անպատրաստ է, ե՛ւ անկարող է, ե՛ւ նաեւ ազատ չէ արտաքին ազդեցություններից եւ թելադրանքներից, հաղթահարելու խնդիրները»:

Մի խնդիր, այնուամենայնիվ պետք է կարողանալ լուծել եւ դա Ադրբեջանին զսպելու քաղաքականությունն է: Ստեփան Սաֆարյանի համոզմամբ՝ մի բան հստակ է, դա հին մոտեցումներին վերադառնալով հնարավոր չէ անել, երբ դիմացինը պարզապես հավատում է իր մկաններին եւ առաջնորդվում այլ տրամաբանությամբ:

Ցուցադրել ավելի
Back to top button