ԿարևորՀասարակություն

Եղանակը ղեկավարում է դասապրոցեսը

Դպրոցներում բավարար ջերմաստիճանային պայմանները ԿԳՆ ուշադրության կենտրոնում են: ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը հեռախոսազրույցներ է ունեցել հանրապետության բոլոր մարզպետների, ինչպես նաև Երևանի քաղաքապետի հետ և հաշվի առնելով եղանակային ոչ բարենպաստ պայմանները՝ առաջարկել այն ուսհաստատություններում, հատկապես գյուղական համայնքների, որտեղ դասասենյակներում ապահովված չէ համապատասխան ջերմաստիճան, ըստ անհրաժեշտության դասերն սկսել առավոտյան ժամը 10.00-ից` 30 րոպե տևողությամբ դասաժամերով: «Ռադիոլուրն» էլ իր հերթին է զրուցել մարզպետարանների ներկայացուցիչների հետ և պարզել, որ խնդիրը հատկապես առկա է Արմավիրի և Արարատի մարզերում: Մարզպետարաններից նաև հայտնել են, որ առաջիկա օրերին խնդիրը կլուծվի և շուտով դասերը կշարունակվեն ըստ նախնական դասացուցակի:

 

ՀՀ հանրակրթական դպրոցների 3-12-րդ դասարաններում ուսումնական գործընթացը վերսկսվել է հունվարի 9-ից: Հաշվի առնելով եղանակային ոչ բարենպաստ պայմանները՝ ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը հեռախոսազրույցներ է ունեցել հանրապետության բոլոր մարզպետների, ինչպես նաև Երևանի քաղաքապետի հետ՝ ճշտելով  բնականոն ուսումնական գործընթաց կազմակերպելու նպատակով դպրոցներում բավարար ջերմաստիճան ապահովելու պայմանները:

Միաժամանակ, շրջաբերական է ուղարկվել բոլոր մարզպետներին և Երևանի քաղաքապետին`առաջարկելով այն ուսհաստատություններում, հատկապես գյուղական համայնքների, որտեղ դասասենյակներում ապահովված չէ համապատասխան ջերմաստիճան, ըստ անհրաժեշտության դասերը սկսել առավոտյան ժամը 10.00-ից` 30 րոպե տևողությամբ դասաժամերով: Այս որոշումը «Ռադիլուրի» հետ զրույցում ևս մեկ անգամ հաստատեց ԿԳՆ նախադպրոցական և միջնակարգ կրթության քաղաքականության մշակման և վերլուծության բաժնի պետ Սյուզաննա Մակյանը:

«Ռադիոլուրը» կապ հաստատեց նաև մարզպետարանների հետ: Արմավիրի  մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Գայանե Սայադյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ մարզի 84 դպրոցներն աշխատում են նորմալ ջերմային պայմաններում: Խնդիրներ ունեն  միայն հեղուկ վառելիքով ջեռուցվող դպրոցները:

Արարատի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության կրթության բաժնի պետ Ալբերտ Մկրտչյանն էլ «Ռադիոլուրի» հետ զրույցում հայտնեց, որ Ամանորից հետո շուրջ մեկ շաբաթ դպրոցներն ամբողջությամբ չեն ջեռուցվել, ուստի բնական է, որ առաջին մի քանի օրը նկատվել է ջերմաստիճանի ցածր ռեժիմ:

Հիշեցնենք, որ խնդիրը գտնվում է ՀՀ կրթության և գիտության նախարարության մշտական ուշադրության կենտրոնում: Մարզերից և Երևան քաղաքից ամենօրյա պարբերականությամբ նախարարություն է ներկայացվում համապատասխան տեղեկատվություն: Նախարարությունից խոստանում են անհրաժեշտության դեպքում ձեռնարկել լրացուցիչ քայլեր:

 

Ցուցադրել ավելի
Back to top button